26 ապրիլ, 2016 16:33

Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Haaretz

Israel Genocide HaaretzԻսրայելն ու Թուրքիան վերջին շրջանում ինտենսիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, որոնք լրջորեն խաթարվել էին հինգ տարի առաջ՝ 2010թ. «Մավի Մարմարա»-ի միջադեպի հետևանքով: Բրուքլինի քոլեջի պրոֆեսոր Լուիս Ֆիշմանը իսրայելական Haaretz պարբերականում լույս տեսած իր սյունակում գրում է, որ այժմ, երբ Իսրայելն ու Թուրքիան աշխատում են դիվանագիտական կապերի վերականգնման շուրջ, Թել Ավիվը պետք է հստակ հայտարարի, որ Անկարայի հետ իր հարաբերությունները չեն կարող գերի մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի անդրդվելի դիրքորոշմանը: Ֆիշմանի պնդմամբ՝ Իսրայելը պե՛տք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ունենալով Հոլոքոստի ժառանգություն: Լուիս Ֆիշմանի՝ «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու «Նաքբան»» սյունակը թարգմանաբար, որոշ կրճատումներով ներկայացված է ստորև:

Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու «Նաքբան»

«Թուրքիան պետք է գիտակցի, որ Իսրայելի դիսկուրսը միայն հեռակա է առնչվում Անկարայի հետ կապերին, սակայն հատուկ տեղ է զբաղեցնում շատ ավելի լայն՝ Հոլոքոստի վերաբերյալ բանավեճում:  

Եվս մեկ անգամ ապրիլի 24-ը՝ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատկման պաշտոնական օրը, անցավ առանց Իսրայելի կողմից պաշտոնական ճանաչման: Հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի ժառանգություն ունեցող երկրի կողմից օսմանյան հայերի պարբերական սպանդի ճանաչումը ոչ միայն կլիներ պատմականորեն արդար որոշում, այլև կարևոր քայլ ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը խթանելու տեսանկյունից՝ առանձնահատուկ իմաստ հաղորդելով «այլևս երբե՛ք» կարևոր կարգախոսին:

Ավելին, դա կարող է օգնել հասկանալ, թե ինչպես է թուրքական ժխտողականությունը միայն հետ պահել երկիրն առաջընթացից՝ ցույց տալով Իսրայելին սեփական անարդարությունների հերքմանը վերջ դնելու անհրաժեշտությունը:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու Իսրայելի որոշումն ուղղակիորեն կապված է Թուրքիայի հետ կապերը պահպանելու նրա փորձերի հետ՝ լավ և վատ օրերին: Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերելքի շրջանում՝ 1990-ականներին, Իսրայելն այս քաղաքականությունը վարում էր՝ չվտանգելու իր սերտ կապերը թուրքական պետությոն հետ, էլ չասած՝ ռազմական համաձայնագրերը: Ամոթալի է, որ ԱՄՆ-ում հրեական լոբբին ներգրավվել է հայկական ողբերգության ճանաչումը արգելակելու գործում»,- գրում է Haaretz-ի սյունակագիրը:

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ չնայած տասնամյակներ շարունակ Թուրքիայի հետ լարված հարաբերություններին, որոնք իրենց կիզակետին հասան 2010թ. Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով, Իսրայելը մինչև այսօր չի ճանաչել ցեղասպանությունը:

«Որքան էլ հեգնական է, նոր պատճառն այն էր, որ Իսրայելի քաղաքականություն մշակողների համոզմամբ՝ դա կարող էր հանգեցնել հարաբերությունների կատարյալ խզմանը»,- նկատում է հեղինակը և նշում, որ 2014թ. ամռանը, այդուհանդերձ, այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման երկարամյա կողմնակից Ռեուվեն Ռիվլինը դարձավ Իսրայելի նախագահ, թվում էր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում Իսրայելը վերջապես կճանաչի այն:

«Դա կրկին ձախողվեց արտաքին գործերի նախարարության ճնշման պատճառով, և չնայած դրան՝ Ռիվլինը բավական մոտեցավ պաշտոնական ճանաչմանը»,- գրում է հոդվածագիրը՝ նկատի ունենալով 2015թ. հունվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի նախագահի ելույթը:

Ֆիշմանը կարծում է, որ Ռիվլինի խոսքերը փաստեցին, որ իսրայելական հանրության մեջ քչերն են կասկածում՝ դա ցեղասպանություն էր. այն հայտնի է եբրայերենում որպես «Հայկական հոլոքոստ» (Hashoah Ha’armenit):

«Այժմ, երբ Իսրայելն ու Թուրքիան արել են բազմաթիվ հայտարարություններ, թե մոտ են դիվանագիտական լիարժեք հարաբերությունների վերականգնմանը, Իսրայելը պետք է հստակ հայտարարի, որ իր կապերը չեն կարող գերի լինել այս հարցում Թուրքիայի անդրդվելի դիրքորոշմանը, և որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ընկերը կամ թշնամին լինելու հարց չէ»,- գրում է Լուիս Ֆիշմանը և եզրափակում. «Ժամանակն է, որ Իսրայելը բարոյական գերազանցություն ցուցաբերի և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես և հրաժարվի Պաղեստինյան «Նաքբայի» հերքումից [«Նաքբա» օրը նշանավորում է 1948թ. Իսրայելի պետականության հռչակումից հետո տեղի ունեցած պատերազմի արդյունքում պաղեստինցի ավելի քան 700 հազար ընտանիքների վտարումը, որը պաղեստինցիներն անվանում են արաբական «Նաքբա»՝ թարգմանաբար՝ «աղետ» բառով - ՍիվիլՆեթ]»:

Երկու դեպքում էլ, կարծում է հեղինակը, դեպի հաշտեցում տանող ճանապարհը սկսվում է հանցանքների ճանաչումից, որոնք ճանապարհ են հարթել այս երկու ազգային պետությունների հիմնադրմանը: Միայն ճանաչելով դա՝ Իսրայելը ու նաև Թուրքիան կկարողանան առաջ շարժվել:

Իսրայելը պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն ունենա. Աուրոն

Իսրայել պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

2015թ. մարտի 5-ին իսրայելցի հայտնի գիտնական, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը ՍիվիլՆեթում ՝ «Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայելը և աշխարհը» թեմայով իր դասախոսության ընթացքում հայտարարեց, որ Իսրայելը պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն ունենա:

«Իսրայելը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Մենք ոչ միայն չենք ճանաչում, մենք ավելի հեռուն ենք գնում: Ես խոսել եմ իմ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հոլոքոստի օրվան նվիրված նրա ելույթից  առաջ:

ՄԱԿ-ում ելույթից առաջ նախագահն ինձ կանչեց իր գրասենյակ, կարդաց այն տեքստը, որ ցանկանում էր կարդալ Գլխավոր վեհաժողովում: Ես ասացի. «Պարոն նախագահ, դուք գիտեք իմ տեսակետը, և դուք ինձ կանչել եք մեկնաբանելու այդ տեքստը»: Նա մի հատված էր վերցրել իմ գրքից, ինչի համար ես հպարտ էի: Նախագահի տեքստը զգայացունց էր: Նա ասաց, որ իր հայրն ու մայրը եղել են Երուսաղեմում և տեսել են հայ փախստականների այդ ծանր պայմաններում: Բոլորը հասկացան, թե դա ինչ է նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ:

Նա օգտագործել էր «ջարդ» եզրը: Ես ասացի. «Պարո՛ն նախագահ, դուք գիտեք ջարդի և ցեղասպանության տարբերությունը: Ասացի, խնդրում եմ՝ օգտագործե՛ք «ցեղասպանություն» եզրը, դա կլինի պատմական ելույթ»: Ասաց՝ ոչ: Հետո ասաց. «Ես դա չեմ կարող անել: Ես մասնավոր անձ չեմ»: Սակայն երբ նա պատգամավոր էր, խորհրդարանի խոսնակն էր (2003-2006 թթ.), մի քանի անգամ կոչ է արել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց, որ չի փոխել իր կարծիքը: Ես էլ վստահ եմ, որ նա չի փոխել իր կարծիքը:

Սակայն հետո նրա ելույթում եղավ Խոջալուի մասին այդ տհաճ նախադասությունը: Ճիշտ է՝ նա Խոջալուն ցեղասպանություն չանվանեց, բայց Խոջալուի մասին խոսեց Հայոց ցեղասպանության համատեքստում: Դա սարսափելի է:

Ինչո­­՞ւ նա այդպես արեց. որովհետև արտգործնախարար Լիբերմանը նրա վրա ճնշում էր գործադրել: Բայց չէ՞ որ դու նախագահ ես, ոչ թե այդ զզվելի Լիբերմանի աշխատակիցը:

Ես քաղաքական գործիչ չեմ, և պետք է ասեմ իրականությունը՝ Իսրայելը Թուրքիայի ժխտողականության ամենամեծ աջակիցներից է, նույնիսկ՝ այժմ, երբ տեղի ունեցավ Մավի Մարմարայի դեպքը, որը փչացրեց իսրայելա-թուրքական հարաբերությունները:

Մավի Մարմարայի դեպքից հետո Իսրայելում բազմաթիվ մարդիկ, անգամ՝ նախարարներ կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- դասախոսության ժամանակ պատմել էր Աուրոնը:

Իսրայելի նախագահի ելույթը ՄԱԿ-ում

2015թ. հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ: Իր խոսքում նա անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանությանը՝ ասելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Իսրայելի նախագահի կարծիքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պայքարը ցեղասպանությունների դեմ արդյունավետ չէ, բայց չէ՞ որ այն ստեղծվել էր հենց այդ նպատակով:

Լիբերմանը՝ Ցեղասպանության ճանաչման խոչընդոտող

Ինչ վերաբերում է Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին և Ռիվլինի վրա նրա ունեցած ճնշմանը՝ այդ համատեքստում ուշագրավ է ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի հնչեցրած մեղադրանքը նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի և նրա «Իսրայել՝ մեր տուն» (ԻՄՏ) աջակողմյան կուսակցության հասցեին: Գալյոնը նախկին նախարարին անվանել էր «Ադրբեջանի կառավարության գործակալ» և մեղադրել նրան այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևից փող ստանալու մեջ՝ հակահայկական լոբբինգ իրականացնելու նպատակով:

«Երկար տարիներ ԻՄՏ կուսակցությունը նվերներ է ստանում Ադրբեջանի կառավարությունից՝ մի երկրի, որտեղ արդեն 13 տարի է՝ ազատ ընտրություններ չեն անցկացվել: Դրա դիմաց կուսակցության անդամները առաջ են տանում Ադրբեջանի շահերը Իսրայելում: Ահա ադրբեջանական վարչակարգի և Ավիգդոր Լիբերմանի ու նրա թիմակիցների սերտ կոռուպցիոն հարաբերությունների մի քանի օրինակ,- քննարկումից հետո Ֆեյսբուքում գրել էր Զեհավա Գալյոնը:- Երկու տարի առաջ «Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիան» կազմակերպել էր համաժողով Ադրբեջանի անկախության 22-ամյակի առթիվ: Գլխավոր բանախոսը արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն էր: Համաժողովը ֆինանսավորում էր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը (SOCAR), որին, Լիբերմանի առաջարկով, տրված է Իսրայելի ափերին նավթ և գազ արդյունահանելու իրավունք»: Իսրայելցի պատգամավորն իր գրառման մեջ շեշտել է նաև է «Լիբերմանի անխոնջ գործունեությունը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու ուղղությամբ»:

Ստելլա Մեհրաբեկյան