23 մարտ, 2016 14:25

Բրյուսելյան հարձակումները խարխլում են Եվրամիության բուն հիմքերը. Stratfor

Stratfor BrusselsԱմերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը հրապարակել է վերլուծություն մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Կենտրոնի փորձագետները վստահ են, որ տեղի ունեցածն անխուսափելիորեն կազդի Եվրամիության ապագայի վրա: Վերլուծությունը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև:

Մարտի 22-ին Բրյուսելի հարձակումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ Եվրամիությունը դեռ ճոճվում էր նոյեմբերին տեղի ունեցած փարիզյան հարձակումներից և ջանում կարգավորել միգրացիոն ճգնաժամը:

Ավելին, դրանք տեղի ունեցան այն ժամանակահատվածում, երբ ազգայնական ուժերը մարտահրավեր են նետում մայրցամաքային դաշինքի առանցքային սկզբունքներին՝ այդ թվում՝ աշխատուժի ազատ տեղաշարժին և Շենգենյան համաձայնագրին, որը վերացրել է սահմանային վերահսկողությունը անդամ պետություններ միջև: Վախի և կասկածի մթնոլորտը, որոնք վստահաբար կհաջորդեն այս ամենին, միայն կխորացնեն այս սոցիալական, քաղաքական և տնտեսական ճգնաժամը:

Բրյուսելյան հարձակումների առաջին արդյունքը կլինի ԵՄ-ի սահմանային վերահսկողության, մասնավորապես, Շենգենյան գոտու շուրջ քննարկման նոր փուլը:

Արևմտյան Եվրոպայի մի քանի կառավարություններ ամենայն հավանականությամբ շուտով կազդարարեն նոր ազգային անվտանգության օրենսդրության մասին:

ԵՄ անդամները նաև կվերսկսեն քննարկումներն այն հարցի շուրջ, թե ինչպես լավագույնս պայքարել ահաբեկչության դեմ արտերկրում՝ անհանգիստ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբիան և Սիրիան:

Եվրոպացիները «Իսլամական պետության» դեմ կոալիցիայում ներդրում ունենալու ավելի մեծ ցանկություն կունենան՝ հանդես գալով ավելի մեծ քանակությամբ զենք օգտագործելու և իրաքցի ու քուրդ զինյալներին ավելի շատ վարժեցնելու օգտին:

Հարձակումները նաև կարող են Եվրոպայում հակաիսլամական տրամադրություններ հրահրել և ուժեղացնել ճնշումը ԵՄ կառավարությունների վրա՝ Թուրքիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմ չսահմանելու հարցում՝ առանցքային պայման, որն առաջ է քաշում Անկարան միգրացիոն հարցերում:

Հակաիսլամական տրամադրությունները կարող են նաև հանգեցնել Մայրցամաքում ազգայնական կուսակցությունների հանդեպ ավելի մեծ աջակցության: Ֆրանսիայի «Ազգային ճակատն» արդեն նշանակալի աջակցություն է ստանում ընտրություններում: Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» հակամիգրացիոն պլատֆորմ ունեցող կուսակցությունը վերջերս տեղական ընտրություններում ռեկորդային արդյունք է գրանցել և ներկայում երկրի երրորդ խոշորագույն կուսակցությունն է:

Ե՛վ Գերմանիան, և՛ Ֆրանսիան 2017թ. համընդհանուր ընտրություններ կանցկացնեն: Երկու դեպքում էլ հիմնական կուսակցությունները կլինեն ազգայնական մրցակիցների ճնշման տակ: Որպես հետևանք՝ նրանք ամենայն հավանականությամբ իրենց նախընտրական պլատֆորմներում ազգայանական կուսակցության որոշ տարրեր կներմուծեն: Նույնը կարելի է ակնկալել Հյուսիսային Եվրոպայի երկրներում, ինչպես օրինակ՝ Նիդեռլանդներում կամ Շվեդիայում, որտեղ նույնպես առկա են հարաբերականորեն ուժեղ ազգայնական շարժումներ: Քաղաքական կուսակցություններն ու խմբերը, որոնք ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու կողմնակից են, կարող են նույնպես օգտագործել վերջին ահաբեկչական հարձակումները Մայրցամաքից ավելի մեծ մեկուսացման գաղափարն արդարացնելու նպատակով:

Եվ վերջապես, բրյուսելյան հարձակումները կհարվածեն եվրոպական տնտեսություններին, թեև հնարավոր է՝ կարժ ժամանակով:

Առաջիկա օրերին Բելգիայում և արևմտաեվրոպական այլ երկրներում մարդիկ կարող են խուսափել զբոսաշրջելուց կամ մարդաշատ վայրերից, ինչպիսիք են սրճարաններն ու առևտրի կենտրոնները՝ վախենալով նոր հարձակումներից:

Դա նաև ժամանակավորապես կկրճատի ներքին սպառման ծավալներն ու կզսպի ներքին զբոսաշրջության ոլորտը: Բազմաթիվ եվրոպացիների համար ահաբեկչության վտանգը այս պահին իրենց առօրյայի մաս է կազմում: Բացի ազգային քաղաքականության ու տնտեսության վրա անդրադառնալուց, հարձակումները երկարաժամկետ ազդեցություն կունենան Եվրոպական Միության բուն հիմքերի ու կառուցվածքի վրա: