2 ապրիլ, 2016 08:45

Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 2-ի ժամանակագրությունը

21:26

1022551697Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անելով դադարեցնել արյունահեղությունը:

«Ես անհանգստացած եմ և խորապես մտահոգված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ»,- ասել է նա:

«Եվրոպայի խորհուրդը կողմերին կոչ է անում դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը միմիայն հանգեցնում է հետագա բռնությունների և մարդկային կորուստների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց»:

Յագլանդը կողմերին կոչ է անել «պաշտպանել մարդու կյանքի իրավունք, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով; վերադառնալ հրադադարին և վերսկսել խաղաղ բանակցությունները»:

20:55

ԼՂՀ պաշտպանության բանակը հրապարակել է խոցված ուղղաթիռի լուսանկարները և տեսագրություն:

20:25

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

19:55

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները հեռախոսով քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:

 

Drone219:31

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական վնասազերծված կենդանի ուժի կադրեր` նկարված անօդաչու թռչող սարքով:

19:20

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան շփման գծում ռազմական լարվածության և զոհերի առնչությամբ:

«Ես կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարի ռեժիմը»,- ասել է Շտայնմայերն ու շեշտել, որ լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

19:15

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակ խումբը հարձակում է գործել Gov.az ադրբեջանական կառավարության կայքի վրա:

19:00

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը մեկնեց Արցախ: Սպասեք տեսանյութերի և տեղեկատվության:

18:52

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է հայտարարություն և տեսանյութ:

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակու մեն հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 ("Գրադ") տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը,որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»:

Տեսանյութը` այստեղ:

18:49

Ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորում ստացած երեք զինծառայողներ Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանն ասում է, որ նրանց վիճակը ծանր կայուն է: Զինծառայողները վնասվածքներ են ստացել դեմքի, որովայնի, կրծքավանդակի ու ստորին վերջույթների շրջանում։ Տեղափոխվածներից երկուսը վիրահատվում են։

Դիտեք ՍիվիլՆեթի տեսանյութը:

18:42

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ:

Հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ: Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին: Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության և մեր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակումներին:

Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողությունները խաթարում են կայունությունը տարածաշրջանում և ի չիք դարձնում հակամարտության կարգավորմանն ուղղված: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները:

Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, մխիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին:

Թող Աստված զորակից ու պահապան լինի խաղաղության պաշտպան Հայոց Բանակին»:

18:30

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքում տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԳՔ Բորդյուժայի հետ:

18:15

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:

Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք:

Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»:

18:00

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել հայտարարությամբ, որում կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի ռեժիմը:

«Կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի ռեժիմը: Կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն և խուսափեն հետագա այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել:

Եվրամիությունը խորապես ցավում է մարդկային կյանքերի կորստի, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների և զոհվածների համար:

Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին: Ակնկալում ենք երկու կողմերից, որ անվերապահորեն կհարգեն հրադադարի ռեժիմը, զերծ կմնան ուժի կիրառումից և կվերականգնեն ջանքերը` միտված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ:

17:35

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել է, որ միջնորդները երկուշաբթի կհանդիպեն Վիեննայում` Լեռնային Ղարաբաղում բռնության աճը քննարկելու նպատակով:

17:30 Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Լեռնային Ղարաբաղում վիրավորված երեխաների լուսանկարներ և գրել. «Այս երեխաները քաղաքականության, ռազմական գործողությունների ու «Գրադ» կայանքների հետ որևէ կապ չունեն: Նրանք պարզապես ծնվել ու ապրում են իրենց հայրենիքում՝ Ղարաբաղում...»:
Այս երեխաները քաղաքականության, ռազմական գործողությունների ու «Գրադ» կայանքների հետ որևէ կապ չունեն: Նրանք պարզապես ծնվել ու ապրում են իրենց հայրենիքում՝ Ղարաբաղում...

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան 2 апреля 2016 г.

17:25

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ գյուղում և շրջանում իրավիճակը հանգիստ է:

17:15

ՍիվիլՆեթի թղթակիցը Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալից հաղորդում է այնտեղ տեղափոխված վիրավոր զինվորների մասին: Հոսպիտալի գլխավոր բժիշկը լրագրողներին տեղեկցացրել է, որ Ստեփանակերտի հոսպիտալից երեք վիրավոր զինծառայող է տեղափոխվել իրենց մոտ: Նրանց վիճակը կայուն ծանր է:

17:10

ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ, որում «խոր մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով հրադադարի լայնամասշտաբ խախտումների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ»:

Մենք խստիվ դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում մարդկային կյանքերի, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների առնչությամբ:

Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները` կայունացնելու իրավիճակը: Նրանք վերահաստատում են, որ բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և պատերազմը լուծում չէ»,- ասված է հայտարարության մեջ:

16:45

Օմբուսմենի գրասենյակը հաղորդում է, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող անթույլատրելի գործողությունների հետևողական ուսումնասիրություն՝ իր կարգավիճակի բոլոր հնարավորություններով դրանք միջազգային մարմինների ուշադրությանը ներկայացնելու և պարտադիր քննարկման հարց դարձնելու նպատակով»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները:

«Դրանք կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ են, որ ենթակա են դատապարտման և պատժման միջազգային իրավունքի ողջ խոստությամբ՝ առանց որևէ բացառության»,- ասված է օմբուդսմենի գրասնեյակի տարածած հայտարարության մեջ:

16:15

Արծրուն Հովհաննիսյանը հաղրոդում է. «Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

16:00

Իրավիճակի սրման հետ կապված` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

15:45

Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, ռուսական «Ինտերֆաքս-ռազմական լուրերի գործակալության» հետ զրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Ամեն բան պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ պարագայում միայն հանգեցնում են իրադրության և հակամարտության սրման»,- ասել է Զայնետդինովը: Նա նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ:

«Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք սպառիչ տեղեկատվություն տեղի ունեցած զինված բախման մասին: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական զինված լուծում գոյություն չունի»,- ասել է Զայնետդինովը:

15:20

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ և նրանց կոչ է արել ազդել իրադրության վրա` դադարեցնելու բռնությունը, հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից:

15:10

Այսօր առավոտյան Մարտունու շրջանի Զորավան գյուղում հրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը դեռևս կայուն ծանր է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը՝ հավելելով, որ երեխաներն արդեն վիրահատվել են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Վիրավորված 11 և 12-ամյա երեխաներից մեկն ստացել է ազդրի բազմաբեկորային կոտրվածք, մյուսի մոտ վնասվել են ոտքի փափուկ հյուսվածքները։ Հիվանդանոցի տնօրենը վստահեցրել է, որ երեխաներն ապահովված են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ դեղորայքով ու արյան պրեպարատներով։

Նույն վայրում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զորավանցի ևս մեկ երեխա զոհվել էր: ԼՂՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ այս պահին խաղաղ բնակչության շրջանում այլ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չունեն։

14:50

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ. «Մոսկվայում խիստ անհանգստությամբ են ընդունում ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության լուրջ սրման մասին հաղորդումները: Կողմերին կոչ ենք անում զսպվածության, անհրաժեշտ ենք համարում նախևառաջ մարտական բախումների անհապաղ դադարեցումը: Ռուսաստանի արտգործնախարարությունը մշտական կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարության հետ»:

14:40

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. «Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր»:

14:30

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ` «հակամարտության գոտում իրադրության կարգավորմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների անհրաժեշտության մասին», հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

14:20

ՀՀ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումենրի թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։

Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են։ Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին:

Մենք բազմիցս ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից: Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

14:10

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

Զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և նշել, որ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

14:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում` շփման գծում, մարտական գործողությունների վերսկսման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ»,- ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և դրսևորել զսպվածություն` թույլ չտալու մարդկային նոր կորուստներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահը «ցավում է, որ իրադրությունը կրկին հանգել է զինված դիմակայության»: «Վերջին շրջանում ինչպես եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան), այնպես էլ միջազգային ջանքերի ուղղությամբ (ԵԱՀԿ Մինսկի խումբ) ձեռնարկվել էին մի շարք քայլեր, որոնք կարող էին վերջին հաշվով հանգեցնել հակամարտության կարգավորման»,- նշել է Պեսկովը:

13:50

ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ հակառակորդն ունի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհեր: Նրա խոսքով՝ բախումների թեժ ժամանակահատվածն այս պահին անցել է:

13:4o 12933020_1014768528558755_6438741762801783933_n Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված անօդաչու սարքի լուսանկարը:

13:30

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է: «Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին` լիովին վերահսկում է իրավիճակը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»:

ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր աննախադեպ գործողություններ են ձեռնարկվել հակառակորդի կողմից. այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական զինված ուժերը հակառակորդին արժանի հակահարված են հասցրել: Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ տալուն զուգահեռ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը:

13:02

Hayk Khanumyan

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Մարտակերտից ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ ներկա պահին Մարտակերտում հանգիստ է, հայկական ուժերը վերահսկում են իրավիճակը:

12:56

ԼՂՀ ՊԲ-ն հաղորդում է. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը

12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք»:

12:49

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Թվիթերում գրել է, որ նախագահի օդանավը մի քանի ժամից վայրէջք կկատարի Երևանում:  

12:44

Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, որ Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ:

12:10

ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, որ «ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է»:

«Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

11:08

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրում է, որ ադրբեջանական Mi 24/35 ոււղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելքում:

10:25

ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է, որ «ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

10:19

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին»:

10:09

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդն ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»:

10:05

ՀՀ ՊՆ հայտարարությունը.

«Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար»:

***

ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր, հակառակորդը բացահայտ հարձակում է սկսել, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

«Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հակառակորդի գնդակից երկու զինծառայողի մահվան մասին: Ապրիլի 1-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի: Նույն օրը հրազենային վիրավորումից զոհվել էր ՊԲ զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը: