Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով. այս մասին Թվիթերում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱԳՆ խոսնակը մեկ այլ գրառմամբ ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով մարտի 20-24-ը Բրյուսել են գործուղվել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հովհաննես Սահակյանը, Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը:
ՀՀ արտգործնախարարությունը համերաշխություն է հայտնել Բելգիայի ժողովրդի հետ:
Ստեղծվել է Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար թեժ գիծ՝ +32.2.3484406:
Մարտի 22-ին Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում որոտացել է երկու հուժկու պայթյուն, որի հետևանքով, Բելգիայի դատախազության տվյալներով, զոհվել է 13, վիրավորվել՝ 35 մարդ:
Ավելի ուշ պայթյուն է որոտացել նաև Բրյուսելի մետրոյի Մաալբեկ կայարանում, որի մոտակայքում գտնվում են Եվրամիության կառույցները: Պայթյունի հետևանքով նախնական տեղեկություններով զոհվել է 10 մարդ:
Բրյուսելում սահմանվել է ահաբեկչական վտանգի բարձրագույն՝ չորրորդ մակարդակ: Քաղաքում փակվում են մետրոյի կայարանները, դպրոցները, ուսումնական հաստատությունները:
«Եվրակոնտրոլ»-ը [Եվրոպական աէրոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալություն] հայտարարել է, որ «Զավենտեմ» օդանավակայանում բոլոր գործողությունները դադարեցվել են մինչև հատուկ կարգադրություն: