9 ապրիլ, 2016 10:13

Իրավիճակը Ղարաբաղում. ապրիլի 9-10 (թարմացվող)

19:30

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաղորդագրություն է տարածել, որ այսօր աջակցել է կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին լարվածության հետևանքով զոհվածների մարմինների փոխանցմանը։

17:00

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝  համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։

14:15

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականների համատեղ հայտարարությունը

Ապրիլի 9-ին ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

2016թ. ապրիլի 2-5-ը, կոպտորեն խախտելով 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև), Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ: Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահամանամերձ և խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) տիպի հրթիռահրետանային կայանք և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152մմ հրանոթներ), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր: Անվտանգության խնդիրներից ելնելով` տարհանվել են Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակիչները:  Ադրբեջանական բանակի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված վայրագությունների ու անմարդկային բռնարարքների ապացույցները բազմաթիվ են:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:

Նույն օրերին ադրբեջանական ագրեսիայից Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու հարվածն իր վրա է վերցրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, որը ձեռնարկել է հնարավոր միջոցները՝ կասեցնելու ռազմական լայնածավալ հարձակումը:

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ուսումնասիրելու և դրանց արդյունքներն, ընդունված կարգով, միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

13:00

ՀՀ ՊՆ հայտարարությունը

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում նախորդ օրերի համեմատությամբ լարվածությունը նվազել է: Արձանագրվել են մի քանի կրակահերթեր: Իսկ Հայաստանի և Նախիջևանի սահմանագոտում առհասարակ կրակոցներ չեն արձանագրվել:

ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

11:30

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված ևս չորս զինծառայողի անուն: Նրանք են` ազատամարտիկ Ճարտանյան Սուրեն Միսակի, շարքային Պետրոսյան Արտակ Այգավարդի, կրտսեր սերժանտ Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի, շարքային Աղաջանյան Միշա Կամոյի:

10:00

ԼՂՀ ՊԲ հայտարարությունը

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:

Ապրիլի 9

22:00

Արտգործնախարարն ընդունել է համանախագահներին: Նալբանդյանն ասել է՝ «հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար»:
ԱԳՆ հաղորդագրությունը.
«Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրին Ստեփանակերտում` Արցախի իշխանությունների և Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։

Խոսելով մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացած Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Բոլորի համար ակնհայտ է, որ այս հարձակումը նախորոք ծրագրված և նախապատրաստված գործողություն էր։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին այս ուղղությամբ գործադրվող քայլերի մասին»։

20:15

Սերժ Սարգսյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:

17:30

Ավելի քան մեկ ժամ ուշացումով Երևանում մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ասուլիսը: Համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը Երևան գալուց առաջ եղել են Բաքվում և Ստեփանակերտում:

Պոպովն ասում է, որ իրենց հիմնական նպատակը իրավիճակի կայունացումն էր, ոչ թե պատասխանատուներին գտնելը, թե ով է սկսել առաջինը: Կողմերը մտադիր են, առնվազն պայմանավորվել են պահպանել հրադադարը, որի շուրջ համաձայնության են եկել Մոսկվայում: Գիտակցումը կա, որ պետք է վերադառնալ քաղաքական երկխոսության: Կհանդիպենք նորից մեկ շաբաթ անց: Զոհվածների մարմիննները վերադարձնելու հարցով զբաղվում է Կարմիր խաչը:

Մինսկի խումբն առաջարկությունների ի՞նչ փաթեթ է քննարկում, արդյոք դա ենթադրում է խաղաղապահների տեղակայում

Իգոր Պոպով. «Լավրովը բազմիցս ասել է, որ Լավրովի ինչ-որ փաստաթուղթ չկա, կա համանախագահների ներկայացրած փաստաթուղթ, որը հիմնված է երեք սկզբունքների և վեց տարրերի վրա: Ուժի բացառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Վեց տարրերի մեջ՝ կարգավիճակի հարցը և տարածքների վերադարձը, որը հնարավոր չէ մեկը մյուսից առաջ դնել: Այս երկու տարրերից բացի՝ կա փախստականների վերադարձի հարց, Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնության և կարգավիճակի հարցը և այնտեղ խաղաղապահ օպերացիայի հարցը: Խաղաղապահների հարցը կլինի համաձայնագրի ստորագրումից հետո»:

Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին

Ուորլիքն ասում է, որ այդ հարցը բարձրացրել են մայրքաղաքներում: «Մենք խորապես ցնցված ենք մարդու իրավունքների ոտնահարումների համար: Մենք տեսել ենք լուսանկարները, լուրերը, և որպես արդյունք՝ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ և խնդրել նրան՝ մանրամասն հետազոտելու թե ինչ է կատարվել: Մենք իսկապես շատ անհանգստացած ենք մարդու իրավունքների խախտումներով»:

Բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության մասին

Պոպով. «Ինչ-որ պահից սկսած, այո, Ղարաբաղը պետք է միանա բանակցություններին՝ շրջանակային համաձայնագրի սահմաններում: Այդ թեման բանակցությունների առարկա է»:

Վստահության ամրապնդման մեխանիզմի ստեղծման մասին

Պիեռ Անդրիո. «Մենք արդեն մի քանի տարի է՝ խոսում ենք դրա մասին, և աշխատելու ենք այդ ուղղությամբ»:

Մինսկի խմբի ֆորմատի մասին

Ուորլիք. «Այս պահին Մինսկի խմբի ֆորմատի փոփոխության մասին խոսք չկա: ԵԱՀԿ-ն Վիեննայում կարգավորման երկար տարիների ընթացքում առաջին անգամ ընդունեց շատ կարևոր հայտարարություն՝ կոչ անելով անմիջապես դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները համապարփակ կարգավորման ուղղությամբ և աջակցել համանախագահներին: Թույլ տվեք լինել հստակ՝ Թուրքիան միացել է այդ հայտարարությանը և ստորագրել:  Մենք ակնկալում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների, այդ թվում Թուրքիայի հետ»:

16:20

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել ԼՂ-ում իրավիճակի սրման վրա թուրքական գործոնի ազդեցությունը: Այս մասին նա հայտարարել է իր հեռուստահարցազրույցներից մեկում:

16:15

Երևանում անցկացվում է ցույց` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի: Ցույցի մասնակիցները երթով գնում են դեպի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատներ: Դիտեք ՍիվիլՆեթի ուղիղ միացումը:

15:15

ԼՂՀ Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից մարտադաշտում թողնված հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների համար նախատեսված համազգեստի, կապի միջոցների և զինամթերքի պարագաների լուսանկարներ:NKR MIL1

 

 

 

 

 

15:00

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ևս 6 զոհերի անունները:

Նրանք են շարքային Տիգրան Աբգարյանը (1996թ․), Գևորգ Վարդանյանը (1996թ․), Անդրանիկ Զոհրաբյանը (1996թ․), Դավիթ Հայրապետյանը (1997թ․), պայմանագրային շարքային Հրաչյա Մուրադյանը (1983թ․) և ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը (1991թ․):

14:45

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «ԼՂ հիմնախնդրի լուծումը շատ պարզ է. հայկական զորամիավորումները պետք է դուրս գան բռնագրավված տարածքներից, ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հողեր, որից հետո տարածաշրջանում կարող է հաստատվել խաղաղություն և անվտանգություն»:

Ադրբեջանի առաջնորդը պնդում է, որ իր երկիրը «սեփական տարածքն է պաշտպանում և աչք չունի այլ պետությունների տարածքների վրա»:
«Մենք թույլ չենք տա, որ ադրբեջանական տարածքներում երկրորդ հայկական պետությունն ստեղծվի»,- այսօր կառավարության նիստին ասել է Ալիևը:
Վկայակոչելով միջազգային հանրության արձագանքը ԼՂ-ում իրավիճակի սրմանը և բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ հայտարարությունները` Ալիևը ասել է. «Մենք էլ ենք դա ցանկանում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ցանկանում ենք հարցը լուծել խաղաղ, քաղաքական ճանապարհով: Այսօր էլ հայտարարում ենք, որ հակված ենք բանակցային գործընթացի շարունակմանը, և հույս ունենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խնդրի հանգուցալուծմանը»:
14:30

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ հոսպիտալում վիրավորների ու հիվանդների մասին կարելի է տեղեկություններ ստանալ այսօր` ժամը 17:00-ին:

13:10

ԵԱՀԿ «եռյակը» ապրիլի 12-ին Բեռլինում կքննարկի ԼՂ հարցը

ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ապրիլի 12-ին Բեռլինում կընդունի ԵԱՀԿ իր գործընկերներ` Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչին և Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրությունը:

«Եռյակում» ներառված են ԵԱՀԿ նախագահող երկիրը, ինչպես նաև նախորդ և հաջորդ տարիների նախագահողները: Ներկայում ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան, անցյալ տարի նախագահում էր Սերբիան, իսկ 2017թ. կնախագահի Ավստրիան: Բեռլինի հանդիպմանը ներկա է լինելու նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

«Բանակցությունների կենտրոնում կլինեն ԵԱՀԿ նախագահի ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև Ուկրաինայում»,- ասված է հաղորդագրության մեջ:

12:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել է. «Վերջին բազմաթիվ զոհերից հետո հակամարտությունը դադարեցնելու և բանակցված լուծման ուղղությամբ աշխատելու ժամանակն է: ԼՂ խաղաղության ժամանակն է: Համաձա՞յն չեք»:

11:10

ՀՀ ՊՆ-ն հաղորդում է.

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է, և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

10:20

ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է.

Ապրիլի 8-ի  լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60-միլիմետրոնց ականանետերի (7 արկ) կիրառմամբ, խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

10:00

ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է, որ ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:

Որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:

Ապրիլի 8

Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Լավրովի հետ

Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները շարունակել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նրա խոսքով` հրատապ գործնական քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար:

Համաձայն ՀՀ ԱԳՆ հաղորդագրության` Սերգեյ Լավրովը նշել է, որ իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է ներդրել կրակի դադարեցման ուղղությամբ։ Նա անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը, կարևորել է ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը և նման իրավիճակների կրկնության բացառումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման համար համապատասխան պայմանների ստեղծումը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։

Լավրովը Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։

Սեյրան Օհանյանը ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և Պիեռ Անդյոյին (Ֆրանսիա): Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպումը նվիրված է եղել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և հնարավոր զարգացումների քննարկմանը:

«Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին և ձևավորված իրավիճակին: Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հերոսական և հմուտ գործողություններն ապահովել են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը և հակառակորդի հետագա գործողությունների կանխումը: Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նալբանդյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ` Նալբանդյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված հանդիպումների ժամանակացույցի շուրջ։

***

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած՝ ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծի ամբողջ երկայնքով Ադրբեջանը ձեռնարկեց 1994-ի զինադադարից ի վեր ամենամեծ հարձակումը՝ զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու կիրառմամբ:

Ապրիլի 5-ի կեսօրին հաղորդվեց, որ երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու:

ՍիվիլՆեթը շարունակում է հետևել ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում և դրա շուրջ զարգացումներին:

Իրադարձությունների ժամանակգրությունը՝ ապրիլի 2ապրիլի 3ապրիլի 4, ապրիլի 5, ապրիլի 7, ապրիլի 8: