20 մարտ, 2016 11:23

Ամենուր արագաչափեր ու փոսեր

camerasՀայաստանի ճանապարհների վիճակը այսօր հիշեցնում են 90-ական թվականները: Այն ժամանակ պատերազմ էր, Հայաստանը նոր էր անկախացել, տնտեսությունը ծանր վիճակի մեջ էր, ամեն բան արվում էր ռազմաճակատի համար, հետևաբար՝ ճանապարհների վատ ու քարքուքանդ վիճակը բնական էր համարվում:

Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում կտրել եմ մի քանի հազար կիլոմետր ճանապարհ և կարող եմ ասել, որ ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական ճանապարհները խայտառակ վիճակում են: Սովորաբար գարնանը Հայաստանի ճանապարհները ավելի են փոսառատ դառնում տեղացած ձյան հետևանքով: Ժամանակին ձյունը չմաքրելու պատճառով ասֆալտը ավելի շուտ է շարքից դուրս գալիս:

Սիսիան-Գորիս հատվածը, որը Հայաստան-Իրան և Հայաստան-Արցախ մայրուղու մասն է, դարձել է դժվարանցանելի հազարավոր փոսերի պատճառով: Այո, մի զարմացեք, մոտ 30 կիլոմետրանոց այդ հատվածում հազարավոր փոսեր կան: Ավելի տանելի վիճակում է Գորիս-Ստեփանակերտ հատվածը:

Խայտառակ վիճակում է նաև Երևան-Վանաձոր ճանապարհը, ընդ որում՝ այնքան էլ մեծ չէ տարբերությունը, թե որ ուղին ես ընտրում՝ Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձո՞ր, թե՞ Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր: Քարուքանդ վիճակում է հատկապես Դիլիջան-Վանաձոր հատվածը:

Ճանապարհների քարուքանդ վիճակը մի կողմից, այդ ճանապարհներին ավելացող արագաչափերը՝ մյուս կողմից, առաջ են բերում վարորդների արդար զայրույթը: Ժամանակին, երբ լուսահոգի Քըրք Քըրքորյանի տասնյակ միլիոնավոր դոլար ներդրումների շնորհիվ հանրապետական և մարզային նշանակության բազմաթիվ ճանապարհահատվածներ վերանորոգվեցին, Հայաստանում երթևեկելը հաճելի էր ու երազային: Ալպիական բնությունը, սաղարթախիտ անտառները, լեռնային ոլորանները, ճանապարհի հարևանությամբ հոսող արագընթաց գետերը հմայում էին մարդուն:

Հիմա վարորդներն ու ուղևորները սևեռվում են կամ փոսերի կամ արագաչափերի ու տեսախցիկների վրա: Մարտի 18-ին Վանաձորից Երևան վերադարձի ճանապարհին որոշեցի հաշվել արագաչափերը, երբ հաղթահարել էինք քարուքանդ Դիլիջան-Վանաձոր հատվածը և դուրս եկել հանրապետության՝ մեծությամբ երրորդ քաղաքից:

Երկու արագաչափ է դրված Սպիտակ քաղաքում՝ մեկը՝ քաղաք մտնելիս, մյուսը՝ դուրս գալիս: Սպիտակից մինչև Արագածոտնի մարզի առաջին գյուղը՝ Ծիլքար, մոտ 10 կիլոմետր հատվածում արագաչափեր չկան, քանի որ էլեկտրականություն չկա, իսկ առանց էլեկտրականության արագաչափերը չեն կարող աշխատել:

Արագաչափերի իսկական տարափ սկսվում է Ծիլքարից Աշտարակ հատվածում: Մոտ 60 կիլոմետր ճանապարհի վրա տեղադրված է 10 արագաչափ: Առաջին արագաչափը դրված է Ծիլքար գյուղում: Հաջորդ գյուղը Գեղարոտն է, որտեղ նույնպես տեղադրված է: Ծիլքարից Գեղարոտ հեռավորությունը մեկ-երկու կիլոմետր է: Հաջորդ գյուղը քրդաբնակ Ջամշլուն է, որտեղ նույնպես կա արագաչափ: Ջամշլուից դեպի հաջորդ քրդաբնակ գյուղ՝ Ալագյազ, մեկ-երկու կիլոմետր է, այնտեղ էլ կա արագաչափ: Ալագյազին հաջորդում է երրորդ քրդաբնակ գյուղը՝ Ռյա Թազան, որտեղ նույնպես կա արագաչափ: Այսպիսով, ընդամենը 10 կիլոմետր՝ Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհի վրա տեղադրված է հինգ արագաչափ: Ինչո՞ւ:

Շարունակենք ընթացքը: Ռյա Թազային հաջորդում է Ապարան քաղաքը, որտեղ դրված է երկու արագաչափ՝ մեկը՝ քաղաք մտնելիս, մյուսը՝ դուրս գալիս: Ապարանից հետո Քուչակ գյուղն է, որտեղ նույնպես կա արագաչափ: Մինչև Աշտարակ հասնելը արագաչափեր են դրված նաև Արտաշավան, Օհանավան, Կարբի գյուղերում:

Այսպիսով, Սպիտակից մինչև Աշտարակ 70-75 կիլոմետր ճանապարհահատվածում տեղադրված է 13 արագաչափ: Հարց. շատ չէ՞:

Հայաստանում կան ճանապարհահատվածներ, որտեղ արագաչափեր ընդհանրապես չկան կամ հատուկենտ են: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև ճանապարհի այդ հատվածներում չկա էլեկտրականություն, իսկ առանց էլեկտրականության արագաչափերը չեն աշխատում:

Որտեղ չկան արագաչափեր, այնտեղ կարելի է տեսնել ոստիկանական մեքենաներ: Ամենափոքր խախտման իսկ դեպքում նրանք կազմում են արձանագրություն և տուգանում վարորդներին:

Անշուշտ, վարորդները պետք է հարգեն երթևեկության կանոնները: Արագաչափերը և մյուս տեսագրող սարքերը՝ տեսախցիկները, որոնք տեղադրված են կամ տեղադրվում են Հայաստանի ճանապարհներին և Երևանի խաչմերուկներում, պետք է ծառայեն երթևեկության կարգավորմանը և որպես արդյունք՝ ճանապարհային արկածների և դժբախտ պատահաների նվազեցմանը:

Վերջին տարիներին Երևանի խաչմերուկներում և Հայաստանի ճանապարհներին տեղադրվել են շուրջ 200 տեսագրող սարքեր և արագաչափեր: Երթևեկությունը, ակնհայտորեն, բարելավվել է: Սակայն մյուս կողմից, չեն պակասել ո՛չ ճանապարհային արկածները և ո՛չ էլ դրանց հետևանքով մահվան դեպքերը: Ավելին, դրանք ավելացել են:

Հայաստանում արագաչափերն ու տեսախցիկները ներկրում է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, դրանք բնակավայրերում և ավտոմայրուղիներին տեղադրում է ոստիկանությունը: Արձանագրված խախտումներից գանձվող գումարների 70 տոկոսը ստանում «Սեքյուրիթի Դրիմը», 30 տոկոսն անցնում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ: Ընկերությունը 25 տարի սպասարկման պայմանագիր է կնքվել՝ պարտավորվելով 2011-2017 թվականների ընթացքում մոտ 10 միլիոն եվրոյի (մոտ 5,5 միլիարդ դրամ) ներդրումներ կատարել: Խոստացած ներդրումները ընկերությունը 6 տարվա փոխարեն կատարել է երկու տարվա ընթացքում, և նույն ժամանակահատվածում էլ հետ է բերել կատարած ներդրումը՝ ստանալով 13,5 միլիոն եվրոյի եկամուտ:

Նախորդ շաբաթ ես ավտոմեքենայով մեկնել էի Թբիլիսի: Վրաստանի ճանապարհները իրենց որակով ակնհայտորեն գերազանցում են հայկականին: Որոշ հատվածներում ճանապարհները եվրոպական որակի են: Այդ երկրում արագաչափեր ու տեսախցիկներ քիչ չկան, իսկ ճանապարհային ոստիկանությունը հազվադեպ է կանգնեցնում վարորդներին:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: