31 մարտ, 2016 10:16

Սերժ Սարգսյանն այցելել է «Ֆլեթչեր» դպրոց

16693_bԱշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության «Ֆլեթչեր» դպրոց:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը հանդիպումներ է ունեցել միջազգային հարաբերություններով զբաղվող աշխարհի լավագույն դպրոցներից մեկի` «Ֆլեթչեր»-ի դեկան Ջեյմս Ստավրիդիսի, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի, հիմնադրամի «Թավիթյան կրթական ծրագրի» շրջանակում «Ֆլեթչեր» դպրոցում սովորող ՀՀ քաղաքացիների, դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Թաֆթս համալսարանում նա հանդիպում է ունեցել նաև կրթական այս հաստատության նախագահ Էնթոնի Մոնակոյի հետ:

«Ֆլեթչեր»-ն առաջարկում է տարբեր կրթաթոշակային ծրագրեր՝ դպրոցում սովորելու ցանկանություն ունեցող ուսանողներին: Ծագումով հայ երիտասարդներին աջակցելու համար 1980-ական թվականներին Ասո Թավիթյանի կողմից հիմնադրվել է «Թավիթյան» հիմնադրամը, որի միջոցներով Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երիտասարդներ ուսանել են հեղինակավոր այս բուհում, և մինչ այժմ տարբեր պետական հաստատությունների երիտասարդ մասնագետներ շարունակում են օգտվել այդ հնարավորությունից` կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության «Ֆլեթչեր» դպրոցում։ Առ այսօր հիմնադրամը ֆինանսավորել է շուրջ 16 ծրագիր ՀՀ պետական հատվածի համար` շուրջ 15 մլն դոլար ներդրում կատարելով կրթաթոշակային ծրագրի իրականացման նպատակով։ «Թավիթյան» հիմնադրամը ֆինանսավորել է նաև «Ֆլեթչեր» դպրոցի դեկանների և ականավոր դասախոսների այցերը Հայաստան՝ հնարավորություն ընձեռելով նրանց ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին, տարածաշրջանին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հաղորդում են նաև, որ մարտի 30-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ:

Հանդիպմանը Սարգսյանը նշել է, թե Հայաստանը կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը և այդ առումով ցանկանում է ուղիղ կապեր հաստատել Մասաչուսեթս նահանգի հետ: Համագործակցությունը, նրա համոզմամբ, կարող է կրել ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ նպաստել կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում սերտ կապերի հաստատմանը:

Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նահանգապետ Չարլի Բեյքերի դիրքորոշման և հայ ժողովրդին աջակից լինելու համար: Նա նշել է, որ Մասաչուսեթս նահանգի ղեկավարությունը պատմականորեն արդար դիրքորոշում է ունեցել այս հարցում, ինչի մասին է խոսում նաև այն, որ նահանգային դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմություն է դասավանդվում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Մասաչուսեթս նահանգի առանձնակի վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի նկատմամբ:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը նահանգապետ Չարլի Բեյքերին հրավիրել է Հայաստան: