13 ապրիլ, 2016 12:36

Լարվածության թուլացումն ու քաղաքական գործընթացի ակտիվացումն առաջնահերթ են. ԵԱՀԿ «եռյակ»

76436ԵԱՀԿ «եռյակի» անդամները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում վերջ դնել բռնությանը, խստորեն հետևել հրադադարի ռեժիմին` ընդգծելով, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. այս մասին ասված է «եռյակի» համատեղ հայտարարության մեջ:

«Եռյակում» ներառված են ԵԱՀԿ նախագահող երկիրը, ինչպես նաև նախորդ և հաջորդ տարիների նախագահողները: Ներկայում ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան, անցյալ տարի նախագահում էր Սերբիան, իսկ 2017թ. կնախագահի Ավստրիան:

Ապրիլի 12-ին Բեռլինում կայացել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի և Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հանդիպումը, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումները:

«Եռյակի» անդամները համակարծիք են եղել, որ լարվածության թուլացումն ու քաղաքական գործընթացի ակտիվացումն առաջնահերթ նշանակություն ունեն:

«Նրանք ողջունել են Մինսկի խմբի ապրիլի 5-ի համատեղ հայտարարությունը և ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը խմբի համանախագահների ջանքերին: Նրանք կշարունակեն հետևել իրադարձությունների զարգացմանը և նպաստել քաղաքական գործընթացին»,- ասված է «Եռյակի» հայտարարության մեջ:

***

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած՝ ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծի ամբողջ երկայնքով Ադրբեջանը ձեռնարկեց 1994-ի զինադադարից ի վեր ամենամեծ հարձակումը՝ զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու կիրառմամբ:

Ապրիլի 5-ի կեսօրին հաղորդվեց, որ երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու:

Կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը ներկայում որոշ խախտումներով հիմնականում պահպանվում է:

Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ իրադարձությունների ժամանակգրությունը՝ ապրիլի 2ապրիլի 3ապրիլի 4ապրիլի 5ապրիլի 7ապրիլի 8, ապրիլի 9-10,ապրիլի 11, ապրիլի 12: