25 մարտ, 2016 15:23

Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք լուծվում են. Նալբանդյան

12809723_1317036514989208_8699067012187486531_nՀայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են. մարտի 25-ին այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Ասել, թե Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բարիդրացիական են, նշանակում է շատ քիչ բան ասել։ Այն ամենը, ինչը բնորոշում է մեր ժողովուրդներին, սերտորեն շաղկապված են։ Եվ դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ։ Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված և ժամանակով ստուգված բարեկամություն է։ Այս հարաբերությունները շարունակում են ընդլայնվել ու խորանալ մեր երկու երկրների միջև՝ ունենալով նաև այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը»,- ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ իր վարցի պաշտոնակցի հետ հանդիպմանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: «Մեր երկրների միջև առկա են գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ութ տասնյակից ավելի համաձայնագրեր: Այդ իրավապայմանագրային հարուստ դաշտը, երկուստեք շահագրգռվածությունը և պատրաստակամությունը լավ հիմք են` երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Պայմանավորվեցինք նաև առավել ակտիվացնել երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները»,- ասել է Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է, որ իր վրացի պաշտոնակցի հետ քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:

Նա նշել է, որ շարունակվում է համագործակցությունը Վրաստանի հետ՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով:

Նալբանդյանը Ջանելիձեին նաև տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: «Այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափին՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- ասել է նա:

Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով Հայաստանում է մարտի 24-25-ին: Այսօր նրան կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի արտգործնախարարի հանդիպումը նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: