1 ապրիլ, 2016 14:14

Մարդու իրավունքների ոլորտում խնդիրներն ակտուալ են մնում. օմբուդսմենի զեկույցը

TH_OmbudsmanՄարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2015թ. տարեկան հաղորդումը, որում ամփոփված մարդու իրավունքների խախտումներն ու արձանագրված դրական զարգացումները, ըստ պաշտպանի գրասենյակի, օբյեկտիվ պատճառներով ներկայացված են ոչ սպառիչ ցանկով: Որպես կանոն` հաղորդման մեջ զետեղվել են առավել հաճախ հանդիպող և համակարգային բնույթ կրող խնդիրները և աշխատակազմի գնահատմամբ առավել հատկանշական դրական զարգացումները:

Հաղորդման մեջ օմբուդսմենն անդրադարձ է կատարել դատախազության գործունեության ոլորտին` նշելով, որ այստեղ դրական զարգացումներ արձանագրված չեն, քանի որ 2015թ. հարցման համար դատախազության կողմից չի տրամադրվել համապատասխան պատշաճ տեղեկատվություն:

Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ գործնականում դեռևս չի վերացել այն պրակտիկան, երբ անձի՝ որպես վկա հայտնած տեղեկությունների հիման վրա վերջինս նույն կամ մեկ այլ գործով ներգրավվում է որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Նշված խնդրին մարդու իրավունքների պաշտպանի կողմից անդրադարձ է կատարվել ինչպես 2013թ., այնպես էլ 2014թ. զեկույցներում, և նշվել է, որ նման պրակտիկան խախտում է անձի տարբեր իրավունքներ, այդ թվում՝ լռելու իրավունքը, ինչպես նաև անմեղության կանխավարկածը: Այնուհանդերձ, 2015թ. ընթացքում ՄԻՊ-ի ներկայացուցիչներն իրենց գործառույթներն իրականացնելիս կրկին արձանագրել են նույնանման խախտումներ: Նշված պրակտիկայի առկայության մասին բարձրաձայնել են նաև մի շարք իրավաբաններ, իրավապաշտպաններ, փաստաբաններ: Պաշտպանը մտահոգիչ է համարել այն, որ դատախազի կողմից տվյալ գործողությունները գնահատվել են իրավաչափ:

Անդրադառնալով դատախազության՝ հետաքննության և նախաքննության մարմինների գործողություններին, օմբուդսմենը նշել է, որ թերի հսկողության արդյունքում մի շարք դեպքերում չի ապահովվել քրեական գործերով պատշաճ քննության իրականացումը, հաղորդումների քննարկման ժամկետի պահպանումը, ինչպես նաև դրանք քննարկելիս օրենքով սահմանված որոշումներից մեկի կայացումը: Դատախազությունը պատշաճ չի պատասխանել քաղաքացիների ներկայացրած հաղորդումներին, դիմումներին, ինչպես նաև չի տրամադրել վերջիններիս բողոքների առնչությամբ տեղեկատվություն՝ սահմանափակելով անձանց տեղեկատվության ազատության իրավունքը: Բացի այդ` օրենքի պահանջների՝ իր ձևով մեկնաբանման արդյունքում դատախազությունը օրենքով սահմանված կարգով չի պատասխանել մարդու իրավունքների պաշտպանի գրություններին:

Նշված խնդիրները հաղթահարելու համար պաշտպանը դատախազությանն առաջարկում է միջոցներ ձեռնարկել դատախազության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով, պատշաճ պատասխանել քաղաքացիներին, ինչպես նաև տրամադրել վերջիններիս բողոքների առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Խոսելով արդարադատության նախարարության ոլորտում առկա խնդիրների մասին` օմբուդսմենն առանձնացրել է մի շարք օրենսդրական բացեր: Օրինակ՝ օրենսդրությամբ դեռևս երաշխավորված չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքները:

Խնդրային են նաև օրենսդրությամբ սահմանված բարձր պետական տուրքի դրույքաչափը և որոշ դեպքերում` դրանց վճարման անհիմն պահանջները, որոնք հանգեցրել են դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը:

Մեկ այլ օրենսդրական բացի առկայության հանգամանքով, ըստ պաշտպանի, ԴԱՀԿ ծառայության կողմից որոշ դեպքերում հնարավոր չի եղել արգելանք կիրառել պարտապանի գույքի վրա: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների (անգործության), իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով մի շարք դեպքերում խախտվել են քաղաքացիների իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը 2015թ. ստացել է ԴԱՀԿ ծառայության գործունեության վերաբերյալ մի շարք ահազանգեր և դիմում-բողոքներ, որոնց ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև մարդու իրավունքների խախտումներ:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) գործունեությանը՝ օմբուդսմենը մտահոգություն է հայտնել, որ այս ոլորտում դրական զարգացումներ արձանագրված չեն, քանի որ 2015թ. հաղորդման համար ՀՔԾ-ի կողմից չի տրամադրվել համապատասխան պատշաճ տեղեկատվություն: Ըստ հաղորդման՝ ՀՔԾ-ն պաշտոնատար անձանց կողմից իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ոչ բոլոր դեպքերով է կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

Պաշտպանը ՀՔԾ-ին առաջարկում է ձեռնարկել պատշաճ միջոցներ` Ծառայության քննիչների կողմից քննվող պաշտոնատար անձանց կողմից կատարված հակաիրավական արարքների, այդ թվում՝ բռնության, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի գործերի նկատմամբ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը ապահովելու համար:

Պաշտպանը խոսել է նաև պաշտպանության նախարարության ոլորտում առկա խնդիրների մասին` նշելով, որ ինչպես 2014թ., այնպես էլ 2015թ. ընթացքում չեն ձեռնարկվել բավարար միջոցներ` զինված ուժերում մահվան, ինչպես նաև ինքնավնասման դեպքերը կանխելու ուղղությամբ: Ոլորտում առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ ՊՆ-ին առաջարկվում է խստացնել հսկողությունը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին պատշաճ բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաև զորամասերում կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելուն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացների նկատմամբ:

Ոստիկանության ոլորտում առկա խնդիրների մասին խոսելիս օմբուդսմենն ընդգծել է, որ 2015թ. կրկին արձանագրվել են ոստիկանության կողմից խաղաղ հավաքների սահմանափակման որոշ դեպքեր, այդ թվում` ոչ իրավաչափորեն հավաքի ցրում, հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում, նրանց ազատ տեղաշարժի սահմանափակում, իսկ որոշ դեպքերում՝ անհարկի բերման ենթարկում:

Մարդու իրավունքների պաշտպանը խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ 2015թ. ընթացքում ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ և ահազանգեր արագ արձագանքումներ կազմակերպելու համար: Որոշ հավաքների դեպքերով քաղաքացիները հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են իրենց ազատ տեղաշարժը՝ այն որակելով հասարակական կարգի խախտում, և պահանջել դադարեցնել ակցիան: Նշենք, սակայն, որ մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում նշվում է, որ ինչպես հասարակական, այնպես էլ պաշտոնական տարբեր հավաքները/միջոցառումները կարող են որոշակի անհարմարություններ պատճառել դրանց չմասնակցող անձանց, ինչը հիմք չէ հավաքը դադարեցնելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ոստիկանությանը ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու խաղաղ հավաքների իրավունքը, այդ թվում՝ բացառել ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառման, ոչ իրավաչափորեն հավաքը ցրելու, անձանց ազատ տեղաշարժը սահմանափակելու, անհարկի բերման ենթարկելու դեպքերը, ինչպես նաև նախաձեռնել համակարգային միջոցառումներ՝ ուղղված ոստիկանության ծառայողների էթիկայի կանոնների և մասնագիտական հմտությունների բարձրացմանը:

Պաշտպանը ոստիկանության գործունեության վերաբերյալ բաժնում անդրադարձել է  նաև իրավապաշտպանների, լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման, վերջիններիս նկատմամբ բռնության կիրառման դեպքերին, որոնց կանխման, բացահայտման և մեղավորներին պատժելու ուղղությամբ ոստիկանությունը չի ձեռնարկել բավարար քայլեր: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերջին տարիներին զեկույցների, հայտարարությունների միջոցով պարբերաբար բարձրաձայնվում են լրագրողների, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողների նկատմամբ բռնության, իրենց օրինական գործունեությանը խոչընդոտելու և նրանց իրավունքները խախտելու դեպքերը: Ավելին` մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրված բազմաթիվ ահազանգերի և դիմում-բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրված գործերի արդյունքները ցույց են տվել, որ լրագրողների և իրավապաշտպանների օրինական գործունեության իրականացմանը հաճախ խոչընդոտել են հենց ոստիկանության ծառայողները:

Սահմանադրական հանրաքվեն` օմբուդսմենի դիտարկումից դուրս

Օմբուդսմենի տարեկան հաղորդմանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իրավաբան Վահե Գրիգորյանը` ուշուդրաություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ զեկույցում որևէ կերպ չի խոսվում 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների մասին:

«455-էջանոց այս հաղորդման մեջ չկա ոչ մի բառ անցած դեկտեմբերին տեղի ունեցած զանգվածային և համակարգված ընտրակեղծարարության, Հայաստանում ընտրական իրավունքի իրացման անհնարինության և ընտրակեղծիքների դեմ արդյունավետ որևէ միջոցի բացակայության, քվերակության օրը ընտրողների, ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների նկատմամբ բռնությունների մասին: Կրկնում եմ՝ ոչ մի բառ:

Չեմ մոռացել, որ ԶԼՄ-ներից մեկն իր հրապարակման մեջ նշել էր, որ այս տղան իր նշանակվելուց առաջ վիրավորական էր համարել ՄԻՊ-ին կիսապաշտպան կոչելը:

Ինչպես կարելի է չհամաձայնվել նրա հետ. իհարկե վիրավորական է»,- գրել է Վահե Գրիգորյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի 2015թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ: