28 մարտ, 2016 17:38

Ադրբեջանում ևս մեկ քաղբանտարկյալ է ազատ արձակվել

Intigam2 Իրավապաշտպան Ինթիգամ Ալիև

Բաքվի Գերագույն դատարանի այսօր կայացրած որոշմամբ իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել պայմանական  5 տարի ժամկետով ազատազրկումը՝ 7,5 տարվա ազատազրկման փոխարեն։

Ինչպես հաղորդում է meydan.tv-ն, Ադրբեջանի Գերագույն դատարանը վճռել է անհապաղ ազատ արձակել 2014թ. օգոստոսից բանտում գտնվող Ալիևին:

Ինթիգամ Ալիևի պաշտպանությունը հայտարարել է, որ մտադիր է պայքարել նրա արդարացման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2015թ. ապրիլին Ինթիգամ Ալիևը դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման՝ տնտեսական հանցագործությունների մեղադրանքով: 2015թ. հուլիսին Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Ալիևի բողոքը և ուժի մեջ թողել նրա դատավճիռը:

Amnesty İnternational իրավապաշտպան կազմակերպությունը Ալիևին ճանաչել է «խղճի գերի»:

Մարտի 17-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին, որը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ:

Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել 148 անձանց ներում շնորհելու վերաբերյալ, որոնց թվում՝ մի շարք հայտնի քաղբանտարկյալներ՝ իրավապաշտպաններ Անար Մամադլին, Թալեհ Խաշմամադովը և Ռասուլ Ջաֆարովը, ակտիվիստներ Ռաշադ Հասանովը, Ռաշադաթ Ախունդովը, Մամադ Ազիզովը, ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուն և Յադիգյար Սադիգովը, լրագրողներ Փարվիզ Հաշիմովն ու Հիլալ Մամադովը և այլք:

Նավթով հարուստ ավտոկրատիան փորձում է «մաքրել իր անունը» Վաշինգտոնի գագաթաժողովից առաջ. Economist

Մարտի 17-ին Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի հայտարարած ներումը եզակի լավ լուրերից էր երկրի քաղաքացիական հանրության ակտիվիստների համար, գրել է Economist պարբերականը՝ նշելով, որ Բաքվում շահարկվում է հարցը, թե որն էր ներում շնորհելու պատճառը:

«Արդյոք դրանք միջազգային ճնշման արդյո՞ւնք էին,- հարցադրում է արել պարբերականը: - Հնարավոր է՝ նախագահը ցանկանում էր «մաքրել իր անունը» մարտի 31-ին Վաշինգտոն այցից առաջ»:

«Օտարերկրյա աջակիցները հույս ունեն, որ իրենց քարոզչության շնորհիվ է նպատակը կյանքի կոչվել: Սակայն տեղացի դիտորդները դա վերագրում են նավթի ցածր գներին: Նրանք կարծում են, որ Ալիևի փողերը վերջացել են «խավիարային դիվանագիտություն» իրականացնելու և օտարեկրյա քննադատների բերանը փակելու համար. նրան անհրաժեշտ էր փոխարինիչ գտնել»,- շարունակել է Economist-ը: