8 ապրիլ, 2016 15:50

Պարտված ցողուններ

korea-472x265 Վերցնում ես 50-ականների մարմինդ ու տանում Հարավային Կորեա՝ 2010-ականների ցողունային բջիջներով պատվաստելու: Դա խաղաղության շնորհն է քո առողջությանը:

Եվ այսպես՝ 44 զոհ: Իսկ զենքերը, որոնցով կրակել ենք, 80-ականների էին: Թող Ալլահն ինձ ների, բայց նույնիսկ Աֆրիկայում էդ զենքերով կռիվ-կռիվ են խաղում առանց զոհեր ունենալու պատրանքի: Եվ ոգի էլ դեմ չեն տալիս, պարզապես կռիվ-կռիվ են խաղում: Որովհետեւ նույնիսկ Աֆրիկայում ժամանակն առաջ է շարժվում, եւ այսօրվա պատերազմի համար կան այսօրվա զենքերը: Նույնիսկ «Իսլամական պետությունն» է այսօրվա զենքերով կռվում:

Ես ոչինչ չունեմ ասելու, ես դեմ եմ, որ զենքերը գործի դրվեն: Կապ չունի՝ ընդդեմ ում: Եվ կապ չունի, թե ինչպիսի զենք: Նույնիսկ պարսատիկին եմ դեմ: Դեմ եմ եւ վերջ: Նույնիսկ կնոջ սովորական բղավոցին եմ դեմ որպես զենքի: Որովհետեւ խաղաղությունը ոգեշնչող բնույթ ունի: Դիցուք, վերցնում ես 50-ականների մարմինդ ու տանում Հարավային Կորեա 2010-ականների ցողունային բջիջներով պատվաստելու: Դա խաղաղության շնորհն է քո առողջությանը: Կամ՝ վերցնում ես հանրապետության փողերն ու տանում Պանամա: Որպեսզի կյանքդ 2016-ի ոչ մի միլիարդատիրոջ վայելած հաճույքներից հետ չմնա: Սա, իհարկե, փախուստ է, որովհետեւ դու խաղաղության փողերն ես տանում երկրից՝ մեզ թողնելով պատերազմի փողերը: Կամ՝ պետական ծառայողների սպասարկման համար գնում ես 1072 խիստ ժամանակակից արտասահմանյան ավտոմեքենա: Ինչ-որ հրաշքով այդ պետական ծառայողները գրեթե ամբողջ բուսաթով հանրապետականներ են, բայց... լավ ես անում:

Կամ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար դու փող չունես, որովհետեւ բանակիդ ծախսերը մեծ են ու Ֆեյսբուքով են հավաքում հիվանդ երեխաների բուժման ծախսերի հազիվ 10 տոկոսը: Բանակիդ վրա հոխորտացող չկա: Որովհետեւ մեր սահմաններն ավելի շոշափելի են, քան նույնիսկ՝ Վրաստանինը: Բյուջեում բանակիդ եւ պաշտպանունակության ծախսերդ հրապարակելիս սովորաբար 95 տոկոսը չես հրապարակում, ու մենք հարցեր չենք տալիս: Ասում ենք՝ բանակի համար է: Այսինքն, ոչ թե՝ պատերազմի համար, այլ՝ որ բանակը մարտունակ լինի, ու մեր երեխաները՝ ողջ: Մենք գրեթե աղոթքով ենք զիջել էս տեղեկատվությունը, որպեսզի մեզ թշնամու տեղ չդնեք: Իսկ հիմա պարզվում է, որ կռվել ենք 80-ականների զենքով:

Ես չեմ ասում՝ ինչի չենք կռվել 2010-ից հետո արտադրված զենքերով, որովհետեւ զենքը մահ է, իսկ մահից չեմ սիրում խոսել: Ես ասում եմ՝ ինչո՞վ էիք զբաղված դուք, ինչու՞ խաղաղությունն այնքան ամուր չէր, որ նույնիսկ Սմերչը ձեր կամքից անկախ չպայթեց: Ես ասում եմ՝ դուք, շատ մեղմ ասած, ձեր տեղում չեք, որովհետեւ դուք արդեն պատերազմ ունենալու բջիջներով եք կառավարել այս Հայաստանը: Դուք նորագույն զենքերը դրել եք ձեր տակն ու կռվել հովվի ֆայմի ողորմածությամբ: Ձեզ համար զինվորը ձեր իշխանության թիկնազորն է, մարտի 1-ը՝ վկա: Ձեզ համար զինվորը ձեր կարեւորության զենքն է: Ձեզ համար միակ ժամանակակիցը զինվորն է, որը նաեւ քվե է: Ձեզ համար միակ իրական զինվորը մեռածն է, որը հենց քվե է: Դուք՝ իշխանություններդ, նույնիսկ միմյանց ապրողի աչքերով չեք նայում: Ասում եմ ձեզ՝ վախեցրեք մեզ հակառակորդով, բայց մայրերին ապահովագրեք արցունքներից: Դուք սա չեք կարող անել ու չեք անի, որովհետեւ մեռնողը դուք չեք, դուք մահվան սցենարիստն եք: Մեդալի համար փող ունեք, զինվորի հուղարկավորությանը ճառ ասելու համար կոկորդ ունեք, բայց տուն վերադառնալու եւ ձեր երեխաներին ու թոռներին գրկելու համար ունեք ձեռքեր ու դրանք երբեք պարապ չեն մնա: Իսկ մեր մայրերը չէին լացի, եթե կրակեր նորագույն մի զենք, որը հակառակորդին «սկուտեղի» վրա կմատուցեր հրադադարի ուղերձը: Բայց դուք մեդալի էժան մետաղը վաղուց եք պահեստավորել, զինվորի հուղարկավորության ճառերը վաղուց եք անգիր արել եւ վիրավորներին այցելելու համար հիվանդանոցների խալաթները ձեր հագով վաղուց էին կարված: Երբ նրանց՝ ադրբեջանցիների, փամփուշտներն էլ էին 80-ականների:

Դուք խաղաղությունն ամեն արտագաղթողի հետ երկրից դուրս բերեցիք, ինչպես Միհրան Պողոսյանի օֆշորի փող: Դուք խաղաղությունն անխնամ պահեցիք ինչպես ապրող մարդու քվե: Դուք խաղաղությունը սարքեցիք անպտուղ ճշմարտություն, ինչպես քաղաքական պատճառներով ձերբակալվածի հակափաստարկ դատարանում: Դուք խաղաղությունը սարքեցիք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կրակին տրվող Թուրքիայի դրոշ: Որովհետեւ դուք բոլոր այս տարիներին միայն ձեզ եք խնամել: Եվ ձեզ այնքան իրավունքներ եք վերապահել, որ քիչ է մնում ասեք, թե ձեզ մեր համար եք խնամում: Մեզ համար պետք չէ, ընկերներ, մեզ մնար, ձեզ գուցե հակառակորդի մոտ գերի ընկած մեր տղաներով փոխանակեինք: Դուք պիտի խաղաղությունը խնամեիք, ձեր ցողունների վրա պետք է խաղաղության տերեւը «փողփողար»: Բայց դուք պետության ներկայացուցիչներ չեք եղել: Այլապես զինվորի ոգին դեմ չէիք տա մեզ ու թեթեւ շնչով կերցնեիք, որ զիջել: Գալու է օրը, ու դրանք նույն բանն են լինելու: Իսկ դա նշանակում է, որ դուք արդեն պարտված եք, ու էդ զենքը, որ սահմանին է, ուղղվելու է միայն մեր դեմ: Դուք պետք է հեռանաք հենց այն պատճառով, որ ձեր անվտանգությունը մեր անվտանգությունը չէ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: