13 ապրիլ, 2016 10:12

Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարը, վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող

NKR-MIL2Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:

Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:

«Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:

Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող:

Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի»,- ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 12 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: