30 մարտ, 2016 12:51

Դրամ և դոլար. փոխարժեքի վարքագիծը 1993-2016 թթ.

5-dram-money-pogh-(3)1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը: Այդ օրը Կենտրոնական բանկը 1 դոլարի դիմաց սահմանեց 14,65 դրամ փոխարժեքը: Անցած 23 տարիներին դրամի փոխարժեքը անցել է վայրիվերումների ու մի շարք ցնցումների ճանապարհով:

1993թ. նոյեմբերի 22-ին, երբ շրջանառության մեջ դրվեց դրամը, այդ օրվա սահմանված փոխարժեքով՝ 14,65 դրամով, անհնար էր շուկայում գնել դոլար: Դրամը դոլարի նկատմամբ սկսեց կտրուկ արժեզրկվել՝ մեկ տարվա ընթացքում գրեթե 28 անգամ: Արդեն 1994թ. նոյեմբերին դոլարի փոխարժեքը հասավ 404 դրամի:

1994-1995 թթ. տնտեսական իրավիճակը  որոշակիորեն կայունացավ: Թեև 1995թ. ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակն էր դրամական զանգվածի կառավարումը, բայցևայնպես ԿԲ-ն մինչև 1996թ. երկրորդ կեսը վարում էր փոխարժեքի՝ խիստ կառավարվող քաղաքականություն: Դրամական զանգվածի ծրագրային մակարդակի ապահովումը և կայուն փոխարժեքի քաղաքականությունը համատեղվում էին արտարժութային ինտերվենցիաների հետ: Միաժամանակ, միջբանկային շուկայի զարգացման նպատակով ԿԲ-ն աստիճանաբար կրճատում էր իր մասնակցությունն արտարժութային սակարկություններին, և միջբանկային արտարժութային շուկայի զարգացման նպատակով այս շուկայում գործառնություններ էր իրականացնում տեղական բանկերի հետ:

1996թ. ԿԲ-ն վերացրեց ընթացիկ և կապիտալի հաշվի գործարքների հետ կապված բոլոր արժութային սահմանափակումները, ինչը հնարավորություն տվեց հասնելու ազգային արժույթի ամբողջական փոխարկելիության: 1996թ. դեկտեմբերին դրամի փոխարժեքը կազմեց 440,21՝ 1 դոլարի դիմաց՝ 1995թ. դեկտեմբերի 402,71-ի փոխարեն:

1997-2003 թթ. աստիճանաբար կայունացավ փոխարժեքի տատանողականությունը եթե 1997թ. փոխարժեքի միջին տարեկան արժեզրկումը 18,6% էր, ապա 2003թ. այդ ցուցանիշը դարձավ ընդամենը 0,9%: 1999թ. փետրվարին դրամը արժեզրկվեց 4,8%-ով (518/543): Փետրվար-մարտ ամիսներին ձևավորվեց փոխարժեքի արժևորման միտում` կապված ապրիլի 9-ից միայն ՀՀ դրամով պարտադիր պահուստավորում անցկացնելու հետ: Իսկ հոկտեմբերից, երբ պետբյուջեի ծախսերի չկատարումը հանգեցրեց դրամի առաջարկի կրճատման, նկատվեց դրամի արժևորում (540/521): 2000-2003 թթ. չնայած դրամ/դոլար փոխարժեքը դրսևորել է անկանոն վարքագիծ, սակայն հիմնական միտումը եղել է դեպի արժեզրկում:

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ իր պիկը գրանցեց 2003թ. մարտի 17-ին՝ 591,76 դրամ, իսկ ամենացածր արժեքը՝ 2008թ. օգոստոսի 4-ին՝ 300,73:
2000թ. ՀՀ արժութային քաղաքականության հիմնական խնդիրներն էին ազատ լողացող փոխարժեքի քաղաքականության սկզբունքների և դրամավարկային քաղաքականության ծրագրային մակարդակների ապահովումը. դրամն այդ տարի միջինը արժեզրկվեց 0,83%-ով: 2001 թ. փոխարժեքի միջին տարեկան արժեզրկումը կազմեց 2,9%:

Screenshot 2016-03-30 20.20.18

2003թ. մարտին, ըստ ԿԲ տվյալների, դրամ/դոլար փոխարժեքը հասավ պիկին՝ 591.76 դրամ 1 դոլարի դիմաց: 2004-2007 թթ. դրամի արժևորումը պայմանավորված էր արտաքին առևտրաշրջանառության, ներգնա և արտագնա զբոսաշրջության, մասնավոր տրանսֆերտների և ներդրումների զգալի աճով: 2006 թ. հունվարի 1-ից ԿԲ-ն անցավ գնաճի նպատակադրման քաղաքականության, իսկ 2007թ. օրենսդրորեն ամրագրվեց, որ ԿԲ-ն ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Տնտեսական բարենպաստ պայմաններում 2007թ. դեկտեմբերին՝ 2003թ. դեկտեմբերի  համեմատ, դրամը դոլարի նկատմամբ արժևորվեց 46,2%-ով:

2008թ. օգոստոսին դոլարի  միջին փոխարժեքը կազմում էր 302 դրամ: 2008թ. 4-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսական ճգնաժամի` ՀՀ իրական տնտեսության վրա ազդեցության դրսևորումների պայմաններում աճեցին տնտեսության զարգացման անորոշությունները և ձևավորվեցին դրամի արժեզրկման սպասումներ: Ֆինանսական կայունության պահպանման նպատակով` ԿԲ-ն տարեվերջին առավել ակտիվ միջամտություն ունեցավ արտարժութային շուկայում` ավելացնելով արտարժույթի վաճառքի ծավալները: Դրամի առաջարկը կարգավորելու և դրամի փոխարժեքի տատանումները մեղմելու նպատակով 2008թ. ԿԲ-ն ՀՀ բանկերից գնեց 74,6 մլն դոլար, վաճառեց` 442,6 մլն դոլար (որից 70%-ը չորրորդ եռամսյակում):

2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը զգալի ճնշումներ առաջացրեց Հայաստանի արտարժութային շուկայում: 2009-2010 թթ. բանկային համակարգում առաջացած իրացվելիության և կապիտալի բավարարության հետ կապված ռիսկերը չեզոքացնելու նպատակով (որոնք կարող էին առաջանալ ազգային արժույթի արժեզրկման ճնշումների, բանկային համակարգից խնայողությունների արտահոսքի և դրամային ավանդները դոլարով փոխարինելու գործընթացների հետևանքով) ԿԲ-ն 2009թ. տարեսկզբից մեծացրեց միջամտությունն արտարժութային շուկայում` կայունացնելով փոխարժեքը: 2009 թ. մարտի 3-ին հայտարարեց, որ ԿԲ-ն վերադառնում է լողացող փոխարժեքի քաղաքականության: Նույն օրը դրամը արժեզրկվեց 21,7%-ով` 373 դրամ նախորդ օրվա 305,8 դրամի փոխարեն: Սև շուկայում դոլարի փոխարժեքը հասավ 600-ի:

2009թ. Ընթացքում դրամի արժեզրկումը կազմել է 24,6% (տարեվերջին 380.47՝ տարեսկզբի 307,83-ի փոխարեն):

2011թ. 2008թ. համեմատ դրամը արժեզրկվել է միջինը 21,7%-ով. 2011թ. դեկտեմբերին միջին փոխարժեքը կազմել է 383,22: 2012-2013 թթ.դրամը հիմնականում արժեզրկման միումներ է ցուցաբերում՝ ամսական 0,1-2,6%: Իրավիճակը փոխվեց 2014թ. դեկտեմբերին: Միջազգային տնտեսական փոփոխությունները՝ նավթի գների անկումը, դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկման, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների արդյունքում դրամը դոլարի նկատմամբ նախորդ ամսվա համեմատությամբ արժեզրկվեց 10,3%-ով՝ հասնելով 490-ի:

2015թ. հիմնականում շարունակվեց դրամի արժեզրկումը, և մարտին դրամ/դոլար փոխարժեքը կազմեց միջինը 478,39՝ նախորդ տարվա նույն ամսվա 414,31-ի փոխարեն: Մյուս ամիսներին հիմնականում դիտվում էր կայուն իրավիճակ: 2016թ. հունվար-փետրվար ամիսները միջազգային տնտեսության համար ոչ բարենպաստ էին: Փետրվարին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց ևս 3%-ով՝ միջինը փոխարժեքը կազմեց 493,6՝  նախորդ ամսվա 486-ի փոխարեն:

Մարտին դիտվում է դրամ/դոլար փոխարժեքի առավել կայուն վիճակ: Մասնագետները դա բացատրեցին նաև իրանցի զբոսաշրջիկների կտրուկ աճով:

Աղբյուրներ՝

ՀՀ Կենտրոնական բանկ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն
Արժույթի միջազգային հիմնադրամ
«Ֆինանսական շուկաներ և ծառայություններ 2014», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի զեկույց
Ենոք Հակոբյան