7 ապրիլ, 2016 12:19

Ալիևն ընդգծել է Մոսկվայի դերը ԼՂ-ում հրադադարի հաստատման գործում

Lavrov Aliyev BakuԱպրիլի 6-ի երեկոյան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Լավրովը հայտարարել է, որ «ՌԴ-ն կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղի հարցում վստահության ամրապնդման ուղղությամբ»:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը նպաստելու է նրան, որ ԼՂ-ում հրադադարը պահպանվի:

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որով զբաղվել և զբաղվում ենք որպես Հայաստանի և Ադրբեջանի համար մերձավոր երկիր և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, առերեսվել է մարտահրավերի,- ասել է Լավրովը:- Ռազմական գործողությունների վերսկսումը ամենալայնամասշտաբն է վերջին տարիներին»:

«Մենք նախագահի, վարչապետի, արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի մակարդակով արեցինք անհրաժեշտ ամեն ինչ՝ օգնելու կողմերին, որպեսզի հրադադարի հաստատման շուրջ պայմանավորվածության հասնեն: Պատրաստ ենք նպաստել նրան, որ պայմանավորվածությունը չխախտվի. կարևոր է հանդարտեցնել իրադրությունը, և մենք ավելի գործուն կերպով կզբաղվենք քաղաքական կարգավորմամբ»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ՌԴ-ն լիովին սատարում է այն նախաձեռնություններին, որոնք ներկայում ձեռնարկվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից:

«ԵԱՀԿ-ի օգնությամբ, կարծում եմ, կկարողանանք … (կարգավորման հասնել): Շատ կարևոր է ամենամոտ ժամանակում միջոցներ ձեռնարկել և նախապայմաններ ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման համար»- TASS գործակալությունը մեջբերում է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարին:

Իր հերթին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հակված է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը:

«Ռուսաստանը կրկին հանդես եկավ նախաձեռնությամբ, և նրա միջնորդությամբ կողմերը հասան հրադադարի շուրջ պայմանավորվածության,- նշել է Ադրբեջանի նախագահը:- Ադրբեջանը հակված է բանակցային գործընթացի շարունակմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա»:

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի համար թանկ են հարաբերությունները Ռուսաստանի հետ և նշել, որ դրանք «բարձր մակարդակի» և «ռազմավարական գործընկերության» հարաբերություններ են:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ ապրիլի 7-ին Բաքվում կայանալիք՝ Ադրբեջանի, ՌԴ և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը տարածաշրջանային համագործակցության լուրջ գործընթացի սկիզբ կդնի: Հանդիպման ընթացքում, Ալիևի խոսքով, քննարկվելու են բազմաթիվ թեմաներ: