7 ապրիլ, 2016 14:14

Ալիևը գիտի, որ ընդամենը մի քանի տարի ունի Ղարաբաղի հարցը լուծելու համար

Պետրոս Թերզյանը՝ ՍիվիլՆեթում դասախոսություն կարդալիս: Պետրոս Թերզյանը՝ ՍիվիլՆեթում դասախոսություն կարդալիս:

2015-ի տարեվերջին նավթի միջազգային գները գահավիժեցին մինչև 35 դոլար: Ադրբեջանում դա հանգեցրեց ազգային արժույթի՝ մանաթի գրեթե կրկնակի արժեզրկման: Ֆրանսիական Petrostrategies վերլուծական ընկերության տնօրեն Պետրոս Թերզյանի կարծիքով՝ Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիան պայմանավորված է նաև այդ հանգամանքով: ՍիվիլՆեթի հետ զրույցում Թերզյանը ներկայացրել է նավթի միջազգային շուկայի միտումները և դրանց ազդեցությունը Ադրբեջանի քաղաքականության վրա:

Պարոն Թերզյան, Ձեր կարծիքով ղարաբաղյան ճակատում ռազմական վերջին գործողությունները որևէ կերպ պայմանավորվա՞ծ են նավթի գնանկման արդյունքում Ադրբեջանի տնտեսական խնդիրներով:

Պետք է հասկանալ, որ Իլհամ Ալիևի ռազմավարությունը Ղարաբաղի հարցում մեծ մասով հիմնված է նավթի ու նավթի եկամուտների վրա։ Սա ամենակարևոր կետն է: Երբ նա իշխանության եկավ 2003-ի վերջին, որոշեց իր հոր ճանապարհով չգնալ ու փորձեց փոխել ուժերի հարաբերակցությունը Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ նավթի եկամուտների և դրա ընձեռած հնարավորությունների հաշվին։ Այսինքն՝ զենք գնել և հարաբերություններ զարգացնել մեծ պետությունների հետ՝ դառնալով նավթային կարևոր երկիր միջազգային շուկայում։ Այս ռազմավարությունը սկզբում հաջողության ունեցավ:

2003-ին, երբ Ալիևը իշխանության եկավ, նավթի գները սկսեցին բարձրանալ և 2008-ի հուլիսին հասան 147 դոլարի։ Այդ շրջանում Ադրբեջանի նավթի արտադրությունը սկսեց աճել, և իսկապես այդ ռազմավարությունը հաջող ընթացքի մեջ էր, մինչև դեպքերը փոխվեցին։ Փոփոխությունը տեղի ունեցավ 2011-2012 թթ., երբ Ադրբեջանի նավթի արտադրությունը չհասավ նախատեսված մակարդակին, և ընդհակառակը՝ սկսեց նվազել։ Նախատեսվածից 10 միլիոն տոննա նավթ պակաս արդյունահանվեց, որովհետև նավթահորերում ճնշումը սկսել էր նվազել։ Այդ ժամանակ Իլհամ Ալիևը [ադրբեջանական նավթահորերի և նավթատարների միջազգային օպերատոր] British Petroleum-ին մեղադրեց խոստումները չկատարելու համար ու պահանջեց, որ նրանք արտադրությունը վերականգնեն։ Անշուշտ, արտադրությունը չհաջողվեց վերականգնել, և British Petroleum-ը լավագույն դեպքում հազիվ կարողանա նվազեցնել անկումը:

Երկրորդ հարվածը, որը մահացու էր, Ադրբեջանը ստացավ, երբ սկսվեց նավթի գների անկումը։ Այդ անկումը սկսվեց 2014-ի ամռանը, և այսօր ադրբեջանական նավթը վաճառվում է 35 դոլարով, մինչդեռ այն ժամանակին վաճառվում էր 115 դոլարին մոտ։ Այսինքն, երեք անգամ կրճատվեցին Ադրբեջանի եկամուտները։ Եթե ժամանակին Ադրբեջանը տարեկան 20 մլրդ դոլարի եկամուտ ուներ, այս տարի լավագույն դեպքում կարող է ունենալ 4 մլրդ դոլար: Այսինքն այդ ամբողջ ռազմավարությունը՝ նավթը վաճառել, զենք  գնել, դառնալ նավթային մեծ երկիր ու կարևոր գործընկեր Ամերիկայի, եվրոպական երկրների և մյուսների համար, ուղղակի փուլ եկավ։ Սա պետք է հասկանալ։

Այսօր Իլհամ Ալիևը շատ դժվար կացության առաջ է: Ադրբեջանի տնտեսությունը նավթի պատճառով սկսել է անկում գրանցել, և նրա համար դժվար է դա կասեցնել:
Այսօր Իլհամ Ալիևը շատ դժվար կացության առաջ է: Ադրբեջանի տնտեսությունը նավթի պատճառով սկսել է անկում գրանցել, և նրա համար դժվար է դա կասեցնել, որովհետև չի ակնկալվում, որ ապագայում նավթի գները կբարձրանան, մանավանդ որ Ադրբեջանի նավթային պաշարները սկսել են հետզհետե պակասել։ Այսինքն, նրանք իրենց ունեցած նավթի կեսն արդեն արտադրել են, մյուս կեսը, որ շուրջ 3 մլրդ տակառ է գնահատվում, առաջիկա տասը տարիների ընթացքում կվերջանա, եթե այսօրվա տեմպերով սկսեն նավթ արտադրել։

2014-ի սեպտեմբերին Ձեր ղեկավարած ընկերությունը կանխատեսում էր, որ 2019-2020 թթ. Ադրբեջանի դիրքերը Ղարաբաղի հարցում կթուլանան: Ըստ Ձեզ՝ նավթի գնաանկումն ու Ադրբեջանի տնտեսական խնդիրնե՞րն էին Ղարաբաղի ճակատում նրա գործողությունների պատճառը։

Իմ կարծիքով, ամենակարևոր պատճառներից մեկը, որովհետև Իլհամ Ալիևը գիտի, որ իր առաջ մի քանի տարի ունի այս հարցը լուծելու համար։ Դրանից հետո ուշ պիտի լինի: 2003-ին, երբ նա իր այս ռազմավարությունը սկսեց, կարծում էր, որ ժամանակն ու պատմությունն ի նպաստ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի ու Ղարաբաղի են աշխատում։ Հիմա ճիշտ հակառակը կարելի է ասել, ժամանակն ընթանում է ի վնաս Ադրբեջանի, նավթի արտադրությունը նվազելու է, ու գները չեն բարձրանալու մի քանի տարվա ընթացքում: Հետևապես Ալիևը պետք է ճանապարհ որոնի այդ հարցը լուծելու համար։ Վերջին օրերի իրադարձություններն այս ծիրից ներս պետք է դիտարկել:

Երկու տարի առաջ Petrostrategies-ը մի հոդված հրապարակեց, որտեղ խոսվում էր ղարաբաղյան ուժերի կողմից ադրբեջանական նավթա- և գազատարները խոցելու ռիսկի մասին՝ նկատի առնելով, որ շփման գծից այդ խողովակները մոտ 30 կմ-ի վրա են: Ի՞նչ եք կարծում, պատերազմի հետագա էսկալացիայի դեպքում հնարավո՞ր է դրանց հարվածել զուտ ռազմավարական առումով, և եթե հայկական կողմը խոցի դրանք, ի՞նչ ազդեցություն դա կունենա նավթի միջազգային գների վրա և մասնավորապես Ադրբեջանի տնտեսության վրա։

Երբ այս վերջին դեպքերը սկսվեցին, միջազգային լրատվամիջոցները, որոնց թվում էր Bloomberg-ը, հիշեցրին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը անցնում է ռազմական գծերից ոչ այնքան հեռու։ Մտահոգություն կա, որ եթե դեպքերը զարգանան, վնաս կհասցվի այդ նավթատարին: Անշուշտ, լուրջ մտահոգություն է հատկապես եվրոպացիների համար, որովհետև ադրբեջանական նավթը մեծ մասամբ դեպի եվրոպական շուկաներ է ուղղվում։ Նման որոշում կայացնելը շատ ծանր է, միջազգային հետևանքներ ունի, այդուհանդերձ այդ ռիսկը կա, և եթե դեպքերը վատ ընթանան, կարող է նավթատարը վնաս կրել: Նման իրավիճակի մենք ականատես եղանք ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Հարավային Օսիայի մոտ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի երկու կողմերում ռուսական ռումբեր ընկան: Դա որոշակի ազդանշան էր նավթի շուկայի մասնակիցներին։

Միջազգային լրատվամիջոցները, որոնց թվում էր Bloomberg-ը, հիշեցրին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը անցնում է ռազմական գծերից ոչ այնքան հեռու:
Ղարաբաղում վերջին դեպքերի ընթացքում ևս կար այդ վախը, թե ի՞նչ պիտի լինի։ Պետք է իմանալ, որ տարիների ընթացքում, երբ Ադրբեջանի նավթային հզորությունը պակասի, այդ նավթատարներն իրենց կարևորությունը սկսելու են կորցնել: Այսինքն՝ հինգ-վեց տարի հետո այդ նավթատարը պետք է դառնա երկրորդական նավթատար, երկրորդական նավթային գործոն։

Նավթի միջազգային գների այս մակարդակը որքա՞ն ժամանակ կարող է պահպանվել և ի՞նչ միտումներ կան։

Միջազգային շուկան երկու տարի է, ողողված է նավթով։ Արտադրությունը շատ բարձր է՝ համեմատած սպառման ու պահանջի։ Այս դրությունը հավանաբար պետք է շարունակվի առաջիկա մեկ-երկու տարիներին։ Այս տարի՝ 2016-ին, լավագույն դեպքում նավթի գները կարող են լինել 35-40 դոլար, առավելագույնը՝ 45 դոլար։ Հիշեցնեմ, որ անցյալ տարի՝ 2015-ին, Ադրբեջանի նավթի միջին գինը 53-54 դոլար էր, և բավական մեծ անկում կա։

Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը նավթ արտադրելու համար հետզհետե ավելի մեծ միջոցներ է ծախսում, որովհետև նավթահորերում ճնշումը սկսել է պակասել։ Ի՞նչ է նշանակում սա: Սա նշանակում է, որ նրանք պետք է հավելյալ գազ ներարկեն նավթահորերի մեջ, իսկ դա նշանակում է հավելյալ ծախս ու նվազ շահույթ: Այսինքն՝ նավթի 35-40 դոլար գնի վրա այսօր պետք է հաշվել 15-20 դոլարի չափ լրացուցիչ ծախսեր, հետո մնացած գումարի վրա է, որ նրանք շահույթ ունեն՝ անշուշտ մի կողմ դնելով միջազգային ընկերությունների բաժինը։

Միջազգային շուկայում հնարավորություն չկա, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում նավթի գներն էապես բարձրանան: Լավագույն դեպքում 2017-ին կարող են հավասարվել 2015-ի մակարդակին, իսկ 2018-2019-ին սկսեն բարձրանալ: Սակայն մինչ այդ Ադրբեջանի նավթային պաշարները շարունակելու են նվազել։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանը տարեկան արտադրում է 300-350 մլն տակառ նավթ: Նրանց պաշարները այսօր հազիվ 3 մլրդ տակառի են հասնում: Դա նշանակում է, որ մինչև գները բարձրանան, Ադրբեջանի նավթի արտադրությունը կնվազի:

Իսկ ի՞նչ կասեք գազի պաշարների մասին։ Ադրբեջանը հաճախ է խոսում, որ գազի այնքան պաշարներ ունի, որ կարող է ապահովել ամբողջ Եվրոպայի պահանջարկը։ Այս պնդումներն արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը։

Սա շատ կարևոր կետ է, որովհետև մարդիկ հաճախ ասում են, թե Ադրբեջանի նավթը մի օր պետք է վերջանա, բայց գազի պաշարները շատ մեծ են։ Այստեղ մեծ շփոթմունք կա գազի ու նավթի միջև։ Նավթի շուկան ազատ է, արտադրողը կարող է որևէ մեկին վաճառել բորսայում՝ առանց երկարատև հանձնառություններ վերցնելու: Գազի շուկան բոլորովին այլ է։

Գազի դեպքում նախքան արտադրությունը պետք է պայմանագրեր ստորագրել։ Ադրբեջանը պայմանագրեր է ստորագրել թե՛ Թուրքիայի, թե՛ Եվրոպայի հետ։ Ի՞նչ է նշանակում պայմանագիր ստորագրել։ Նշանակում է, որ այն օրը, երբ Ադրբեջանը ստորագրեց այդ պայմանագրերը, այսինքն՝ 2013-ի դեկտեմբերին, այդ օրվանից Ադրբեջանը ստիպված է ամեն ինչ անել, որ գազը հասնի իր շուկա՝ Թուրքիա, Եվրոպա: Իսկ դա նշանակում է մոտ 50 մլրդ դոլարի ծախս, իսկ հետո էլ նշանակում է, որ պետք է սպասել, մինչ այդ գումարը գտնեն, ու միայն դրանից հետո՝ 2025-ին պետք է սկսեն եկամուտ ստանալ գազից։ Այդ եկամուտները չեն կարող համեմատվել նավթի հետ. նավթի եկամուտներն ավելի բարձր են: Այս դեպքում, որպեսզի գազի եկամուտներից շահույթ ստանան, նավթի գները պետք է հասնեն մինչև 80 դոլարի:

Մի կողմից Ադրբեջանի շահույթն է նվազում նավթից, մյուս կողմից նրանք չեն կարող խաղալ գազի հետ, ինչպես կարող են խաղալ նավթի հետ, որովհետև նավթն ազատ վաճառվում է բորսայում, իսկ գազը ստիպված են վաճառել ըստ պայմանագրի։

Այսօր Ադրբեջանի մասին խոսվում է որպես մեծ գազային երկրի, բայց այդպես չէ իրականությունը։ Եվրոպա ուղարկվող գազի ծավալը 10 մլրդ խորանարդ մետր է տարեկան ու սա ոչինչ է եվրոպական հսկայական շուկայում, էլ չեմ խոսում միջազգային շուկայի մասին։ Ուրեմն, պետք չէ չափազանցնել: Այո՛ Ադրբեջանն ունի պաշարներ, բայց.

  1. այդ պաշարներն անսահման չեն,
  2. շուկայի համեմատ մեծ բան չեն ներկայացնում,
  3. գազ արդյունահանելու համար Ադրբեջանը պետք է մեծ ծախսեր անի՝ շահույթի հաշվին,
  4. Ադրբեջանը գազի պայմանագրերի գերին է, մինչդեռ նավթը կարող է վաճառել՝ ում ուզի:
Այսինքն՝  պետք չէ համեմատել գազի ու նավթի պարագան, և դա Ադրբեջանը շատ լավ գիտակցում է:

Զրուցել է Կարեն Հարությունյանը