21 մարտ, 2016 14:28

Արցախում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվել

Nkr-Parliament Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու առաջարկով Բակո Սահակյանին դիմել էին փետրվարի 23-ին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչև 2016թ. մայիսի 1-ը ԼՂՀ նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչև 2016թ. սեպտեմբերի 10-ը, մշակել և ԼՂՀ նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

***

Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել էին նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

Փաստաթուղթը ստորագրել էին «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական, Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները:

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ իրենց կուսակցությունը դիմումին միացել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին հետևելու և մասնագիտական հանձնաժողովում անդամ ունենալու համար, սակայն մայր օրենքը փոխելու անհրաժեշտություն իրենք չեն տեսնում և կարծում են` դրա հետևում թաքնված է իշխանությունն ավելի կայուն և վերարտադրելի դարձնելու նպատակը: