20 ապրիլ, 2016 10:06

Հրադադարի խախտման 9 միջադեպ` հայ-ադրբեջանական սահմանին

army-soldier-61Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60-միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ: