14 ապրիլ, 2016 18:47

Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Levon-HayrapetyanՄոսկվայի Զամոսկվորեցկու դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին` նրան մեղավոր ճանաչելով ցմահ դատապարտյալ, Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից $700 հազ. յուրացնելու մեջ, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ավելի վաղ դատախազը պահանջել էր գործարարին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Բացի այդ` դատախազը պահանջել էր Հայրապետյանից հօգուտ Իզմեստևի և նրա մոր գանձել 20,8 մլն ռուբլի` որպես վնասի փոխհատուցում:

Գործի քննության ժամանակ Հայրապետյանն իր մեղքը չէր ընդունել:

Գործարարի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել վճիռը:

Ըստ հետաքննության մարմնի` 2010թ. հունիսից օգոստոս ամիսներին Լևոն Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ խաբեության և վստահության չարաշահման միջոցով մոլորեցրել է Թամարա Իզմեստևային` խոստանալով գումարի դիմաց նպաստել նրա որդու դատավճռի մեղմանը: Գործարարը, համաձայն հետաքննության մարմնի, դրա դիմաց ստացել է $700 հազ.:

***

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում`մեկ այլ` ռուսական «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացման գործի շրջանակում:

Քննչական մարմնի միջնորդությամբ` նրա նկատմամբ ի սկզբանե սահմանվել էր կալանք, սակայն ավելի ուշ խափանման նախնական միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով` պայմանավորված գործարարի վատ ինքնազգացողությամբ:

2015թ. սեպտեմբերի 16-ին ՌԴ քննչական մարմինը տնային կալանքից ազատեց Լևոն Հայրապետյանին, քանի որ լրացել էր նրան կալանքի տակ պահելու` օրենքով նախատեսված ժամկետը:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ: