«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ի այսօրվա նիստին կոչ է արել արձագանքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի «խայտառակ հայտարարությանը»:
Զոհրաբյանի համոզմամբ՝ Ագրամունտն իր այդ հայտարարությամբ դարձել է «ռազմական հանցագործ Ալիևի հանցակիցը»։
«Ես կարծում եմ, որ Հայաստնաը՝ որպես ԵԽԽՎ լիիրավ անդամ, պարտավոր է իր հստակ վերաբերմունքը արտահայտել ստահակ Պեդրո Ագրամունտի հայտարարությունների վերաբերյալ»,- ասել է Զոհրաբյանը։
Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Ագրամունտի հետ: Նրա խոսքով՝ հայկական կողմի աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն բան՝ ԵԽԽՎ պատվիրակներին իրականության մասին տեղեկացնելու ուղղությամբ:
Երեկ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հայտարարության մեջ «Ադրբեջանի բռնագրավված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերման կոչ էր արել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համապատասխան»՝ փաստացիորեն կրկնելով պաշտոնական Բաքվի թեզը:
Ակնարկ
Իսպանացի Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ է ընտրվել հունվարի 25-ին: Ագրամունտը ԵԽԽՎ 28-րդ նախագահն է և չորրորդ իսպանացին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը: Պեդրո Ագրամունտը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հանդեպ ունեցած իր լոյալությամբ:
Ագրամունտը եղել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի՝ Ադրբեջանի գծով համազեկուցող, 2014թ. հունիսին նշանակվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող: Նա բազմիցս քննադատվել է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ունեցած հավատարմության համար: