4 ապրիլ, 2016 09:16

Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 4 (թարմացվող)

00:20

ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունը.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն»:

23:52

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

«Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին մանրամասներ ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվեց նաև, որ հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են: Կարոլին Դույեզին իր հերթին նշեց, որ ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստ է օժանդակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ տեղակայված բնակավայրերի բնակչությանը, ինչպես նաև համապատասխան կերպով արձագանքել ու պատվիրակության իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել` անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման և զոհվածների աճյունների փոխանակման աշխատանքների իրականացման ուղղությամբ»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում:

22:33

Լեռնային Ղարաբաղի հյուսիսում այսօր ադրբեջանական անօդաչու թռչող սարքը քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուս է պայթեցրել, զոհվել է 7 քաղաքացիական անձ, «Ազատությանը» տեղեկացրել է Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ավելի վաղ «Արմենպրեսը» հաղորդել էր, որ ավտոբուսի պայթեցումից զոհվել էր հինգ հոգի:

22:24

ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունը.

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն: Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի է ունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու և դրանք լուսաբանելու համար, բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային, զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի և հարվածային թռչող սարքերի գործածությանը: Վ. Առստամյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին:

Նշենք նաև, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս:

21:40

Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ, հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: «Զոհերի մեջ կան գյուղապետեր»,-  ասել է Հովհաննիսյանը:

20:30

Ապրիլի 4-ի երեկոյան Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանի և Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի համատեղ մամուլի ասուլիսը: Նրանք ներկայացրին կորուստների մասին պաշտոնական տվյալները և շփման գոտում ստեղծված պատերազմական իրավիճակի մասին այլ տվյալներ: Վերջին չորս օրում պաշտոնական տվյալներով հայկական կողմի կորուստները հետևյալն են.

20 սպանված զինծառայող

72 վիրավոր

26 անհետ կորած մարտական գործողությունների ժամանակ

4 քաղաքացիական անձ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա:

Հայկական կողմը կորցրել է երեք դիրք հարավում (որոնց շուրջ մարտերը շարունակվում են), հինգ դիրք հարավում (որոնց շուրջ մարտերը շարունակվում են): Տարածքային կորուստը ընդհանուր կազմում է 200-250 քմ:

Հայկական կողմը կորցրել է յոթ տանկ:

Վիկտոր Առուստամյանի խոսքերով՝ նույն ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կորուստները կազմել է շուրջ 300 սպանված:

Ասուլիսից ՍիվիլՆեթի տեսանյութը՝ շուտով:

19:10

Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլիարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը, պատջառով չգրեն: Իսկ հետախուզության սպայի քննությունը երկու է հարկավոր դնել, քանի որ նման զեկուցագիրը 101-ով չի կարող համարակալվել, իսկ թե ինչով, երևի գիտի անգամ կուրսանտը: Ի համապատասխան պայմաններովն էլ նոր հայագիտությունից է: Ի դեպ հասցեն էլ է սխալ գրած ու բլանկն էլ ավելի շատ ՊԲ ծառայության պետի մակարդակի բլանկ է»:

18:12

Արծրուն Հովհաննիսյանի հերթական ֆեյսբուքյան գրառումը.

Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն: Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հոջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով. 1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին, 2. Ի վերջո , մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ:

17:30

Տավուշի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը ՍիվիլՆեթին հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն ծանր է: Ըստ ստացված տեղեկության՝ Բերդի տարածաշրջանում՝ Պառավաքար համայնքների սահմանային դիրքում, վիրավորվել է 1979թ. ծնված Արթուր Ժորայի Ադամյանը: Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է:

17:20

Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց բուժհիմնակում այս պահին առկա զինվորների թիվը և առողջական վիճակը։ Ըստ այդմ՝ այս պահին հոսպիտալում առաջնագծից տեղափոխվել են 12 զինծառայող, որոնցից մեկի՝ ժամկետային զինծառայող Թորոսյան Հայկի վիճակը գնահատվել է ծանր, քանի որ նա ունի գլխի հրազենային վնասվածք։ Բոլոր զինծառայողները, ըստ Ասատուրյանի, վիրահատված են և գտնվում են բժիշկերի վերահսկողության տակ։ Երկու զինվորի հոսպիտալ են տեղափոխել երեկ երեկոյան՝ վերջույթների բեկորային վնասվածքներով։ Այս պահին նոր զինծառայողների տեղափոխում ԼՂՀ-ից Երևան նախատեսված չէ։  Ասատուրյանը, խոսելով զինծառայողներին Երևան տեղափոխելու անհրաժեշտության մասին, ասաց, որ դա արվում է առաջնագծի բուժհիմնարկները բեռնաթափելու անհրաժեշտությունից ելնելով։

17:10

Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Սարգսյանը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

17:00

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով նախորդ անգամվա ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել էր, այս անգամ ազգանուններ չի նշում: Սա էժանագին հնարք է, ուղղված սեփական հասարակության ոգու բարձրացմանը, այլապես լավ գիտեն, որ ազգանուն հնչեցնելու դեպքում իբր զոհված գեներալն ու գնդապետները կես ժամից անձամբ կխոսեն:

16:45

ՍիվիլՆեթի թղթակիցը Լեռնային Ղարաբաղից փոխանցում է, որ այսօր ժամը 19:00-ին Ստեփանակերտում նախատեսված է բարձրաստիճան զինվորականի մամուլի ասուլիս: Առայժմ չի հաղորդվում, թե զինվորականներից ով է ասուլիսը տալու: 

16:15

ՀՀ ՊՆ հայտարարությունը

Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ: Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

Համակարծիք լինելով ռազմական գործողությունների դադարեցման կոչերին, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ուժերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման համար, քաղաքական հայտարարություններից զատ, անհրաժեշտ է համաձայնեցնել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ. մշակել հրադադարի սահմանման տեխնիկական պայմաններ, իրականացնել հակամարտող ուժերի հեռացում/բաժանում և հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի և Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաև ադրբեջանական զինված ուժերի և զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլևս չմասնակցող կոմբատանտների և ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները և ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև:

15:40

Մոսկվան ոչ նպատակահարմար է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

15:30

ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը ժամանել է Երևանի կենտրոնական հոսպիտալ` տեսակցելու վիրավոր զինվորներին:

15:15

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: ՀՀ նախագահը նկատել է՝ Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը:

«Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը երեք ուղերձ է հղել ԵԱՀԿ երկրների մայրաքաղաքներին:

14:50

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Հաստատված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»:

14:40

Իջեցված ռոումինգի սակագներ դեպի Արցախ «Յուքոմ»-ից

«Յուքոմը» հայտարարել է, որ ապրիլի 2-ից սկսած՝ «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ  սակագինը:

14:35

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև  միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ:

Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Արցախ՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում անմիջապես ուսումնասիրելու և ծանոթանալու քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինվորական ուժերի կողմից իրականացված ոտնձգություններին և խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակին:

14:15

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը Թվիթերի գրառման մեջ տեղեկացնում է, որ այս պահին ՀՀ Նախագահը հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ:

13:37

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ի այսօրվա նիստին կոչ է արել արձագանքել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի «խայտառակ հայտարարությանը»: Երեկվա իր հայտարարության մեջ Ագրամունտը «Ադրբեջանի բռնագրավված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերման կոչ էր արել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համապատասխան»:

13:35

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրում է. «Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից: Հարգելիներիս, ԼՂՀ ՊԲ-ը խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ: Ներկայումս դիմումները այնքան մեծ են, որ նրանք ընդունում են միայն ամենափորձառուներին»:

13:10

ՍիվիլՆեթի լրագրողը Երևանի կենտրոնական հոսպիտալից հաղորդում է, որ հոսպիտալի մուտքին պարբերաբար մոտենում են զինծառայողների ընտանիքների անդամներ և փորձում են ճշտել` արդյոք իրենց զինվորները հոսպիտալում են, թե ոչ, քանի որ օրեր շարունակ չեն կարողանում կապ հաստատել նրանց հետ: Ակնկալվում է, որ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը ժամը 17:00-ին կհանդիպի լրագրողների հետ և կհաղորդի այդ պահի դրությամբ վերջին տեղեկությունները:

13:00

Վրաստանի ՊՆ ղեկավար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը որևէ խնդրանքով վրացական կողմին չեն դիմել: Խիդաշելին տեղեկացրել է, որ Թբիլիսին մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ:

12:55

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրում է. «Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում` ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ [անօդաչու թռչող սարք - խմբ.]: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ»:

12:40

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է ԱԺ քառօրյայի օրակարգ մտցնել ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչելու հարցը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը: «Սակայն ՀՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նախագահը հանձնարարել է արտգործնախարարությանը աշխատել ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ և երբ աշխատանքներն ավարտվեն, մենք կքննարկենք նաև այդ հարցը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

12:30

Ազգային ժողովը հերթական քառօրյայի ընթացքում ընդունել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման և լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ հայտարարություն, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը շփման գծի ողջ երկայնքով: ԱԺ-ն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմի գործողություններին՝ կիրառելով ագրեսորի նկատմամաբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանի ապակայունացումից խուսափելու համար: «Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ԱԺ-ն բարձր է գնահատում ԼՂՀ ՊԲ-ի` իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, հայ զինվորի արիությունը: ԱԺ-ն ցավակցում է նաև այս օրերին քաջաբար ընկած զինվորների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորվածներին»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները բոլոր խմբակցություններն են և խմբակցություններում չընդգրկված պատգամավորները:

12:10

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հրապարակել է հայկական կողմի զոհերի անուններ է հրապարակել` Հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյան (ծնված 1989թ.), զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյան (ծնված 1963թ.), զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյան (ծնված 1988թ.) 4-րդ վաշտի հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990թ.)

4-րդ վաշտի 2-րդ դասակի 5-րդ ջոկատի գնդացրող շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996թ.) 15-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկատի հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ) զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ.)
12:05

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրում է. «Լավ լուրերից հերթական մեկը. Փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ»:

11:55

ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակային զեկույց, որը վերաբերում է ապրիլի 2-3-ը ընկած ժամանակահատվածին: Զեկույցում, որը հղում է անում Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական աղբյուրներին, ասված է, որ նշված օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններում զոհվել է 30 զինծառայող և 3 խաղաղ բնակիչ: Վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները՝ գրասենյակը հաղորդում է, որ վիրավոր զինծառայողների և խաղաղ բնակիչների թիվը հասնում է 200-ի:

11:50

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ. այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հաղորդագրության մեջ: «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը: Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե´ ԼՂՀ իշխանությունները, թե´ բնակչությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

11:40

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրում է. «Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են»: 11:15 ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ: Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում:

11:00

«Յուքոմ»-ը և Beeline-ը նույնպես իջեցնում են Արցախում ռոումինգի սակագները: «Ապրիլի 2-ից սկսած` «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ սակագինը»,- տեղեկացնում է «Յուքոմ»-ը Ֆեյսբուքում: «Տեղեկացնում ենք, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ»,- տեղեկացնում է Beeline-ի Ֆեյսբուքի էջը:

10:50

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի և ժողովրդի անվտանգությունը: Սահակյանը բարձր է գնահատել ԵԿՄ պատրաստակամությունը` պաշտպանելու հայրենի հողը՝ դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:

10:35

«Վիվասելլ-ՄՏՍ»-ը նվազեցնում է Արցախում ռոումինգի սակագները

Այս մասին ընկերությունը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում: «374 97 ցանցում ռոումինգում գտնվող հարգելի բաժանորդներ, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերընշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում»,- ասված է օպերատորի հաղորդագրության մեջ: Մինչ այս «Վիվասելլ-ՄՏՍ»-ի բաժանորդների համար Արցախում ռոումինգում գտնվելու դեպքում դեպի «Վիվասելլ-ՄՏՍ»-ի ցանց զանգերի համար գանձվում էր 25 դրամ` 1 րոպեի դիմաց, իսկ այլ օպերատորներին զանգելու դեպքում` 45 դրամ` 1 րոպեի դիմաց, մուտքային զանգերի համար գանձվում էր 25 դրամ 1 րոպեի դիմաց:

374 97 ցանցում ռոումինգում գտնվող հարգելի բաժանորդներ, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպ...

Posted by VivaCell-MTS - Պաշտոնական էջ on Sunday, April 3, 2016

10:20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օգնությունը, քանի դեռ «վերջինս չի դադարեցնի ագրեսիան, չի հրաժարվի բռնությունից և չի ստանձնի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն», հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Շերմանի խոսքով` Ադրբեջանի վերջին մի քանի օրերի ագրեսիան «խորապես հիասթափեցնող» է:

09:21

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ հայ հաքերները կոտրել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան Թվիթերը:

Հայկական Կիբեր Բանակը լոմել ա Ադրբեջանի Ռուսաստանում դեսպանատան Թվիթերը ու հայկական նորություններ ա գլորում ։Ճ

Posted by Samvel Martirosyan on Sunday, April 3, 2016

 

09:17

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ հայկական ուժերը ադրբեջանական երեք տանկ են խոցել:

Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել:

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Sunday, April 3, 2016

08:10

ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունը.

«Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, "Գրադ"  կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները: Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում»:

08:00

Ապրիլի 3-ի երեկոյան հարյուրավոր ազատամարտիկներ Սյունիքից ժամանել էին Ստեփանակերտ՝ առաջնագիծ մեկնելու համար: Նրանց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում դիմավորեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն՝ ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։

Ապրիլի 3-ի երեկոյան «Հետք» պարբերականը հրապարակեց ցնցող լուսանկարներ Թալիշ գյուղից: Ադրբեջանցիները սպանել էին գյուղի ծեր մի զույգի և կտրել նրանց ականջները:

***

ՍիվիլՆեթը թարմացվող ռեժիմով շարունակում է հետևել ղարաբաղյան առաջնագծում իրադարձություններին:

Ապրիլի 2-ի իրադարձությունների ժամանակագրությունը՝ այստեղ:

Ապրիլի 3-ի իրադարձությունների ժամանակագրությունը՝ այստեղ: