25 մարտ, 2016 13:08

Երկրորդային անպտղություն. հայաստանյան խնդիր

o-INFERTILITY-facebookԿնոջ համար անպտղությունը կամ վերարտադրողական ֆունկցիայի անբավարարությունը բնորոշվում է հետևյալ ձևերից մեկով՝ հղիանալու անկարողություն, հղիություն կրելու անկարողություն և հղիությունը մինչև կենդանի ծնունդ կրելու անկարողություն: 2010-ին անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանում հարցված կանանց 16,8%-ը ունեցել է անպտղություն, 5,4%-ն ունեցել է առաջնային, 11,4%-ը՝ երկրորդային անպտղություն: 2014-ին անպտղության ցուցանիշը կազմել է 14,9%, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ ճգնաժամային մակարդակին մոտ է:

Երբ կինն անկարող է երեխա կրել՝ չհղիանալու կամ առողջ երեխա ծննդաբերել չկարողանալու պատճառով, դա բնորոշվում է որպես առաջնային անպտղություն: Երբ կինն անկարող է երեխա կրել՝ չհղիանալու կամ առողջ երեխա ծննդաբերել չկարողանալու պատճառով հղիությունից կամ առողջ երեխա լույս աշխարհ բերելուց հետո, ապա նա ունի երկրորդային անպտղություն:

Աշխարհում վերարտադրողական տարիքի զույգերի 15%-ն անպտղություն ունի: Հետազոտողները նշում են, որ 2010-ին երեխա ունենալ ցանկացող 20-44 տարեկան կանանց 1,9%-ն ի վիճակի չի եղել ունենալ իր առաջին երեխային (առաջնային անպտղություն), և 10,5%-ը, որ նախկինում ունեցել է կենդանի ծնունդ, ի վիճակի չի եղել ևս մեկ անգամ երեխա ունենալ (երկրորդային անպտղություն): Հարցումնները ցույց են տվել, որ անպտղության ցուցանիշները նման էին 1990-ին և 2010-ին՝ միայն առաջնային անպտղության ցուցանիշի մի փոքր նվազմամբ (0,1%) և երկրորդային անպտղության համեստ աճով (0,4%):

1998-ին Հայաստանում անպտղության մակարդակը բավական բարձր էր՝ մոտավորապես 32%, ինչն ավելի քան 2 անգամ բարձր էր 1993-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանած ճգնաժամային 15% մակարդակից. այդ դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող հիմնական գործոն և դառնում է համապետական խնդիր:

2010-ին անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանում կանանց 16,8%-ը ունեցել է անպտղություն, 5,4%-ն ունեցել է առաջնային, 11,4%-ը՝ երկրորդային անպտղություն: 2014-ին անպտղության ցուցանիշը կազմել է 14,9%, որը դեռ ճգնաժամային մակարդակին մոտ է:

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ եթե առաջնային անպտղության դեպքում համարյա բոլոր կանայք ժխտել են աբորտ անելը, ապա երկրորդային անպտղությամբ տառապող յուրաքանչյուր երրորդ կին (33.6%) ունեցել է հղիության արհեստական ընդհատում: Այսպիսով, հղիության արհեստական ընդհատման և երկրորդային անպտղության միջև հայտնաբերվել է ուղիղ կոռելիացիոն կապ:

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է նաև աբորտի ազդեցությունը կնոջ վերարտադրողական առողջության վրա: Պարզվել է, որ աբորտի դիմած 33 կնոջից միայն 22-ն է հետագայում ունեցել հղիություն. սա նույնպես  փաստում է, որ հղիության արհեստական ընդհատման և երկրորդային անպտղության միջև առկա է ուղիղ կապ:

Հայաստանի կառավարությունը 2003թ. օգոստոսին հաստատել է Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը: Դրանում նշվել է, որ սեռավարակների ու արհեստական վիժումների բարձր մակարդակով է պայմանավորված անպտղության, հատկապես երկրորդային անպտղության բարձր մակարդակը: Եվ մոր և մանկան առողջության պահանմանն ուղղված ծրագրերի մեջ մինչև 2015-ը, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվել է իրականացնել երկրորդային անպտղության կրճատում 30%-ով: Դրան հասնելու համար անհրաժեշտ է կանանց վերարտադրողական առողջության բարելավում, անցանկալի հղիությունների, սեռավարակների, երկրորդային անպտղության կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված ծրագրերի շարունակական իրագործում և զարգացում:

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վերջերս հայտարարել է, որ մշակվել է և փորձաքննության փուլում է գտնվում 2016-2020թթ. վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի կառավարություն հաստատմանը:

Լիլիթ Աբովյան

Աղբյուրներ

WHO, Global prevalence of infertility, infecundity and childlessness 
WHO bulletin, Mother or nothing: the agony of infertility
National, Regional, and Global Trends in Infertility Prevalence Since 1990: A Systematic Analysis of 277 Health Surveys