31 մարտ, 2016 13:16

Կա՞ր արդյոք արվեստ Բաղրամյան փողոցի ցույցերում

Քննարկման եզրահանգումներից մեկն այն էր, որ Բաղրամյան պողոտայում օրիգինալ և ինքնատիպ արվեստ չի ստեղծվել, սակայն դա չի կարելի ձախողում համարել։ Քննարկման եզրահանգումներից մեկն այն էր, որ Բաղրամյան պողոտայում օրիգինալ և ինքնատիպ արվեստ չի ստեղծվել, սակայն դա չի կարելի ձախողում համարել։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի բաղրամյանական օրերի սիրո և ընկերության դրսևորումները ամփոփված են Գրիգոր Խաչատրյանի «(Ան)զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» լուսանկարների շարքում, որն առաջին անգամ ցուցադրվեց մեկ ամիս առաջ։ Ցուցահանդեսը բացման օրվանից ուղեկցվել է հանրային քննարկմամբ: Մարտի 30-ին այդ քննարկումներից վերջինն էր՝ բանախոսներ Նազարեթ Կարոյանի, Սիրանուշ Դվոյանի, Հրաչ Բայադյանի և այլոց մասնակցությամբ։

«Կայի՞ն արդյոք արվեստի դրսևորումներ Բաղրամյան պողոտայում՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ» հարցին բանախոսները միանշանակ պատասխան չկարողացան տալ։ «Արվեստ կարելի է գտնել ամեն ինչի մեջ։ Այն, որ «ջրցան» և «Բիբին» բառերը մետաֆորիկ իմաստ էին ստացել Բաղրամյանում, արդեն արվեստի որոշակի դրսևորում է։ Դրանք բռնությանը, իշխանության ամենակարողությանը հակադրվելու նպատակ ունեն»,- նշեց արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը։

Գրականագետ Սիրանուշ Դվոյանը հավելեց՝ Բաղրամյանում պաստառները, կոչերը, երաժշտությունը իշխանության և քաղաքականության էսթետիկացման փորձեր էին. «Արվեստի միջոցով կարծես ծածկում էին բռնությունը»:

Մեդիա փորձագետ Հրաչ Բայադյանը վերապահումով է մոտենում տարածված այն մտքին, որ Բաղրամյան փողոցի դեպքերը կարող էին փոխել հայ ժողովրդին։ Ըստ նրա՝ Բաղրամյան պողոտան իր վրա կրում էր հայերի պատմական անցյալի մեծ շերտը։ Դրա մասին էին խոսում թե՛ պողոտան «ազատագրված տարածք» կոչելը, թե՛ 20-րդ դարասկզբի ֆիդայական կամ Ղարաբաղյան շարժմանն ուղեկից երգեր երգելը։ «Հայ ժողովուրդն իր բողոքն արտահայտելու նոր երգեր չունի, այդ պատճառով էլ դիմում է «Գինի լից»-ին և «Հայեր, միացեք»-ին»,- ասաց Բայադյանը։ Ըստ բանախոսի՝ սեռական հայհոյանքներ արտահայտող ժեստերը և գրկախառնություններն իրենց մեջ նմանողական տարրեր ունեին այլ երկրների բողոքի ակցիաների հետ։

Քննարկման եզրահանգումներից մեկն այն էր, որ Բաղրամյան պողոտայում օրիգինալ և ինքնատիպ արվեստ չի ստեղծվել, սակայն դա չի կարելի ձախողում համարել։ Ձախողում չէ, բայց ճշմարտությանը չի համապատասխանում նաև «Ինչքան ջրեք, կաճենք» պաստառը. բանախոսները նշեցին, որ երիտասարդությունը թերևս միայն ջրվեց, իսկ հնարավոր աճը դեռ չի երևում:

Ժաննա Պողոսյան