18 մարտ, 2016 16:56

Այգեպա´ն, ի՞նչ ես անում…

839887Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Լևոն Նադարյանը որոշեց ծաղկած ծիրանենիները փրկել տերտերի աղոթքով, ու նրա որոշումը «Արմենպրեսը» փոխանցեց այնպիսի կարևորությամբ, ասես հայրենի գյուղատնտեսությունը Նոբելյան մրցանակի ձգող գյուտ է արել, ու ծիրանենին էլ չի մրսելու, ծիրանն էլ ինքն իրեն հուլիսի վերջում ջեմ պիտի դառնա` առանց որևէ ջանքի:

Միջնադարը գողեգող մտավ երկիր, բայց հիմա արդեն շքերթի է դուրս եկել՝ փողային նվագախմբի ուղեկցությամբ:

«Սուրենավան գյուղի այգիները օրհնելուց հետո հոգևոր հայրերը օրհնեցին նաև Արմաշ գյուղի խաղողի և պտղատու այգիները»,- ասում է «Արմենպրեսը»: Մի տեսակ Ծապլվար գյուղից ստացվող նամակներ հիշեցրեց լուրը. «Պետք չկա ըսելու, որ Ծապլվար գյուղը խոր տգիտության մեջ թաղված է, մանավանդ ընկերվարական հարցերու մասին: Տասնըհինգ օր է, որ այստեղ հասած եմ, և հասած օրիս հետևյալ օրն իսկ սկսած եմ պրոփականտի, և տակավին կարող չեմ եղած այդ գյուղացիներու մտքին մեջ մտնել քափիթալիզմի գործած ոճիրները, բանվորական սենտիքաներու հրամայողական անհրաժեշտությունը, պրոլետարիայի պահանջքները ևն: Բայց ես չեմ հուսահատած, ընդհակառակը՝ իրենց այդ անհասկացողությունը ավելի եռանդ կու տա ինծի պրոփականտը առաջ տանելու» (ընկեր Փանջունի):

Պարադոքսը միայն այն է, որ երկրի վերնախավում գտնվող մարդիկ, որոնք, ինչպես հաստատ գիտենք, իրենց կրթական ռեսուրսներով շատ չեն տարբերվում որևէ գյուղացուց, այնուամենայնիվ, իրենց տնտեսության թռիչքը աղոթքով չեն ապահովում, այլ օգտագործում են բոլոր հնարավոր ֆինանսամեքենատրակտորային ռեսուրսները:

Եթե այդպես էր, ուրեմն հանքերից լավ «բերք» ստանալու համար արքեպիսկոպոս պիտի  կանչեին, ու նա խաչը ձեռքին իջներ երկրի ընդերքը, ու աղոթքից հետո ոսկին, մոլիբդենը, պղինձը շատրվանով դուրս թափվեր` ծանր ու մեծ կտորները շպրտելով աջ ու ձախ, որ տերը (հանքի տերը) իր բերքից գոհ լիներ ու սիրեր մերձավորին այնպես, ինչպես ինքն իրեն: Բայց հանքից լավ «բերք» ստանալու համար կարծես հանքի տերը մեծ գումարներ է ծախսում,  լուրջ տեխնիկա է աշխատեցնում, շատ տեխնիկա, աշխատուժ, «Հայաստան» հիմնադրամի ջանքերով լավ ճանապարհներ է սարքում, որ իր արտահանած հանքանյութը ապահով տեղափոխի: Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ նույն հողը ոսկի, մոլիբդեն, պղինձ տալիս աշխատուժ ու լավ տեխնիկա է պահանջում, իսկ ծիրան տալու համար «մանանեխի չափ հավատ» է պետք ընդամենը:

Ինչո՞ւ հանքատեր օլիգարխները, որ հայտնի են ագահության հանդեպ ընդգծված հակումներով, ոչ թե մանանեխի, այլ ասենք բաոբաբ ծառի չափ հավատ չեն ունենում ու հանքերից առատ բերք ստանում. մի՞թե ավելի հեշտ չէ ու նվազ ծախսատար:

Ո՞ւր ենք հասնում: Հավատը ինտիմ ու անձեռնմխելի ոլորտ է, բայց ցրտահարվող ծառերի համար աղոթք առաջարկելն ու գովազդելը «մեր հայ վագոնը» տարավ միջնադար:

Եղանակը ցրտել է, ծիրանենիները ծաղկած են, ցրտահարվելու են, սեփականատեր Նադիրյանը գովազդում է օրհնել այգիները, որ ցուրտը չտանի: Ասում է, որ այգիները չի ծխահարում, չի ոռոգում, իզուր են քաղաքի պահապանների ջանքերը, եթե Աստված չկամենա պահել քաղաքը: 2016  թիվ, Երևան:

Մյասնիկյանի օրոք արդեն ուրիշ բան էին փորձում հայթայթել գյուղատնտեսություն ծաղկեցնելու համար: Գյուղացուն պետք էր օգնել հավատալուն զուգահեռ ցրտահարությունից փրկել ծառերը, ծածկել սպիտակ ծաղիկը վրան հեկտարներով ծիրանենիները, ծխեցնել, ոռոգել: Դա կարող էր անել նույն Հայ առաքելական եկեղեցին, նույն թեմի ծառաները, եթե պետությունն ու եկեղեցին այդքան ներդաշնակ են, ուրեմն մեկը մյուսի բացթողումը կարող են լրացնել:

Ծիրանը էլի կծաղկի, մյուս տարի կծաղկի, եթե մարտին ցուրտ չլինի, ծիրան կտա ամռանը: Բայց մենք անընդհատ չենք ապրելու՝ խելացի ապրենք ու չհիմարանանք մինչև վերջին խազը: Մանանեխի հատիկի չափ հավատը, իհարկե, պարտադիր պայման է, բայց երբ համատեղվում է մանանեխի չափ խելքի հետ:

Եթե տնտեսությունն այդպես զգայուն է աղոթքի հանդեպ` երկրի տնտեսական աճի գաղտնիքն ուրեմն կաթողիկոսի ձեռքում է…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: