13 ապրիլ, 2016 11:14

Կողմերը պետք է պատրաստ լինեն խելամիտ փոխզիջման. Մոգերինի

Mogherini PlenaryԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտում է ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը. ապրիլի 12-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին հայտարարել է Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Վերջինս շեշտել է, որ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

ԵՄ հանձնակատարը տեղեկացրել է, որ անցյալ ամիս Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերի ընթացքում ԼՂ հիմնախնդիրը քննարկումների առանցքում էր:

«Մենք պնդում ենք, որ խստորեն պահպանվի հրադադարն ու շարունակվեն բանակցությունները»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը՝ կոչ անելով դադարեցնել քաղաքացիական բնակչության թիրախավորումը:

Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող համաձայնվել ստատուս-քվոյի հետ և նշել, որ Միության քաղաքական նպատակը պետք է լինի այն, որ կողմերը վերսկսեն բանակցությունները և հասնեն հակամարտության համապարփակ լուծման:

Մոգերինին շեշտել է, որ ԵՄ-ն հանդես է գալիս Մադրիդյան սկզբունքների հիման վրա կարգավորման օգտին, որն առաջարկել են համանախագահները:

Այդուհանդերձ, ըստ ԵՄ բարձր ներկայացուցչի, հակամարտության կարգավորումը կողմերի ձեռքում է:

«Կողմերը պետք է պատրաստ լինեն հանուն խաղաղության գնալ խելամիտ փոխզիջման»,- հայտարարել է Մոգերինին:

«Բոլորն այժմ հասկանում են՝ ստատուս քվոն կարող է հանգեցնել է՛լ ավելի մեծ բռնության և արդեն հանգեցնում է»,- եզրափակել է Ֆեդերիկա Մոգերինին: