6 ապրիլ, 2016 15:15

Պատերազմի ստամոքսը

Բղավող հայրենասիրությունից տգեղ բան չկա: Այն կամ պատերազմի արդյունք է կամ նախապատրաստում է պատերազմի: Բղավող հայրենասիրությունը խաղաղություն չի սիրում: Բայց սա կես դժբախտությունն է: Ինքը սնվում է պատերազմով: Իր խաղաղությունը նա միշտ կոփում է ուրիշների արցունքով: Հրապարակային հայրենասերը մի մարդ է, որը ցանկացած այլ մտքի դեմ կանգնած է սեփական կոկորդով: Նա գիտի բղավել: Եվ նա արտահայտվում է միշտ այն ժամանակ, երբ իր ասածը վիճարկելու հոգեկան առողջություն չկա:  Ոչ մի պատերազմ ինձ չի հաշտեցնի այսպիսի հայրենասերի Հայաստանի հետ։

Իմ տեսած ամենաաղմկարար հայրենասերը Փանջունու դերակատար Նիկոլայ Ծատուրյանն է, որը 2013-ի ապրիլի 9-ին հայտարարեց՝ ի՞նչ կարևոր է՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է նախագահ, թե չի ընտրվել, նա նախագահ է: Որովհետև ընտրությունը խաղաղության արարք է, մինչդեռ քվե զավթելը՝ պատերազմի: Եվ այդ զավթումը մարսել է պետք, որովհետև այն կերակրում է: Հրապարակային հայրենասերը պատերազմի ստամոքսն է, իր հայրենասիրությամբ ինքն իր մարսողության տարածքն է բացում: Հրապարակային հայրենասերը քաղքենու մարտական ներկայացուցիչն է: Քաղքենին հարմարվողն է: Հրապարակային հայրենասերը նույն քաղքենին է, սակայն՝ մարտակոչով: Նրան արյուն է պետք, եթե փաստ է, որ «էս կռիվը շատ ջուր կքաշի»: Ինքը դեմ է, որ որևէ մեկը «վեր ընկնի տեղը»: Բոլորը պետք է ոտքի կանգնեն հանուն Հայրենիքի: Բղավող հայրենասերի մյուս ներկայացուցիչն, ըստ իս, Սերժ Սարգսյանն է: Նա էր հեռուստախցիկների դիմաց ասում՝ եթե Հայրենիքն ասի, որ Սուրիկ Խաչատրյանը պետք է գնա, մեռնի, ուրեմն պիտի գնա մեռնի: Հայրենիքը երբեք նման բան չի ասի, որտեղ Սուրիկ Խաչատրյանը մեռնողն է, իսկ «կոչ անողը»՝ ապրողը: Կարճ ասած, Հայրենիքը միշտ «ճառ ասողի» գոյության տարածքն է, զանգ կախողները սովորաբար զոհերն են։ Կամ, ինչպես երգահանն է ասում, լավագույն տղերքը։ Հայրենիքը երբեք նման բան չի ասի, որովհետև ասողը Սերժ Սարգսյանն է։ Հայրենիքը բերան չունի։ Ամեն ինչի անունը կարելի է դնել Հայրենիք, եթե քեզ համարում ես նրա կենտրոնը։ Եթե ապրողն ինքդ պիտի լինես, եթե, ի վերջո, թեման դու ես, ոչ թե՝ մյուսները։ Այդ ժամանակ ամեն ինչ դառնում է  Հայրենիք։

Հայրենասիրությունն, ըստ էության, դժվար զբաղմունք է: Որովհետև իր իրական կերպի մեջ այն արտահայտվում է լուռ: Ոչ ոք չի կարող նրան մատնացույց անել և ասել՝ տեսեք, Հայրենասերը եկավ: Որտեղի՞ց իմանան, որ ինքն է: Իրական հայրենասերի ձայնը չի լսվում: Որովհետև ինքը Հայրենիքն ընդգրկում է ներքին մարտահրավերներով, ինքը երբեք ժամանակ և տրամադրություն չի ունենա իր սերը բղավելու: Որովհետև Հայրենիքը կտավ չէ, որ ցույց տաս, թեորեմա չէ, որ ապացուցես, խնձոր չէ, որ ընկնի գլխիդ, «Ղարաբաղը մերն է» կոչով պատմահայրենասիրական նամակ չէ, որ ուղարկես Պուտինին, քար չի, որով կարելի է հակառակորդի գլուխ ջարդել: Հայրենիքը ներքին օրգան է: Եվ վիրահատության սեղանին էլ այն տեսանելի չես դարձնի: Հայրենիքը ներքին օրգան է, նույնիսկ եթե այն սիրած աղջիկ է, հայր է, մայր է, նվիրական մանկապարտեզ կամ աշխարհագրության ուսուցիչ: Իսկ այդ ներքին մարտահրավերները լռակյաց հայրենասերի գործն են, ինքը դրանք հաղթահարած է դուրս գալիս մարդամեջ, ամբողջությամբ մաքրված այդ մարտահրավերներից: Որպեսզի բախվի նորերին: Այդպիսի հայրենասերների օրինակները շատ են՝ հայ հողագործը, օրինակ: Նա «հայրենասեր» է դառնում, երբ հասկանում է, որ մթերած խաղողի փողը «քցել» են: Ու սկսում է բղավել, ճանապարհներ փակել, վկայել երեխաների դժվար ապագան։ Որովհետև ինքն արդեն ասպարեզ է դուրս գալիս մարդ չլինելու ամբողջ ռիսկով։ Որովհետև իրեն հաշիվ չի տալիս, որ «քցողը» հենց քցելու համար է մթերել։ Որ եթե նույնիսկ վճարի, ապա հատկապես այն ժամանակ, երբ փողն արդեն ջրի գին էլ չունի։ Որովհետև Հայրենիքը հողից բացի պայմանագիր է, իսկ ինքն այդ պայմանագիրը չունի։ Որովհետև, ըստ նրա, կարելի է Սահմանադրություն կեղծել, ծայրահեղ դեպքում՝ կարելի է լռել, երբ կեղծում են, իսկ, այ, սեփական քրտինքը «քցելու» համար կարելի է ճանապարհներ փակել։ Բայց նա էլ կգնա Ղարաբաղ։ Սուս ու փուս։ Ինքը սառած հակառակորդի դիպուկահարի աչալուրջ փողի տակ հող է մշակել, բայց այն այսօր տաք թշնամի է, որն արդեն «Սմերչ»-ով է գալիս։ Կգնա իր հողի անունից։ Գուցե դուստրերն էլ դա չիմանան։ Գուցե ոստիկանության միջոցով փորձեն անհայտ կորած ճանաչել կամ գուցե գլխի կընկնեն, որ իրենց հայրը ճակատում է։ Պատերազմն այսպիսին է։

Հրապարակային հայրենասիրությունը պահանջում է համերաշխություն: Ինքն իր մեջ հարցեր չունի, այն ամբողջությամբ լոզունգ է և սուտ: «Պետք լինի՝ կհասնենք Բաքու (կամ՝ պետք լինի՝ կհասնենք Երևան)»,-ասում է հրապարակային հայրենասերը: Սա այն մարդն է, որը զոհեր չունի, քանի որ յուրաքանչյուր զոհ կերակրում է նրան: Ինչպես, ասենք, խորովածի միսը: Նրա համար գոյություն ունի մեկ պատերազմ՝ երբ իրենից բացի բոլորն ապրում են: Չապրողի այս բարդույթը կայսրություններից մինչև ղշլաղներ ծնում է միջին վիճակագրական հրապարակային հայրենասերին, որն արդեն գիտի ապրել: Այս կռիվն աշխուժացնում է նոր հայրենասերներին: Նրանք արդեն ուրվագծում են տաքուկ անկողնու մայրամուտը: Իսկ դա թույլ չտալու համար իր թշնամին պետք է դառնա ուրիշինը: Եվ նա բղավում է թշնամու մասին, որպեսզի խլացնի տաքուկ անկողնու կորուստը: Մինչդեռ արյան բերան գնացող ոչ մեկն այդ մասին չի բղավի, բղավել պետք է նրան արյան բերան ուղարկելու համար: Ներքին օրգանը բղավում է միայն հիվանդության օրերին: Ներաշխարհը բղավում է միայն իր բացակայությունը: Հայրենիքը ներաշխարհի և այս իրականության բախումից ծվարած սերն է, որի վրա ոչ մի հրադադար չի տարածվումՄենք Հայրենիք ունենք, որի լռությունը խլացվել էր վերջին տարիներին, որին ամեն գնով ուզում էին սարքել իրենց հանցանքների Հայաստանի դաշնակիցը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: