7 ապրիլ, 2016 12:47

Լավրովը ապրիլի 21-22-ին կայցելի Երևան

1003540891Ապրիլի 21-22-ին ծրագրված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Երևան. այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով` Լավրովի` «Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցեր, մտքեր փոխանակել եվրասիական թեմայի շուրջ»:

«Պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձություններով` առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հակամարտության գոտում իրադրության կայունացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումներին»,- ասել է Զախարովան:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում` հակամարտության գոտում իրադրության նորմալացման նպատակով:

«Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմի այդ ինտենսիվ ջանքերը կնպաստեն կայուն հրադադարի ռեժիմի և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերականգնմանը»,- ասել է Զախարովան:

Ներկայում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Բաքվում է: Երեկ նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Լավրովը հայտարարել է, որ «ՌԴ-ն կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղի հարցում վստահության ամրապնդման ուղղությամբ»: