5 ապրիլ, 2016 09:15

Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 5 (թարմացվող)

22:15

Ապրիլի 6-7-ը կկայանա Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիա:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

22:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, տեղեկացնում է ՌԴ նախագահի կայքը: Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ ձեռնամուխ լինել ռազմական գործողությունների դադարեցմանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Այսօր երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ: Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով:

Նախագահ Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: ՌԴ Նախագահը կողմերին կոչ է արել պահպանել զինադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է անհրաժեշտ միջնորդական քայլեր՝ միտված նպաստելու իրավիճակի կարգավորմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով»:

22:00

Ազգային ժողովում ավարտվեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու պատգամավորների հանդիպումը։ Այն տևեց շուրջ երեք ժամ։ Հանդիպումից հետո նիստերի դահլիճի հետնամուտքով Դավիթ Տոնոյանն ու Շավարշ Քոչարյանը հեռացան, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկումը տվել է շատ հարցերի պատասխաններ: Հայաստանի դիվանագիտությունն անում է ամեն ինչ, որ այդ ոլորտում արձանագրվեն հաջողություններ։

Շարմազանովը տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից հնչել է 45 հարց: «Ամեն ինչ լինելու է շատ հզոր, մենք ոգևորված ենք»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝  հավելելով, որ բավարարված են Դավիթ Տոնոյանի հաղորդմամբ, և զինված ուժերը իրենց առաջ դրված խնդիրները բարձր մակարդակով կատարում են։ Լրագրողի հարցին, թե հայկական կողմը կորցրած հենակետեր ունի՞, թե. ոչ, Շարմազանովը պատասխանեց.

«Մենք նման հարց չենք քննարկել»։

Նախքան հանդիպումը ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը վերականգնել է կորցրած բոլոր դիրքերը:

20:30

Ստեփանակերտում ավարտվեց հայ և օտարերկրյա լրագրողների համար մամուլի ասուլիսը: Ասուլիսին խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանը, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանները՝ Արման Թաթոյանը և Յուրի Հայրապետյանը:

Վիկտոր Առուստամյանը նշեց, որ հայկական կողմը վերականգնել է ապրիլի 1-ի դրությամբ դիրքերը: Նա ներկայացրեց հայկական կողմի կորուստները նախորդ չորս օրերի ընթացքում.

29 զոհ

101 վիրավոր

14 տանկ

Ըստ Առուստամյանի՝ ադրբեջանական կողմի կորուստները կազմել են. 24 տանկ, 4 ԲՄՊ, 12 ԱԹՍ, 1 ինժեներական տեխնիկա, 1 Գրադ կայանք, 2 ուղղաթիռ:

Առուստամյանը ներկայացրեց ռադիորսով ձայնագրած մի ադրբեջանուհու խոսակցություն, որն ուղեկցվում էր ռուսերեն թարգմանությամբ: Ըստ այդմ՝ տիկինը ադրբեջաներենով իր բարեկամներին պատմում էր, որ մի հավատացեք Ադրբեջանի հեռուստատեսության ներկայացրած՝ սեփական զոհերի թվերին, դրանց թիվը ավելի մեծ է: Նա ասում էր, թե իրենք երկու հազար զոհ ունեն:

ՀՀ և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանները ասացին, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները՝ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծելով այս հարձակումը: Նրանց խոսքով՝ խախտվել են խաղաղ բնակչության իրավունքները: Թաթոյանը հիշատակեց Մարտունում երեխայի սպանությունը, հայ զինվորի գլխատված դիակը, Թալիշում ծերերի դաժան սպանություն:

19:20

ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ասում է՝ հրադադարի ռեժիմ  սահմանված չէ

Ազգային ժողովում մեկնարկել է Ղարաբաղյան առաջնագծում տեղի ունեցած մարտական գործողությունների վերաբերյալ քննարկումը։ Քննարկմանը մասնակցում են պատգամավորներ, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը։ Վերջինս մինչև նիստի մեկնարկը լրագրողներին ասաց, որ հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ այն պահպանելու։ Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է։

18:50

Հակառակորդը որոշ հատվածներում խախտում է հրադադարի շուրջ պայմանավորվածությունը: Պաշտպանության բանակը պատասխան քայլեր չի ձեռնարկում և ձգտում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

18:35

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը Դավիթ Տոնոյանը դեսպաններին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ:

«Դավիթ Տոնոյանը նշել է, որ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների և խոցված տեխնիկայի առկայությունն է:

Հանդիպման մասնակից դեսպանները խորը մտահոգություն են հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր դրդապատճառները և ռազմական գործողությունների վերջնարդյունքից Ադրբեջանի ակնկալիքները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԵՄ անդամ պետությունների դեսպանների ուշադրությունը հրավիրել է նաև հայ զինծառայողների մարտական բարձր պատրաստվածության, տոկունության և հայկական կողմի զուսպ, հավասարակշռված գործողությունների վրա»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

18:10

ՍիվիլՆեթի լրագրողը հաղորդում է, որ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն այսօր դուրս չի եկել լրագրողների մոտ։ Նախորդ երկու օրերին Ասատուրյանը ժամը 17-ին դուրս էր եկել ու լրագրողներին վերջին տեղեկությունները հայտնել վիրավորների թվի ու նրանց վիճակի վերաբերյալ։ Այսօր լրագրողները տեսել են, թե ինչպես է երկու շտապօգնության մեքենա հոսպիտալ մտել։

Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ վիրավորների թիվը 12-ն էր, նրացից միայն մեկն է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում. 19-ամյա Հայկ Թորոսյանը բեկորային վնասվածք ունի գլխի շրջանում։

18:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը:

Մինսկի խմբի անդամ պետությունները վերահաստատում են, որ պաշտպանում են ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերը և ողջունում են կողմերի հետ հնարավորինս շուտ ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց պլանները»:

17:50

Ուկրաինայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ «խոր մտահոգություն» հայտնելով ղարաբաղյան հակամարտության սրման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ուկրաինական կողմը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին` Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքով` նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ «ներկա իրավիճակը պերճախոս վկայությունն է այն բանի, որ «սառեցված հակամարտությունները» շարունակում են մնալ անկայունության օջախ ԵԱՀԿ ամբողջ տարածքում, կարող են բռնկվել ցանկացած պահի և հանգեցնել լայնամասշտաբ մարտական գործողությունների ու մարդկային մեծ կորուստների»:

Ուկրաինայի արտգործնախարարությունը հակամարտության կողմերին և միջազգային հանրությանը, նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, կոչ է արել գործադրել առավելագույն ջանքեր` «անհապաղ դադարեցնելու մարտական գործողությունները, մեղմելու իրավիճակը և շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:

17:10

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այցելության նպատակը վերջին մի քանի օրերին շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով, քաջալերել է զինծառայողներին և մաղթել շուտափույթ ապաքինում:

Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն ու զորակցությունն է հայտնել ինչպես զինծառայողներին, այնպես էլ նրանց տեսակցելու եկած ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակներ դաստիարակելու համար և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը և իր, և հոսպիտալի բուժանձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում է:

16:20

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի սահմանին՝ Դաղստանում, ապրիլի 4-ին տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Զորավարժությունները, որոնց մասնակցում է մոտ 1000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա, կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը:

15:50

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ շարունակում է տեղեկացնել մի շարք երկրների իր գործընկերներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Ապրիլի 4-5-ը Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրյոյի հետ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զրույց է տեղի ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

15:45

ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը Ջաբրայիլի շրջանից հաղորդում է, որ այսօր իրենց և մի խումբ միջազգային լրագրողների տարել են այն վայրը, որտեղ ընկել է ադրբեջանական «Սմերչը»: Նրա խոսքով՝ դա Արաքսի գետափնյա ճանապարհին է, «Սմերչն» ընկել է ասֆալտի վրա: «Տեսել ենք 300 մմ-անոց հրթիռը, ինչպես նաև ընկած ժապավենային (քլասթեր) ռումբ»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:

Տեսանյութը՝ մի քանի ժամից:

15:35

Սկսած ժամը 12:00-ից` ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում կրակը դադարեցվել է երկու կողմից, հաղորդում է ԼՂՀ ՊՆ Թվիթերի էջը:

15:25

ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագաները ապրիլի 9-ին կժամանեն Երևան: Նրանց կընդունի Սերժ Սարգսյանը: Հանդիպում կկայանա նաև Էդվարդ Նալբանդյանի հետ. այս մասին Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

15:10

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել ԼՂ հակամարտությունը: Ավելի վաղ Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել էր, որ Թբիլիսին կարող է միջնորդի դեր ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

15:00

Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:

Լուրը Hetq.am-ի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

14:05

Սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասիվ բնույթ են ստացել, գրում է Artsakh Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Կայքը գրում է, որ արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը:

13:50

Երեկ` ապրիլի 4-ին, գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջև:

Համաձայն ՌԴ ԱԳՆ հաղորդագրության` «նախարարները մտահոգություն են հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրության կտրուկ սրման առնչությամբ, որն արդեն հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում»: «Լավրովը և Շտայնմայերը միակարծիք են եղել, որ տարածաշրջանում դիմակայությունը չունի ռազմական լուծում, և կողմ են հանդես եկել կողմերի` զսպվածության դրսևորմանը, կրակի անհապաղ դադարեցմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացին վերադառնալուն»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է. «Երկու արտգործնախարարները նաև ընդգծել են բացառապես քաղաքական գործընթացի կարևորությունը: Այս առնչությամբ նրանք համակարծիք են եղել, որ ԵԱՀԿ-ն` Մինսկի խմբի հետ համագործակցությամբ, կենսական կարևորություն ունի միջազգային ջանքերի համախմբման հարցում` մեղմելու հակամարտությունը»:

Այսօր Վիեննայում նախատեսված է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը:

13:35

Հադրութից ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը, վկայակոչելով տեղի զինվորական ղեկավարներին, հաղորդում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դադարեցնել խոշոր տրամաչափի սպառազինության կիրառումը: Ներկայում ՍիվիլՆեթի խումբը, ինչպես նաև միջազգային լրագրողներ, մեկնում են այն վայրը, որտեղ ընկել է ադրբեջանական «Սմերչը»:

13:10

Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել հայկական կողմի զոհերի անուններ և լուսանկարներ`

Ավագ լեյտենանտ Ստեփանյան Մերուժան Արթուրի (ծնված 1993թ.)

կրտսեր սերժանտ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի (ծնված 1993թ.)

12:55

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրում է. Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը:

12:40

«Կրեմլում պահպանվում է անհանգստությունը: Իսկապես, իրավիճակը հարուցում է Կրեմլի լուրջ մտահոգությունը: Դուք գիտեք, որ ձեռնարկվում են գործուն ջանքեր ինչպես Ռուսաստանի, Երևանի և Բաքվի, այնպես էլ համապատասխան միջազգային կառույցների գծով: Այդ ջանքերը կշարունակվեն, որպեսզի առաջին հերթին կյանքի կոչվի վերադարձը հրադադարի ռեժիմին»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

12:35

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հրապարակել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքի և «Սմերչի» չպայթած հրթիռի լուսանկարներ` կատարելով հետևյալ գրառումը` «Աջ կողմում «Սմերչի» չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը» իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է: Էլ չասած` մոտ 50 մլն դոլարանոց «քցոցու» թեման: Մնացածը ինքներդ կհասկանաք: Հա մի լրացում էլ, եթե Ադրբեջանը «Սմերչ» չի օգտագործել, ապա այս հրթիռները երևի ոտքով են եկել»:

Աջ կողմում Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և "ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը" իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի ...

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Tuesday, April 5, 2016

12:20

Իրանական ISNA գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ջավադ Զարիֆը ասել է, որ Իրանը պատրաստ է դերակատարություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրում՝ ներգրավված կողմերի շահագրգռվածության դեպքում:

12:15

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ի պատասխան երեկ տարածված հաղորդագրությունում:

12:10

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 4-ին ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը:

12:05

Լավրովն ու Քերին հեռախոսով քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

«Ապրիլի 4-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում դիմակայության լարվածության կապակցությամբ՝ վերահաստատելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վռճական կոչը,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:-

Լավրովն ու Քերին դատապարտել են առանձին «արտաքին խաղորդների» ջանքերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը սրելու ուղղությամբ»:

Լավրովի և Քերիի հեռախոսազրույցին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Մարկ Թոները:

Ապրիլի 4-ին ճեպազրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ Քերին և Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ շփման գծում լարվածության աճը և Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են արել «վերսկսել կարգավորման շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ հովանու ներքո»:

Թոները վկայակոչել է պետքարտուղարի ավելի վաղ արած հայտարարությունը, որով նա դատապարտել էր բռնությունը:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը և խուսափել լարվածության հետագա սրումից,- հայտարարել է Թոները»:

11:50

Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է Ֆեյսբուքում հրապարակել զոհերի անուններ և լուսանկարներ`

Շարքային Ասատրյան Աղասի Սարմենի (ծնված 1996թ.)

կրտսեր սերժանտ Սարգսյան Վրեժ Վարդանի (ծնված 1989թ.)

շարքային Աբրահամայան Հարություն Հովհաննեսի (ծնված 1985թ.)

շարքային Սլոյան Քյարամ Քալալի (ծնված 1996թ.)

11:45

ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության մոտ տասնյակ հայեր հավաքվել էին հայտնելու իրենց աջակցությունը պատերազմական իրադրությունում հայտնված հայրենակիցներին: Լուսանկարները` այստեղ:

11:30

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությունը ԱՄՆ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել Լեռնային Ղարաբաղ այցելություններից: Այս մասին ասված է դեսպանության հայտարարության մեջ:

ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք այժմ Լեռնային Ղարաբաղում են, խորհուրդ է տրվում հեռանալ այնտեղից: Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ կառավարության անձնակազմին շարունակում է արգելված լինել ճանապարհորդությունները Լեռնային Ղարաբաղ, և ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի մնալ ԱՄՆ քաղաքացիների համար Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում:

Նշված է, որ դեսպանությունը տեղյակ է մամուլի հրապարակումներից, ըստ որոնց` Ադրբեջանի զինված ուժերին հրահանգվել է պատրաստվել հնարավոր հարձակման Ստեփանակերտ քաղաքի վրա: Նշված է նաև, որ իրադրությունը շարունակում է լարված մնալ նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով` Տավուշի մարզում:

10:40

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի և Ֆեյսբուքի իր էջերում գրառում է կատարել ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Աղոթում եմ բոլորի համար Հայաստանում և ամբողջ աշխարհում»,- գրել է Քիմ Քարդաշյանը: Նա օգտագործել է #‎PrayForPeace հեշթեգը, իսկ Ինստագրամում տեղադրել է նաև Հայաստանի դրոշն ու ՀՀ զինված ուժերի զինտեխնիկա պատկերող լուսանկար:

09:40

Լարվածության աճ է արձանագրվել Տավուշի հատվածում, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.): ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը»:

09:00

ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ Ադրբեջանը կիրառել է նաև Սմերչ:

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է»:

Զոհերի և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում: ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ «Սմերչն» օգտագործվել է Ղարաբաղի հարավային ճակատում:

*** ՍիվիլՆեթը շարունակում է հետևել ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում և դրա շուրջ զարգացումներին:

Իրադարձությունների ժամանակգրությունը՝ ապրիլի 2, ապրիլի 3, ապրիլի 4: