28 մարտ, 2016 15:22

Օբաման հրաժարվել է Վաշինգտոնում Էրդողանի հետ անձնական հանդիպումից. WSJ

Սպիտակ տուն, 2013թ. մայիս Սպիտակ տուն, 2013թ. մայիս

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում անցկացվելու է միջուկային անվտանգության հարցերով չորրոդ գագաթաժողովը, որը կայանալու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն պատվիրակություններ 51 երկրից: Լրատվամիջոցները գրում են, որ Օբաման ունենալու է ընդամենը մեկ անձնական հանդիպում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Գագաթաժողովի նախաշեմին Wall Street Journal պարբերականում լույս է տեսել հոդված՝ «Թուրքիայի նախագահն ամերիկյան այցի ընթացքում կարժանանա սառը ընդունելության» վերնագրով: Պարբերականը նշում է, որ Օբաման մերժել է Էրդողանի հետ դեմ առ դեմ հանդիպման գաղափարը: Հոդվածը որոշ կրճատումներով, թարգմանաբար նեկայացված է ստորև:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպումից. վերջինս առաջիկա օրերին այցելելու է Վաշինգտոն՝ միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով, գրում է Wall Street Journal պարբերականը:

ԱՄՆ նախագահի վարչակազմում պարբերականի աղբյուրների համաձայն՝ Օբաման մերժել է Մերիլենդում Թուրքիայի կառուցած մզկիթի բացմանը Էրդողանի հետ միասին մասնակցելու խնդրանքը:

Ավելին՝ ԱՄՆ-ի նախագահը չունի թուրք պաշտոնակցի հետ դեմ առ դեմ հանդիպման մտադրություն, որը կարևոր դաշնակից է «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Ընդ որում, ինչպես նշում է թերթը, Սպիտակ տունը շեշտում է, որ հանդիպումից Օբամայի հրաժարումը պետք չէ ընկալել որպես անհարգալից վերաբերմունք, քանի որ նախագահները հանդիպել են նոյեմբերին Մեծ քսանյակի գագաթաժողովին և հեռախոսազրույց են ունեցել փետրվարին:

«Նման պարբերական շփումներ նախագահն ունենում է ընդամենը մի քանի առաջնորդների հետ»,- իր աղբյուրին վկայակոչում է Wall Street Journal-ը ու գրում, որ Օբամայի որոշումն արտացոլում է մտահոգությունը Թուրքիայում այլախոհների ճնշման և քուրդ մարտիկների նկատմամբ Անկարայի ունեցած դիրքորոշման հարցում:

«Նա ուներ աստղային անձնական հարաբերություններ ԱՄՆ-ի նախագահի հետ, և տեսեք՝ որտեղ են դրանք այսօր»,- պարբերականի հետ զրույցում ասել է Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի՝ թուրքական հետազոտությունների ծրագրի տնօրեն Սոներ Քագափթեյը:

«Սպիտակ տունը չի ցանկանում ցույց տալ Էրդողանին, որ իրեն ողջունում են,- իր կարծիքն է հայտնել «Ամերիկյան առաջընթացի կենտրոն» ուղեղային կենտրոնի վերլուծաբան Մաքս Հոֆմանը:- Թերթերի ու հեռուստաալիքների փակումը շարունակվում է [Թուրքիայում], և Վաշինգտոնում ընդհանուր կարծիք կա, որ Էրդողանը աղճատում է Թուրքիայի ժողովրդավարությունը հանուն իր անձնական շահերի»: