Մարտի 30-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:
«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու իր մտահոգությունը հայտնել շփման գծում և միջազգային սահմանին բռնության կապակցությամբ: Նա շեշտել է ԱՄՆ-ի հանձնառությունը կողմերի հետ աշխատելու հարցում՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա համապարփակ կարգավորման հասնելու նպատակով»,- ասված է Պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ:
Ջոն Քերին և Իլհամ Ալիևը քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել է Ադրբեջանի՝ որպես «Հարավային գազային միջանցք» նախագծի առաջատարի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում: Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ադրբեջանի՝ տարածաշրջանային առևտրային հանգույց դառնալու ջանքերին:
«Պետքարտուղար Քերին շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիևին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու, իր խաղաղապահ գործողությունների և ահաբեկչության դեմ պայքարում ունեցած դերակատարության համար: Ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առնչվող հարցերին անդրադառնալով՝ Քերին ողջունել է Ադրբեջանի վերջին դրական քայլերը և հետագայում աջաջընթաց գրանցելու կոչ արել»,- եզրափակում է Պետքարտուղարությունը:
***
Վերջին մեկ ամսում Ադրբեջանում ազատ է արձակվել մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալ: Ինչպես եզրակացրել է Economist պարբերականը, Ալիևն այս քայլին դիմել է Վաշինգտոն ձեռնունայն չմեկնելու և իր անունը մաքրելու համար:
Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կկայանա Միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովը, որին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Վաշինգտոնում Սարգսյան-Ալիև հանդիպում ծրագրված չէ: