15 ապրիլ, 2016 09:36

Մեր գործերը լավ չեն

taron margaryan hranush hakobyan hasmik poghosyanԱյո, ընկերներ, մեր գործերը լավ չեն: Համարեք պարտվողական, համարեք ինձ Ռամիլ Սաֆարով, մեր գործերը լավ չեն: Եվ ադրբեջանցին կամ թուրքն այստեղ կապ չունեն: Լրատվամիջոցները գրում են՝ մերոնք «Իսկանդերը» տանում են սահման: Որ ի՞նչ անեն՝ ցու՞յց տան ադրբեջանցիներին: «Իսկանդերը» սահման տանելու կարիք չկա, երեխաներ, դրանով կարելի է Ադրբեջանի վրա կրակել նույնիսկ Արմավիրի մարզի Բագարան գյուղից, որը Թուրքիայի սահմանին է:

ՊՆ-ն ցավակցում է զոհված զինծառայողի ծնողին՝ դուք մեզ տվեցիք դաստիարակված զինվոր, մենք ձեզ վերադարձրեցինք հերոս: Սա չի մեկնաբանվում, փոքրիկներ: Նախ, եթե ուզում եք մինչև վերջ անկեղծ լինենք, նրա հերոսության «հեղինակը» Ադրբեջանն է, դուք չեք: «Շնորհիվ» Ադրբեջանի դրսևորվեց Ադամը: Եվ մյուսները: Եվ ընդհանրապես, այդ տղաները ի հեճուկս ձեզ են հերոս: Այլապես, ԼՂ փոխվարչապետը դիմում չէր գրի Ռուսաստանի հայերին: Իսկ էդ դիմումը Ռուսաստանի հայերին չպետք է գրվեր: Եվ, ընդհանրապես, ի՞նչ դիմում: Դուք մաքրե՞լ եք Հայաստանի և ԼՂՀ-ի կոռումպացվածության հետ հաշիվները: Միհրան Պողոսյանն իր տեղում է ինչպես պարսկական արևի աստված: Եվ հրաժարական տալու մտադրություն անգամ չունի: Մեզ Ադրբեջանը չի պատերազմ հայտարարել, ես չեմ հասկանում թուրքի թշնամին: Ցանկացած թշնամի «վերխ» է վերցնում քո թուլությունների վրա: Իմ թուլությունն այստեղից գնացածը չէ: Մարմնի թուլությունը մեռած բջիջը չէ, այլ՝ քաղցկեղի խիստ կենսունակ բջիջը: Գնացեք և ձեր քաղցկեղով զբաղվեք, հանգիստ թողեք Սփյուռքին:

Այստեղ, Երևանի կենտրոնում ձվեր են շպրտում Ռուսաստանի դեսպանատան վրա: Որպեսզի զենք չվաճառե՞ն Ադրբեջանին: Էլի են վաճառելու: Որովհետև զենքը ազգի կամ պետության արժանապատվության սանդղակով չեն վաճառում: Զենքը վաճառում են իրենց պետության բյուջեն լցնելու կամ իրենց գեներալների հարստության համար: Զենքը մարդասիրության թեմա չէ, փոքրիկներ: Եթե զենքը կա, ուրեմն կրակելու համար է: Մի Պերմյակով չկարողացաք բերել հայկական տարածք, ձվե՞րն են ձեր զենքերը: Սերժ Սարգսյանի ականջից բռնած տարան ԵՏՄ, ինչու՞ պիտի զենք չվաճառեն ադրբեջանցիներին: Ե՞րբ է իշխանությունը անկեղծ եղել ձեզ հետ, որ դուք ռուսների վրա եք հոխորտում: Մի խումբ հայեր պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Այստեղ արդեն՝ այ քեզ բան: Աշխարհում որևէ այլ արտգործնախարար գիտե՞ք, որ իր շեֆից անկա՞խ է գործում: Այսինքն, Սերժ Սարգսյանը նրանից պահանջում էր դրսևորում, իսկ Նալբանդյանը պախկվու՞մ էր: Պատերազմի երրորդ օրը Հայաստանում խոսում էին 90 զոհի մասին: ՊՆ-ն ջերմեռանդորեն հերքում էր: Այսօր արդեն պաշտոնապես խոսում է 92 զոհի մասին: Տղերք, ոչ մի ակնթարթ ազնիվ չեղան մեզ հետ: Որովհետև այս պատերազմում Հայաստանը և Ղարաբաղն ի հեճուկս իրենց իշխանությունների են կռվել: Եվ սա է հերոսությունը: Այո, այդ տղաները, զոհերը հերոսներ են: Նրանք կռվեցին ի հեճուկս ամեն ինչի: Նրանք չզոհվեցին, որպեսզի փաստեն, որ ներքին ճակատ չկա: Ուղղակի նրանք ներքին ճակատի զինվորներ չէին:

Ներքին ճակատն ի՞նչ է՝ պետության հիվանդությունը: Դիցուք, ամեն օր Ադրբեջանի և ռուսների վրա հոխորտացող ասուլիստները ներքին ճակատի վարակն են: Ոչ մի Իսկանդեր այս մարդկանց հախից չի գա: Այս պատերազմում ինձ ամենաշատը զարմացրել է հենց դա՝ հայ 18-ամյա զինվորին որտեղի՞ց կռվելու կամքը (հարցը հուշում է, չէ՞, որ, դիցուք, ինձ մոտ այդ կամքը չկա): Ցույց տվեք որևէ զոհի, որն աղքատ ընտանիքից չէ: Սա թեմա չէ՞: Քրքրեք այդ 92 զոհի սոցիալական դրությունը: Եվ փորձեք հասկանալ՝ ի՞նչն էին պաշտպանում այդ մարդիկ: Հանուն ինչի՞ կամ ու՞մ էին զոհվում՝ հանուն ծնողների կամ երեխաների՞: Դա ճիշտ է: Բայց խորացեք մինչև վերջ: Նրանք պաշտպանում էին նաև Սուրիկ Խաչատրյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ֆարմանյանի, Հովիկ Աբրահամյանի և մեր մյուս ձայնի իրավունք ունեցողների անվտանգությունը: Նաև՝ այն հիվանդ ազատամարտիկի, որի մոր անձնագիրը հոսպիտալը գրավ է վերցրել, մինչև բուժման փողը կհասցնեն: Բոլոր այս մարդիկ շարունակելու են ապրել: Ազատամարտիկն էլի է հիվանդանալու, ավելի ճիշտ վերքն այնպիսին է, որ բարդություններն անխուսափելի են: Հիշյալ ՀՀԿ-ականները արդեն հասցրել են լուսանկարվել կամուֆլյաժներով: Որպեսզի թեժացնեն իրենց խոստումնալիությունը: Ավելին, որպեսզի հնարավորինս քիչ հիշենք, թե հանուն ինչի՞ զոհվեց 92 հոգի: Վաղը հիշյալ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեզ կհասկացնեն, որ զոհվել են, որպեսզի իրենք այսուհետ նույնպես ՀՀԿ իշխանությանն սպառնացողներին իրենց տեղը դնեն:

Եվ ոչ ոք չի կարողանա սրանց բացատրել, որ պատերազմում ընկնում են մենակ՝ քաղաքականությունից անկախ: Ոչ ոք, աշխարհում ոչ ոք չի կարողանա զինվորի մորը կես բերան հասկացնել, որ կար հրաման 80-ականների փամփուշտների վերջանալուց հետո կռվել 2015-ի բահով: Որովհետև էդ բահը կոնսոլիդացիայի ընկալման գործիք չէ, երեխաներ, այլ՝ հողի հետ սիրախաղ անող «ձեռք»: Պատերազմը, այո, մենակ չի գալիս: Ինքը միշտ գալիս է դավաճանության հետ: Եվ կոնսոլիդացիա ասվածը պատերազմի «հմայքը» չէ: Կոնսոլիդացիան այն է, երբ զինվորը զինվոր է, ուսուցիչը՝ ուսուցիչ, իսկ գյուղացին՝ գյուղացի: Կոնսոլիդացիան պատերազմի ժամանակ պետք է ազգից բռնվելու տեղ ունենա, որպեսզի պատերազմից հետո ընդդիմություն լինելը հակազգային չհամարվի: Իսկ հիմա, երեխաներ, արկերը դեռ պայթում են, իսկ զինվորին 80-ականների զենք մատակարարող և մահվան դեմ հանդիման առանց փամփուշտի թողած իշխանությունն արդեն ուզում է սեփականացնել հաղթանակը: Եվ դեռ ավելի է սեփականացնելու: Առջևում խորհրդարանի ընտրություններ են, չէ՞:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: