31 մարտ, 2016 13:47

Ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանձնվեց ՊԵԿ-ին

bbxnRMwGQ6IPmWHrՖինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառավարման լիազորությունները փոխանցվել են կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին. համապատասխան որոշմանը գործադիրը հավանություն է տվել մարտի 31-ի նիստին:

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Համաձայն հիմնավորման` որոշումն ընդունելիս հաշվի է առնվել ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու և Պետական եկամուտների կոմիտեն դրանից առնանձնացնելու մարտի 3-ի որոշումը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է հանգամանքով, որ ուսումնական կենտրոնը կառուցված է հենց հարկային և մաքսային մարմինների աշխատակիցների համար:

Վերոնշյալ ուսումնական կենտրոնն առավել հայտնի է` որպես «էլիտար զվարճանքի» կենտրոն: Դրա կառուցման վրա պետական բյուջեից ծախսվել են միլիոնավոր դոլարներ և շարունակվում են ծախսվել: Շաբաթներ առաջ գործադիրի նիստի օրակարգում ներառվել էր հարց, որով առաջարկվում էր կառավարությանը հատկացված պահուստային ֆոնդից ևս կես միլիարդ դրամ հատկացնել Դիլիջանի ուսումնական կենտրոնին, սակայն մամուլում բարձրացված աղմուկից հետո հարցը հանվել էր օրակարգից:

ՍիվիլՆեթը անցյալ տարի պարզել էր, թե որքան գումար է ծախսվել այս կենտրոնի համար ներքնակներ ու վարագույրներ ձեռք բերելու համար: Տեսանյութը` ստորև: