29 մարտ, 2016 09:13

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ

16497_bՄարտի 28-ին մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971թ.: Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր կառույցներից է` ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի և միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու: Սարգսյանը գրադարան-թանգարանի հավաքածուն համալրել է Ժանսեմի ստեղծագործություններից մեկով, որը նվեր է հանձնել հաստատությանը:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ հեղափոխական դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ: Բոստոնի «Հայրենիք»-ը ԱՄՆ արևելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է: Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արևելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաև «Հայրենիք» ռադիոկայանի, «Armenian Weekly» և «Hayrenik Weekly» պարբերականների խմբագրատները: ՀՅԴ «Հայրենիք» կենտրոնում է գտնվում նաև կուսակցության արխիվը, որտեղ պահվում են 1918-1920 թթ. Հայկական առաջին հանրապետության և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում ՀՅԴ գործունեությանը վերաբերող նյութերը: Կենտրոնում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ:

Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը Սարգսյանը եղել է նաև Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում: Սուրբ Ստեփանոս եկեղեցու փողոցը 1991թ. Ուոթերթաունի հայկական համայնքի առաջարկով վերանվանվել է «Արցախ», իսկ 2012թ․ օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով կոչ էր անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքին: