22 ապրիլ, 2016 15:33

Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի պատգամավորի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Screenshot 2016-04-22 14.34.35Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը ապրիլի 22-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:

Ինչպես հաղորդում են Օսկանյանի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական վերջին գործողությունները, դրանց պատճառներն ու հնարավոր հետևանքները հետագա բանակցային գործընթացի վրա:

Զրուցակցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական Միություն նոր փաստաթղթի շուրջ ընթացող բանակցություններին՝ ընգծելով այն հնարավորությունները, որոնք քաղաքական կամքի դրսևորման դեպքում լուրջ խթան կարող են հանդիսանալ Հայաստան-ԵՄ խորքային հարաբերությունների համար:

Այս համատեքստում քննարկվել է նաև Հայաստանում ներկա քաղաքական իրավիճակը, Ընտրական օրենսգրքի նախագիծը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հնարավոր մասնակցությունը 2017թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: