22 ապրիլ, 2016 13:34

Խստորեն պահպանել 1994 և 1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերը. Լավրով

Lavrov YerevanԼՂ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքա-դիվանագիտական միջոցներով:

«Մենք հասկանում ենք՝ ԼՂ կարգավորման ինչ ժամանակահատված է ներկայում: Այժմ սկզբունքային է խստորեն պահպանել 1994 և 1995 թվականների զինադադարի մասին համաձայնագրերը, որոնցում ամրագրված է կրակի դադարեցման անժամկետ ռեժիմը, և թույլ չտալ դրանց նոր խախտումներ»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը կարևորեց ԵԱՀԿ-ի շրջանակում վստահության միջոցների, լարվածության թուլացման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունները:

Պատասխանելով հարցին, թե ԼՂ-ում իրադրության վերաբերյալ թուրք պաշտոնյաների հայտարարությունները ինչ ազդեցություն ունեն կարգավորման վրա, Լավրովն ասաց, որ Թուրքիայի ղեկավարության նման հայտարարություններն «անընդունելի են»:

«Դրանք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության կոչեր են, որոնք արմատապես հակասում են միջազգային համայնքի և ՄԽ համանախագահների դիրքորոշումներին»,- նշեց Լավրովը:

Մեկնաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը մերժել են Կազանի փաստաթուղթը՝ Լավրովը հակիրճ պատասխանեց. «Որպես այդ իրադարձությունների անմիջական մասնակից՝ կարող եմ ասել, որ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»: