25 մարտ, 2016 12:54

Մենք շատ ենք ցանկանում, որ ԼՂ հարցը վերջապես օրակարգից դուրս գա. ՌԴ ԱԳՆ

Maria Zakharova NKՄենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ հավասար ցանկանում ենք ԼՂ հիմնախնդրի լուծում: Մենք շատ ենք ցանկանում, որ այդ խնդիրը վերջապես դուրս գա օրակարգից և լուծվի միջազգային իրավունքի, իրավահավասարության ու կողմերի հանդեպ հարգանքի հիման վրա. Մարտի 24-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

Վերջինիս հարց է ուղղվել, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանին նույնպես վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքը, թե «միջնորդներն իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հակամարտության սառեցմանը և գերազանցելով իրենց լիազորությունները՝ միջամտում են միջազգային կազմակերպությունների աշխատանքին»:

Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է. «Մի կողմից՝ Դուք պետք է ճշտեք ադրբեջանական կողմից, թե որ համանախագահի մասին է խոսքը: Մյուս կողմից՝ կարող եմ ասել, որ մենք չենք կարող այդ մեղադրանքը մեզ վերագրել, քանի որ դրսևորվել ենք որպես բանակցային գործընթացում երկար տարիներ կառուցողական մասնակցություն ունեցած կողմ: Մենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ հավասար ցանկանում ենք այս չափազանց բարդ իրավիճակի հանգուցալուծում: Մենք շատ ենք ցանկանում, որ այս խնդիրը վերջապես դուրս գա օրակարգից և լուծվի միջազգային իրավունքի, իրավահավասարության ու կողմերի հանդեպ հարգանքի հիման վրա»:

***

Մարտի 19-ին Նովրուզի կապակցությամբ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը կարևոր հարց է Բաքվի համար, հերթական անգամ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրել է ապակառուցողական դիրքորոշում ունենալու մեջ:

«Ադրբեջանի ժողովուրդն առանց այն էլ շատ չէր հավատում Մինսկի խմբի գործունեությանը: Սակայն այս տարվա հունվարին նրանց գործողությունները վերջնականապես խարխլեցին այդ հավատը,- ասել է Ալիևը՝ նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում առաջադրված երկու հակահայկական բանաձևերը, որոնցից միայն մեկն է ընդունվել՝ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» վերնագրով բանաձևի նախագիծը:

«Ցավոք սրտի, մյուս բանաձևը չի ընդունվել,- շարունակել է Ալիևը: - Ընդամենը չորս ձայն էր անհրաժեշտ: Մեր անցկացրած վերլուծությունը վկայում էր, որ երկու բանաձևերն էլ ազատորեն կանցկացվեն: Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոպիտ միջամտությունը Եվրոպայի Խորհրդի աշխատանքին հանգեցրել է այդ տհաճ իրավիճակին»:

Ալիևը միջնորդներին մեղադրել է ԵԽ ղեկավարության վրա ճնշում գործադրելու մեջ, որպեսզի չընդունվի մյուս՝ Ուոլթերի զեկույցը, որը, միջնորդների պնդմամբ, կարող էր խոչընդոտել խնդրի կարգավորմանը:

Ալիևի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները «իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հակամարտության սառեցմանը. գերազանցելով իրենց լիազորությունները՝ նրանք միջամտում են միջազգային կազմակերպությունների աշխատանքին»: