31 մարտ, 2016 12:24

Ուրիշի փոխարեն քվեարկողին` միայն ազատազրկում. կառավարությունը հավանություն տվեց

Gyumri-RegistrԿառավարությունը մարտի 31-ի նիստին հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը:

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացություն: Նա նշել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, և օրինակ` Գերմանիայում ու Շվեյցարիայում նույնպես ընտրակեղծարարության համար սահմանված են տուգանքներ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր հերթին ասել է, որ օրինագիծը ներկայացվել է` ելնելով քաղաքական կոնյունկտուրայից, և չարժե ցանկացած տեսակի ընտրակեղծարարության համար սահմանել ազատազրկում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքն ուսումնասիրել է խնդիրը, և կարծում է` ճիշտ կլինի կառավարությունն այժմ հավանություն տա օրինագծին, իսկ հետագա ճակատագիրը կորոշի արդեն ԱԺ-ն:

Էդմոն Մարուքյանը վերոնշյալ օրինագիծը ներկայացրել էր մարտի սկզբին: Նա նշել էր, որ նախագծի մշակման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված բոլոր քվեարկություններից, այդ թվում` վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500 հազ-ից 600 հազ. դրամի չափով տուգանք: «Նշված սանկցիան համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին: Քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի արժանի պատիժ՝ բացառապես ազատազրկման ձևով»,- նշել էր Մարուքյանը: