18 մարտ, 2016 09:49

2017-ից տուն ենք պահելու, չէ՞

electionsԸնտրական օրենսգրքի ծուղակներից մեկի մասին ընդհանրապես չի խոսվում: Ավելի ճիշտ, այդ ծուղակը նկարագրվում է բոլոր հնարավոր դրսեւորումներով, սակայն իր վերջնարդյունքի մասին խոսք չկա: Սերժ Սարգսյանին անդրադառնալիս երբեք չի կարելի մոռանալ, որ նրա քաղաքական իդեալը բռնապետներն են: Ինքը նրանց կառավարման փորձն է հաշվի առել նոր Սահմանադրությունը եւ նոր ԸՕ-ն նախագծելիս:

Իսկ այդ բռնապետները հո պարզապես ամբողջ աշխարհի վրա թքած ունեցող բռնապետներ չե՞ն: Նրանք աշխարհի հետ իրենց գոյությունը հանդուրժող ռեսուրսներով խոսող մարդիկ են: Եվ իշխանությունից հեռանում են միայն այն ժամանակ, երբ այդ ռեսուրսները վերանում են: Եթե չեն հեռանում, հեռացնում են: Սակայն՝ արտաքին միջամտությամբ: Իհարկե, ժողովրդին օգտագործելով: Արդյունքը, համենայնդեպս, Իրաքն է, Սիրիան, Ուկրաինան: Սերժ Սարգսյանը դեռ ռեսուրսներ ունի: Դրանք, սակայն, նավթը կամ գազը չեն: Այդ մարդու միակ ռեսուրսը Հայաստանն է: Իհարկե, Ղարաբաղով հանդերձ: Ինքը գիտի, որ էդ ռեսուրսը անսպառ է, քանի որ գին չունի, որ քցես: Այլ ունի գին, որն անընդհատ կարող ես բարձրացնել: Ինքը ստեղծել է «չերեզ» իրեն գին ունեցող Հայաստան: Ոչ ոք չի կարող Հայաստանը դարձնել բազարի թեմա առանց իրեն նկատի ունենալու: Ինքը կրակված գներով բազարի միակ «լեգիտիմ» քցողը կամ բարձրացնողն է: Ինքնին Հայաստանը մի ռեսուրս է, որը կարող է գին չունենալ, ասենք, ԱՄՆ-ի համար, բայց հաստատ էն պատճառով, որ ինչ-որ մեկն ավելի բարձր գին է առաջարկել Հայաստանի համար ու Սարգսյանը համաձայնել է: Բարձր գին ասվածը միշտ էդ մարդու «լեգիտիմությունն» է: Հիմա ինքը որոշել է իրեն հանել լեգիտիմության էդ ծուղակից: Այսինքն, իր խնդիրն այլեւս չկա:

Սա մի ճանապարհ է, որով Ադրբեջանն էլ է գնալու: Որովհետեւ լեգիտիմություն չունեցող անձնիշխանությունն ի վերջո շուռ է գալիս քո դեմ: Որովհետեւ ինքդ ես ռեսուրս սպառողը, ոչ թե՝ պետությունը: Ինչ-որ պահից Ասադն ինչ-որ ուժերի այլեւս չի բավարարում: Նույնը Սադամի դեպքում: Սահմանադրությունն անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանը կատարում է հաջորդ քայլը՝ վերացնում է քաղաքական կուսակցություններին: Ինչպե՞ս: Հայտնի է, որ Հայաստանում ՀՀԿ-ից բացի փող ունեցող այլ կուսակցություն չկա: Երբ 2017-ի ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ն դառնում է քաղբյուրո, մնացած քաղաքական ուժերը վերածվում են արհմիության, որը իր համակիրներից դրամական մուտքեր չունի, չունի նաեւ «ներդրումներ»: Սակայն սա հակաքաղաքական այն ամբողջ սպեկտրը չէ, որ կա ԸՕ կոչվող ծուղակում: Մահմեդական մենթալիտետի միջավայրում մեծացած այդ մարդու ամբողջ պլանը քաղաքացուն կամազրկելն է: Երբ ինքն ընտրությունները բարով-խերով ավարտի, հանկարծ բոլորը, ներառյալ խորհրդարան անցած փոքրամասնությունը կհասկանա, որ բացարձակապես ոչինչ ի վիճակի չէ անել: Այսօր դեռ ՀԱԿ կա, որը մթնոլորտ է «պղտորում»: 2017-ի ապրիլից հետո խորհրդարանը կլինի «քաղաքական» «մտքի» զուլալ աղբյուր: Որովհետեւ երբ քաղաքական խոսք ասողը չկա, ուրիշն ինչո՞վ կամ ինչպե՞ս կամ հանուն ինչի՞ պիտի հակադարձի կամ համաձայնի նրա հետ:

Արդյունքում ի՞նչ է տեղի ունենում՝ իրավիճակի հետ բացարձակապես չհաշտվողներն արտագաղթում են կամ սահուն լեզու գտնում քաղբյուրոյի հետ: Նրանք, ովքեր չեն ուզում լեզու գտնել, հեռանում են եւ շարունակում դրսից հոխորտալ ՀՀ իշխանությունների վրա: Այսինքն, դրսում շարունակում են իրենց զգալ ՀՀ շահառու: Սա նորմալ է: Բայց իրենք այլեւս իշխանափոխության ռեսուրս չեն ՀՀ քաղաքացու համար, որը գուցե այլեւս ուրիշ իշխանություն չի պատկերացնելու:

Սակայն Հայաստանն ու Սերժ Սարգսյանի իշխանության նույնացումն ունի վտանգ: Դա բացառապես դրսի դերն է քաղաքական փոփոխություններում: Այսինքն, դուրսը շարունակում է դեր ունենալ արդեն առանց այստեղի ընդդիմության կամ լոյալ ուժերի տեսակետները լսելու: Դուրսը դառնում է ՀՀ իշխանությունների արդեն պաշտոնական հովանավորը: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեմքով իրացնում է իշխանությունը, որի պաշտոնական հովանավորը արտաքին աշխարհն է: Սա Հայաստանի ժողովրդի զրոյացումն է ՀՀ պետական կառավարման, ՀՀ Սահմանադրության իրացման գործում: Ընտրական օրենսգիրքը ընտրական համակարգից պետք է ստանա մի լաբիրինթոս, որտեղ դեռեւս իշխանություն չփոխած, ընտրություններով իր կյանքի վրա որեւէ փոփոխություն չարձանագրած քաղաքացին կխճճվի վերջնականապես եւ այլեւս չի իմանա, թե կեղծիքների մասին խոսող ընդդիմությունը հատկապես որ կետում է ճիշտ: Հիմա դեռ գիտեն, որ ճիշտ է ընտրակեղծիքներում՝ կարուսել, լցոնում, մեռելների քվեարկություն, բռնություն եւ այլն: ԸՕ կոչվող լաբիրինթոսային քվեարկության պարագայում ցանկացած ընտրակեղծիք կորչում է այդ լաբիրինթոսի մեջ: Այսինքն, ՀՀԿ-ի պարտությունը երազող եւ այդ պարտության օգտին քվեարկած քաղաքացին արդեն չի պատկերացնի, թե հատկապես ինչն է կեղծիք: Եվ քանի որ փողոցային պայքարի տրամադրվելու դեպքում մինասյանական լրատվամիջոցները մեկ մարդու պես քաղաքացուն դեմ են տալու մարտի 1-ի ուրվականը, քաղաքացին հանգիստ կնստի տանը եւ կմտածի կոռումպացվածության դրական կողմերի մասին: Տուն ենք պահում, չէ՞:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: