16 ապրիլ, 2016 17:48

Իմ նպատակը ընդդիմադիր ուժերի հետ հակադրության մեջ մտնելը չէ. Վարդան Օսկանյան

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ արձագանքելով իր դեմ ուղղված հրապարակումներին:

«Հայ ազգային կոնգրեսն ակնհայտորեն հարձակում է սկսել իմ դեմ։ Ենթադրում եմ՝ այն բանի համար, որ հակադարձել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին հարցազրույցում տեղ գտած քննադատություններին, որոնք փաստացի վերաբերում էին իմ պաշտոնավարման շրջանում Հայաստանի քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղի հարցում և Թուրքիայի հետ հարաբերություններում»,- գրել է Օսկանյանը:

vartan oskanian (1)ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապրիլի 9-ին իր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո, ապրիլի 11-ին հարցազրույց էր տվել՝ իր հանդիպումը Սարգսյանի հետ բացատրելով, որ «արտաքին վտանգի դեպքերում ներքին հակասությունները մի կողմ են դրվում»: Տեր-Պետրոսյանը քննադատության էր ենթարկել 1998-2008թթ. արտաքին քաղաքականությունը, որին Օսկանյանը պատասխանել էր ֆեյսբուքյան գրառմամբ: Տեր-Պետրոսյանին սատարող լրատվամիջոցները Օսկանյանի գրառումից հետո վիրավորանքներ պարունակող հոդվածներ են հրապարակել նրա դեմ:

Իր այսօրվա ֆեյսբուքյան հրապարակման մեջ Օսկանյանը, անդրադառնալով իրեն ուղղված քննադատությանը, գրել է.

«Ասեմ, որ այդ ժամանակահատվածում [1998-2008 թթ.] ես եղել եմ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գաղափարախոսը, մեր որդեգրած մոտեցումների ու ծրագրերի համահեղինակը և քաղաքականության իրականացնողը։ Այդ բոլորի և ձեռք բերված արդյունքների համար ես հպարտ եմ և պատրաստ եմ պատասխանելու այն քննադատություններին, որոնք կբխեն արտաքին քաղաքական մոտեցումների և ընկալումների տարբերությունից, ինչը և արել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի դեպքում:

Ես արհամարհելու եմ ակնհայտորեն ուղղորդված և անձնական վիրավորանք պարունակող հրապարակումները: Իմ համախոհներին էլ խորհուրդ եմ տալիս անել նույնը: Կուսակցություն ստեղծելու և քաղաքական պայքարը շարունակելու իմ նպատակը ընդդիմադիր ուժերի հետ հակադրության մեջ մտնելը չէ։ Իմ միակ խնդիրը արդար ընտրությունների միջոցով երկրում արմատական փոփոխությունների հասնելն է»։