20 ապրիլ, 2016 11:04

Մոսկվան գերկարևոր նշանակություն է տալիս ԼՂ հարցի լուծմանը. «Կոմերսանտի» անդրադարձը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, օգոստոս 10, 2014թ.: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, օգոստոս 10, 2014թ.:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ուղղված դիմումի մասին, որով առաջարկել է վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ բանակցությունները, որոնք, ըստ տեղեկության, պետք է սկսվեն առաջիկա օրերին, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Կրեմլում թերթի աղբյուրը ակնարկել է, որ Մոսկվան «գերկարևոր նշանակություն է տալիս հիմնախնդրի կարգավորմանը»:

«Համոզելով Երևանին և Բաքվին դադարեցնել ռազմական գործողությունների ակտիվ փուլը՝ Պուտինը մտադիր է վերակենդանացնել խաղաղ գործընթացը՝ հետխորհրդային տարածքում ամենահին հակամարտություններից մեկի երկարաժամկետ կարգավորման նպատակով: Երկխոսության վերսկսման դեպքում ղարաբաղյան հարցի կարգավորման նախաձեռնությունը արևմտյան միջնորդներից անցնում է Մոսկվային»,- գրում է պարբերականը:

Այն մասին, որ Երևանն ու Բաքուն մտադիր են վերսկսել խաղաղ բանակցությունները, հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:

«Նախաձեռնությունը գալիս է Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, և այժմ բանակցային գործընթաց է նախապատրաստվում: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի ինտենսիվ բանակցությունների փուլ»,- ասել էր ադրբեջանցի պաշտոնյան:

Կրեմլում «Կոմերսանտի» բարձրաստիճան աղբյուրը երեկ հաստատել է՝ Մոսկվան գերկարևոր նշանակություն է տալիս հակամարտության կարգավորմանը:

«Մենք գործարկել ենք անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները, որպեսզի կողմերը ամենակարճ ժամկետում նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է թերթի զրուցակիցը:

Ինչպես նշում են հոդվածագիրները, Լեռնային Ղարաբաղում նոր բանակցությունների գաղափարը զգուշավորությամբ է ընդունվել և մեջբերում են ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին. «Եթե նույնիսկ նման բանակցություններ կայանան, հիմնական շեշտադրումները պետք է արվեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»:

Այնուհետև պարբերականը, նշելով, որ ԼՂՀ-ն շարունակում է դուրս մնալ բանակցային գործընթացից, մեջբերում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին. «Եթե քննարկել հետագա կարգավորումը, ապա Կազանի պայմանավորվածությունների հիման վրա»:

Երեքշաբթի Հայաստանի կառավարության բարձրաստիճան աղբյուրը «Կոմերսանտին» հավաստիացրել է՝ հայկական կողմը պատրաստ է վերադառնալ պայմանավորվածությունների քննարկմանը, որոնք ավելի վաղ կայացվել էին Մոսկվայի միջնորդությամբ: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հայկական կողմը Ղարաբաղի շուրջ շրջանները գրավել էր՝ «հետագայում դրանք ֆիզիկական անվտանգության երաշխիքով վերադարձնելու նպատակով՝ ԼՂՀ անկախության ճանաչման դիմաց»:

Մինչդեռ առկա պայմաններում, ըստ «Կոմերսանտի» տեղեկատուի, «Ղարաբաղի բնակչությունը շարունակելու է սպանվել այնտեղից»:

«Մենք երբեք չենք հրաժարվի գլխավոր պահանջից՝ Ղարաբաղի անկախության ճանաչումից»,- շեշտել է «Կոմերսանտի» զրուցակիցը:

Թերթը ուշադրություն է գրավում այն փաստին, որ Մոսկվայի համար հարցի կարևորության ևս մեկ ապացույց է անդրադարձը ԼՂ հարցին Պուտինի ավանդական Ուղիղ գծի ժամանակ:

***

Օրերս ռուսական «Իզվեստիա» թերթը նույնպես անդրադարձել էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին և տեղեկացրել, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն աջակցելու են փոխզիջման հասնելուն Լեռնային Ղարաբաղի բանակցություններում:

Ստելլա Մեհրաբեկյան