4 ապրիլ, 2016 12:39

Հայաստանն ու Ադրբեջանը որևէ խնդրանքով վրացական կողմին չեն դիմել. Թինա Խիդաշելի

KhidasheliՀայաստանը և Ադրբեջանը որևէ խնդրանքով վրացական կողմին չեն դիմել. այսօր հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

Վերջինիս խոսքով՝ Վրաստանի ՊՆ-ն, ինչպես և մյուս կառույցները, մշտական կապի մեջ է երկու հարևանների հետ:

Նախօրեին Թինա Խիդաշելին հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի իր պաշտոնակցի հետ. այսօր նախատեսվում է նրա զրույցը Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ:

«Մենք փորձում ենք մշտապես տեղեկացված լինել և մշտական կապ պահպանել: Վրաստանի վարչապետը երեկ բարձրաձայնել էր վրացական պետության դիրքորոշումը, որը, բնականաբար, համապատասխանում է մեր երկու գործընկերների դիրքորոշումներին: Այսօր գլխավոր խնդիրը կրակի դադարեցումն է: Դրանից հետո կարելի է շարունակել խոսել մնացած բաների մասին»,- հայտարարել է Թինա Խիդաշելին:

Վրաստանի ՊՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Մինսկի խմբի հանդիպումն արդյունավետ կլինի հրադադարի տեսանկյունից:

Երեկ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի անհապաղ լիցքաթափումը «շատ կարևոր է ամբողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության տեսանկյունից»:

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի վարչապետը ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ քննարկումներ է ունեցել արտաքին գործերի և ուժային նախարարների, ինչպես նաև խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ: