9 ապրիլ, 2016 21:02

Ականների եվ հակա-ների միջակայքում կամ եթե-ների մեջ չմոլորվող սերունդը

mother armenia«Գալիս է այն, ինչը չի կարող գալ և, այնուամենայնիվ, գալիս է», Գեորգ Կայզեր (1878-1945)
Նորություն չէ, թե որքան կաևոր է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ՝ իբրև դիվանագիտական և ռազմավարական (և ոչ միայն) համակառուցվածքային բնութագրիչի դերը: Այդուամենայնիվ՝ հենց այս համապատկերում է, որ հնարավոր է ավելի շոշափելի, ավելի տեսանելի դարձնել ՀԱՅՐԵՆԻՔ-ի՝ իբրև քաղաքացիական միասնականության հասկացությունը: Հայրենիք, որտեղ, փոխառելով Անդրե Բրետոնի խոսքերը,  խիստ հազվադեպորեն «հակադրությունները դադարում են հակադրվել»:  Ոչ ոք չի կասկածում, որ Հայրենիքը ստեղծագործություն է. այն ստեղծվում է ոչ թե մեկ սերնդի կողմից, ոչ թե մեկընդմիշտ, այլ յուրաքանչյուր սերունդ նորովի է այն ստեղծում, կրկին է հայտնագործում: Եվ եթե մինչ վերջերս՝ մինչ հայ-ադրբեջանական քառօրյա մարտերը, Հայրենիքը ներկայացվում էր իբրև իրականության մեջ բացակա մի փաստ, «չիրականացված ներկա», ապա այժմ այն արդեն համագոյում է թե՛ արտաժամանակային-ժամանակային, թե՛ արտատարածական-տարածական հարթություններում: Հենց ծայրահեղ իրավիճակներում ստեղծված և բացահայտված Հայրենիքն է, որ դառնում է նաև Ներկա՝ համադրվելով Իրականությանը: Հայրենիքը մարդացած աշխարհի պատկերն է ու իրականությունը: Հայրենիքի մեջ է, որ ավելի ակնհայտ է դառնում, թե մեզանից յուրաքանչյուրը որտեղ է գտնվում՝ կենտրոններո՞ւմ, թե՞ ծայրամասերում:

Իսկ Հայրենիքի շարունակականության մեջ գոյություն ունեցող այս երկու բևեռացումների տարանջատումը կարևոր է, քանի որ լինել Հայրենիքի կենտրոնում, նշանակում է գոյություն ունեցող քաղաքական-դիվանագիտական տրամասույթը փոխարինել միանգամայն նոր մի բանով: Մի բան, որով և՛ նախաձեռնությունների մեր ձգտումները, և՛ ուղեկցող հասարակական-քաղաքական, պետական-միջպետական, մշակութային և այլ հարաբերությունները կապահովեն մեծ թե փոքր խաղերում մեր ներգրավվածության համար մասնակցության ամենահարմար համատեքստը: Այն դեպքում, երբ Ծայրամասերում է, որ կորցնում ենք ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ զգացողությունը: Ծայրամասերում գտնվելու դեպքում է, որ գերակայություն է վերցնում ամենայն ինչի ՀԱԿԱ-ն:

Թե՛ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, թե՛ ՀԱԿԱԱՄԵՐԻԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և թե՛ ցանկացած ՀԱԿԱ-… իրական խնդիրներից շեղում է, խուսանավում է և սեփական մեղքերն ուրիշներին վերագրելու վախկոտության դրսևորում է։ Եվ ուստի՝ չի կարելի պետական շահերը սահմանափակել հավատարմություններով: Հավատարմության սահմանը պետական շահն է. որտեղ ավարտվում է պետական շահը, ավարտվում է և հավատարմությունը: Քաղաքականությունն իրականանում է ոչ թե «այս կամ այն պետությանը հավատարիմ լինելու», այլ «շահային իրավիճակի» շրջանակում: «Շահային իրավիճակն» է եղել և մնում պետական հարաբերությունների դասակարգման, աստիճանակարգման ցուցիչը:  Եվ ուստի հարկ է խորքային վերարժևորման ենթարկել մեր քաղաքական-դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անգամ մշակութային հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Միայն այդ դեպքում է, որ հնարավոր կլինի թույլ չտալ, որ քեզանով հետաքրքված տերությունները քեզ հետ վարվեն այնպես, ինչպես կատուն մկների, քանի որ Հայկական ավանդական հավատարմությունը նույն ավանդական ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: Մի՞թե դեռ կարելի է երկմտել, որ Հավատարմությունը քաղաքական կատեգորիա չէ: Ավելին՝ Հավատարմությունը դիվանագիտական անողնաշարությունն է: Հակառակ դեպքում որտեղի՞ց այդ «տարօրինակ իրավիճակը» սահմաններին, երբ հայկական հաղթական բանակը պետք է անցներ հակագրոհի, հանկարծ կանգ է առնում: Այսպիսի կանգառումների պատճառի արդյունք է այսօրվա իրականությունը: Մի՞թե պետք է կրկնվի 1994 թվականի սցենարը…

Եվ ուստի, ինչպիսի՞ քաղաքականություն պետք է իրականացնեն մեր իշխանությունները. եթե հակառուսական կամ ուղղակի ռուսամետ՝ քաղաքականություն չէ, եթե հակաամերիկական կամ ամերիկամետ՝ քաղաքականություն չէ, եթե հակաֆրանսիական կամ ֆրանսամետ՝ քաղաքականություն չէ... Եվ բազում այսպիսի ԵԹԵ-ների դեպքում քաղաքականություն չէ: Իրական քաղաքականությունը բոլոր թվարկյալ և թվարկվելիք ԵԹԵ-ների համատեքստում ՀԱՄԱՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է:

Խորհրդային և անգամ հետխորհրդային դպրոցներում ու համալսարաններում կային մարդիկ (գուցե դեռ կան), որ մեզ սովորեցնում էին, թե «Պատմությունը ԵԹԵ-ներ չի սիրում»: Սա ոչ այլ ինչ էր, քան հրաժավելը հավանական սցենարներից և հավատարմագրումը գոյություն ունեցող ինչ-որ գերակա մի ուղղության: Ընդ որում՝ չկարևորելով անգամ այդ գերակայության և քո շահերի համապատասխանության հիմնախնդիրը: Բայց այսօր  ԵԹԵ-ներ չսիրող սերնդին եկել է փոխարինելու ԵԹԵ-ներ սիրող սերունդը, որն իր ԵԹԵ-ները ներկայից ուղղում է ավելի շատ դեպի ԱՊԱԳԱ, քան թե ԱՆՑՅԱԼ: ԵԹԵ-ներով մեծացած սերունդը ոչ միայն չի մոլորվում դրանց բազմազանության մեջ, այլև ինքն է բազում ԵԹԵ-ներ առաջադրում և փորձում լուծել դրանք, քանի որ կարողանում է տարբերել ու տարբերակել իրական մարտահրավերները:

Մինչ ոմանք անցյալի ռազմական կամ քաղաքական տարեգրությունների մեջ էին փնտրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերը, առաջարկում էին իրավիճակի կրոնական կամ աշխարհիկ, իդեալիստական կամ ռացիոնալիստական տասնյակ տարբերակներ, որոնք ավելի շատ բխեցվում էին անցյալից՝ ներկայի և ապագայի անտեսմամբ, հայ Զինվորն իր ոգու կենսունակությունից բխեցրեց նոր իրականությունը: Եվ ադրբեջանա-հայկական կարճատև պատերազմում հաղթանակ տոնեց ԵԹԵ-ներ սիրող սերունդը: Արտաքին սահմաններում ԵԹԵ-ներով առաջնորդվող սերունդը՝ ի դեմս զինվորականության, ամրագրեց իր ձեռքբերումները՝ հաստատագրելով, որ հայ ազգի անկախության, ազատության և անվտանգության երաշխիքը Հայոց բանակն է: Շնորհիվ որի՝ խախուտ նախադրյալներից դուրս եկանք հնարավորությունների տարածություն:

Այո՛, Հայոց բանակն է Հայ ազգի անկախության, ազատության և անվտանգության երաշխքը, բայց այդ երաշխիքը չի կարելի և չպետք է թողնվի միայն ու միայն Հայոց բանակի, Հայ Զինվորի ուսերին: Հույժ կարևոր է, որ Պետական բոլոր կառույցներն էլ կիսեն այդ պատասխանատվությունը, բոլոր կառույցներից էլ պետք է պահանջել պատասխանատվության իրենց բաժնի հաշվետվությունը: Ավելի կոնկրետ՝ յուրաքանչյուրս էլ՝ լինի անհատական, թե կոլեկտիվ (կառուցվածքային, հաստատութենական և այլն) մակարդակում, մեր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ  ունենք կատարվածների և կատարվելիքների հարցում: Միասնության դրսևորման համատեքստում էլ ավելի ակնհայտ են դարձել մեր ազգային, պետական պակասություններն ու ճաքերը, երբ հանկարծ բացահատում ենք, որ ամենաարդիական զենքեր գրեթե չունենք, երբ հանկարծ բացահայտում ենք, որ ամենաարդիական քաղաքական տեխնոլոգիաներին գրեթե չենք տիրապետում...

Ցավոք, Հայոց բանակի տարած հաղթանակն ու պետության դիվանագիտական քաղաքականությունը դրսևորվեցին իբրև ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱԴՐՎՈՂ ՏԵՔՍՏԵՐ, և դրանք մեկ միասնական պատյանի մեջ ներկայացվող հռետորաբանությունը պարզապես անհեթեթություն է: Այնինչ ամենաարդիական քաղաքական տեխնոլոգիաներին տիրապետելու դեպքում վաղուց արդեն այդ հակատեքստերը պետք է դրսևորվեին իբրև ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐ՝ փոխլրացական հեռանկարում:

Ճգնաժամը դեռ չի ավարտվել: Քառօրյա մարտերն ընդամենն ուրվագծված, բայց դեռ չդրսևորված Ամբողջի դրվագներից մեկն են: Հաջորդը, թերևս, կլինի լուրջ ձեռքբերումների արձանագրումն արդեն ներքին սահման(ներ)ում, քանի որ «Ամեն ինչ չէ, որ մատնվել է կորստյան, բայց ամեն ինչ ապրել է կործանման զգացումը» (Պոլ Վալերի): Թե չէ տպավորությունն այն է, որ մեր քաղաքականությունն «ապրում է նրանով, ինչ ասում է»: Ո՛չ թե արտացոլել տեսանելին, այլ տեսանելի՛ դարձնել անտեսանելին:

Եվ կլինի մի օր, որ Հայրենիք կդառնա կառավարությունը, պետությունը: Հայրենիքն, ի վերջո, կարող է լինել հենց իշխանությունը: «Արյան լոգանքից» հետո մեզ մնում է հավատա՞լ մեր կառավարության (դիվանագիտության) ինքնամաքրմանը:

Սմբատ Հովհաննիսյան

պատմական գիտությունների թեկնածու