21 ապրիլ, 2016 10:18

Արցախում հակառակորդի կրակից զինվոր է զոհվել

soldier-killedԱպրիլի 21-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության` հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

ԼՂՀ ՊՆ-ից նաև հաղորդում են, որ ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60-միլիմետրանոց ականանետ (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: