7 ապրիլ, 2016 15:21

Հայ դիվանագիտության ինքնախաբեությունը

5-edvard-nalbandyanԹուրքիայի հետ սկսում ենք երկխոսություն, արդյունքում հասնում ենք մի կետի, երբ հարևան խոշոր ու հզոր երկրի հետ կորցնում ենք ցանկացած տեսակի հարաբերություն ու շփում և սկսում տեղի-անտեղի քար գցել Էրդողանի այգին՝ չփորձելով ինքներս մեզ համար հստակեցնել դրանից մեր օգուտը: Բացե՛ք և կարդացե՛ք 1918-20 թվականների պատմությունը, իրական պատմությունը, ոչ թե դասագրքային: Միգուցե որոշ դասեր քաղեք:

Եվրոպայի հետ սկսում ենք ասոցացման բանակցություններ, չորս տարի բանակցում ենք, ու հանկարծ մեկ օրում որոշում, որ ԵՏՄ-ում ավելի լավ է ու անվտանգ: Վերջին հինգ օրվա պատերազմը պատասխանեց այն պնդմանը, որ ԵՏՄ-ին անդամակցությունը անվտանգության հարցեր է լուծում: ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցներ Բելառուսն ու Ղազախստանը ակնհայտ ադրբեջանամետ կեցվածք ընդունեցին, իսկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ն՝ Ղազախստանի պահանջով՝ Ղարաբաղում պատերազմի անհեթեթ հիմնավորմամբ, չեղարկեց իր հանդիպումը Երևանում: Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ հատկապես այս օրերի  նիստը հենց Երևանում անցկացվեր, և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ցույց տար իր համերաշխությունը մեզ հետ և սաստեր կրտսեր գործընկեր Ղազախստանին: Դա տեղի չունեցավ: Ավելին, Ռուսաստանի վարչապետը, որ երկօրյա այցով լինելու էր Երևանում, որոշեց այդ երկու օրերից մեկն անցկացնել Բաքվում:

Բայց Ռուսաստանին մեղադրելուց առաջ փորձենք հասկանալ, թե մենք ինչ աշխատանք ենք արել մեզ հարգել տալու և մեզ հետ հաշվի նստելու համար: Փորձենք հասկանալ՝ ովքեր և ինչպես են աշխատել կամ չաշխատել մեզ համար այդքան կարևոր երկրի հետ: Ընդամենը հիշենք, որ այս մի քանի տարվա ընթացքում Մոսկվան 1 մլրդ դոլարից ավելի զենք է վաճառել Ադրբեջանին՝ շատ լավ հասկանալով, թե ում դեմ է ուղղվելու այն: Մեր արտգործնախարարը դա բիզնես է կոչում: Նորից փորձենք խնդիրը մեր մեջ որոնել: [Ի դեպ, այս օրերին, երբ աշխարհի ամենատարբեր ղեկավարներ ու արտգործնախարարներ հայտարարություններ են անում Ղարաբաղի հարցով, մեր արտգործնախարարը պահպանում է քար լռությունը]:

Իհարկե, մեր դիվանագիտական համակարգում դեռ ունենք բազմաթիվ լավ դիվանագետներ ու պրոֆեսիոնալներ, որոնք լռելյան մեծ աշխատանք են կատարում իրենց տեղում, սակայն ունենք նաև շատ դեսպաններ, որոնք այդ պաշտոններում են միմիայն Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցելու համար: Իսկ Հայաստանի համար որոշ շատ կարևոր մայրաքաղաքներում ու քաղաքներում դիվանագետներ են նշանակվում մարդիկ, որոնք հեռու են դիվանագիտությունից և երբեմն էլ ոչ միայն լեզու, այլև մայրենի լեզուն չգիտեն:

Տարիների աշխատանքը, երբ սեղանի վրա դրված փաստաթղթում ամրագրվել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքը, և դա Ադրբեջանն ընդունել էր որպես բանակցային հիմք, ի չիք է դարձել: Բանակցությունները փակուղի են մտել նաև այն պատճառով, որ նախագահների և արտգործնախարարների միջև չկա նվազագույն անձնական վստահություն ու հարգանք: Անշուշտ, դրանում մեղավոր է նաև ամբարտավան Ալիևը: Բայց փաստ է նաև, որ 1991-ից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նման խոր անսվտահություն երբեք չի եղել, անգամ պատերազմի ամենաթեժ տարիներին:

Ադրբեջանի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո կամ առաջ մեր արտգործնախարարը հայտարարում է, թե միջնորդները, միջազգային հանրությունը աջակցում են Հայաստանի տեսակետին և արդեն սովորույթի ուժով ամեն անգամ խոսում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին:

Դիվանագիտական այս օնանիզմի հետևանքներն ամբողջությամբ ընկել են մեր բանակի ուսերին:

Տնտեսական օնանիզմն ու 80-ականների զենքով դուխով կռվելու օնանիզմն ուրիշ թեմա է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: