2 մայիս, 2016 13:17

Ղազախստանի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցել

Kazakhstan ProtestsՂազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը նախազգուշացրել է իր երկրում «ուկրաինական սցենարի» կրկնման մասին: Մայիսի 1-ին իր ելույթում Ղազախստանի նախագահը խոսել է ազգային եռկպառակության «վտանգավորության» մասին՝ հղում անելով Ուկրաինայում քաղաքական, սոցիալական և տնտեսական ցնցումներին:

«Նախկին ԽՍՀՄ-ի երկրորդ խոշորագույն պետություն Ուկրաինան այսօր ունի տնտեսություն, որը կազմում է Ղազախստանի տնտեսության կեսը»,- հայտարարել է Նազարբաևը: Վերջինիս գնահատմամբ՝ դա տեղի է ունենում «միասնության բացակայության» պատճառով. «մարդիկ զբաղված են սպանություններով, սկանդալներով և երկպառակությամբ»:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը, մայիսի 1-ին Կիզիլ Օրդա և Ժանաոզեն քաղաքներում կազմակերպվել են բողոքի ցույցեր, որոնք ցրվել են ոստիկանության կողմից. ցուցարաներից մի քանիսը բերման են ենթարկվել: Մայիսմեկյան ցույցերին նախորդել են բողոքի ակցիաներ Ատիրաուում, Աքթոբեում և Սեմեյում: Բողոքի պատճառը Հողային օրենսգրքի փոփոխությունն է:

Ինչպես փոխանցում է BBC-ն, տարբեր հաշվարկներով՝ ցույցերից յուրաքանչյուրին մասնակցել է 1000-2000 մարդ, ինչը հազվադեպ է լինում մի երկրում, որտեղ հետապնդում են պետական քաղաքականության հրապարակային քննադատության համար:

Վերջին անգամ, երբ Ղազախստանում անցկացվել էր նման մասշտաբի բողոքի ակցիա, ոստիկանությունը կրակ էր բացել ցուցարարների վրա: Պաշտոնական տվյալներով՝ այն ժամանակ զոհվել էր 14 մարդ: Դա 2011թ., երբ նավթագործները գործադուլ էին սկսել Ժանաոզենում:

Այս անգամ Ղազախստանի քաղաքացիները բողոքում են Հողային օրենսգրքում փոփոխությունների դեմ, որոնք նախագահն ստորագրել էր դեռ 2015թ. նոյեմբերին: Փոփոխությունները օտարերկրացիներին թույլ են տալիս 25 տարի ժամկետով գյուղատնտեսական հողատարածքներ վարձակալալել Ղազախստանում:

Ինչպես նկատում է BBC-ի թղթակիցը, բողոքի ալիքի բարձրացումը պայմանավորված է ղազախների այն մտավախությամբ, որ օրենքի փոփոխությունը ճանապարհ է հարթում չինական էքսպանսիայի համար: Աքթոբեի ցուցարարները հայտարարել են, որ տիրանալով հողին՝ չինացիներն այլևս չեն հեռանա երկրից:

Չինաստանը, որը երկար սահման ունի Ղազախստանի հետ, ակտիվ ներդրումներ է անում վերջինիս նավթագազային սեկտորում և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում: Պեկինն Աստանային հատկացրել է միլիարդավոր վարկեր, իսկ չինական ընկերությունները մշակում են Ղազախստանի խոշորագույն նավթագազային հանքավայրերը:

Բացի այդ, բազմաթիվ քաղաքացիներ չեն վստահում պետությանը և կարծում են, որ նոր փոփոխություններում կա ծուղակ. դրանցից կօգտվեն միայն իշխանությանը մոտ կանգնած շրջանակները, մինչդեռ երկրի հիմնական բնակչությունը կմնա առանց հող: