23 մարտ, 2016 13:10

Մահացել է անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը

12495130_765392690271390_3641637128938444129_nՄարտի 23-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, տեղեկացնում է մշակույթի նախարարությունը:

Նախարարությունը նշում է, որ Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951թ. հունվարի 29-ին Երևանում:

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը: Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971թ.`  20 տարեկանում, 1972թ. մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին:

1975թ. կայացել է նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում: 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում:

1978թ. մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, որոնք հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում:

Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ: «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար` դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, որն այն ժամանակ «Լա Սկալա»-ի գլխավոր դիրիժորն է եղել: