21 մարտ, 2016 11:34

Մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահի պատմական այցը Կուբա

U.S. President Barack Obama waves while standing in front of Cuba's foreign minister Rodriguez in HavanaՄարտի 20-ին մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական այցը Կուբա: Դա Միացյալ Նահանգների գործող նախագահի առաջին պաշտոնական այցն է Հավանա վերջին 88 տարիներին: Վերջին անգամ Կուբա այցելել էր Քելվին Քուլիջը 1928թ.:

Իր երկօրյա այցի ընթացքում Օբաման բանակցություններ կվարի Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ: Նրա ավագ եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպումներ չեն նախատեսվում:

Բանակցությունների օրակարգում են Ազատության կղզում քաղաքական բարեփոխումներին և երկկողմ առևտրին առնչվող հարցեր:

Ինչպես նկատել է BBC-ի հյուսիսամերիկյան թղթակից Ջոն Սոփելը, Օբամայի այցի նշանակությունը դժվար է գերագնահատել. դեռ մեկուկես տարի առաջ բացարձակ անիրագործելի էր թվում անգամ գաղափարը, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է ոտք դնել Կուբա:

Վաշինգտոնում, մինչդեռ, ակնարկել են, որ խնդրահարույց թեմաներից չեն խուսափելու, և Բարաք Օբաման մտադիր է հանդիպել ինչպես Ռաուլ Կաստրոյին, այնպես ել տեղի իրավապաշտպաններին ու այլախոհներին: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթի խոսքով՝ Կուբայի կառավարության դիրքորոշումը ոչ մի կերպ չի անդրադառնա ամերիկյան կողմի որոշման վրա, թե ում հրավիրել հանդիպմանը, իսկ ում՝ ոչ:

Ինչպես նշում է BBC-ն, չնայած երկու երկրների միջև գործնական և դիվանագիտական շփումների հաստատմանը՝ դեռ վաղ է խոսել ԱՄՆ-Կուբա հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին:

Կուբայի նկատմամբ 54 տարի առաջ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական էմբարգոն դեռ ուժի մեջ է, և կարող է չեղարկվել միայն Կոնգրեսում քվեարկության արդյունքում:

2014թ. դեկտեմբերին Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն պայմանավորվել էին երկկողմ հարաբերությունները ապասառեցնելու շուրջ, որոնք փաստացիորեն դադարեցվել էին 1959թ.: Նույն ժամանակահատվածում Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել Կուբայի դեմ առևտրային էմբարգոն և վերականգնել նրա հետ դիվանագիտական հարաբերությունները: Օբաման խոստովանել էր, որ արդեն 50 տարի Կուբայի նկատմամբ շարունակվող զսպման քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ: