5 մայիս, 2016 15:21

Փակուղում հայտնվածը

Armenian President Serzh Sargsyan InterviewՂարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է սպասել անակնկալներ և անգամ ճակատագրական զարգացումներ, բայց ոչ երեբեք վերջնական կարգավորում: Այն, որ պատերազմի հավանականությունը մեծ է,  չի ժխտվում նույնիսկ պաշտոնական մակարդակով: Միևնույն ժամանակ, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի կերպ չի վերահսկվում, որի անհրաժեշտության մասին այդքան ինտենսիվորեն խոսում էր/է հատկապես ռուսական կողմը:

Սակայն Սերժ Սրագսյանը ապրիլյան պատերազմից հետո ամեն գնով խուսափում է նստել բանակցային սեղանի շուրջ: Պատճառը, հավանաբար, սեղանին արդեն իսկ դրված հակամարտության կարգավորման առաջարկներն են, որոնք չեն բխում Հայաստանի շահերից:

Քանր որ Սարգսյանը ներքին ու արտաքին ազդեցիկ ռեսուրս չունի բանակցային գործընթացը հայանպաստ հունի մեջ դնելու, մնում է միայն նեղացածի կեցվածքով դիմել հնարավոր բոլոր միջոցներին գործընթացը վիժեցնելու համար:

Նորություն չէ, որ քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանը կարգավորման գործընթացը ակտիվացնելու ամենաշահագրգիռ կողմն է: Եվ  հենց նա է նորացված առաջարկների հեղինակը:

Սերժ Սարգսյանին չի հաջողվում բանակցային սեղանի շուրջ հավուր պատշաճի ներկայացնել ու շարադրել հայկական կողմի շահերն ու պահանջները: Բանակցային սեղանից փախուստն այս փուլում Սերժ Սարգսյանի միակ մարտավարական քայլն է: Ու այդ քայլը հիմնավորելու համար Սերժ Սարգսյանը դիմում է տարատեսակ մանր ու միջին խորամանկությունների:

Նախ, ապրիլի 23-ին  Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարեց, թե այս փուլում՝ առանց անվտանգության երաշխքիների, խելամիտ չէ Ադրբեջանի հետ տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին վերադառնալը:

Այնուհետև, ապրիլի  28-ին՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, ՀՀԿ առաջնորդը բանակցություններին մասնակցելու երեք պայման  է առաջ քաշել՝ հետաքննության մեխանիզմների ներդրում,  հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

Սարգսյանն ասել է, որ ինքը միայն այս պահանջների բավարարման դեպքում կգնա բանակցությունների: Պայմանների բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք ուղղակի հնարավոր չէ բավարարել, և դրանք պարզապես գործիք են բանակցությունների սեղանից հնարավորինս հեռու մնալու համար:

Հավանաբար այդ միջոցները բավարար չհամարելով՝ Սերժ Սարգսյանը դիմել է ծայրահեղական քայլի՝ շրջանառության մեջ դնելով Ղարաբաղի ճանաչման մասին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը: Կառավարությունը մայիսի 5-ի նիստում  հավանություն տվեց այդ օրենքի նախագծին:

Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախաձեռնության հետ կապված բառացի հայտարարել էր.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է: Եվ Հայաստանի կառավարությունը, ըստ իրենց օրենքի, ինչպես նրանք բացատրել են բոլորին՝ հանգստացնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապ պետք չէ»:

Այս կերպ Սերժ Սարգսյանը պատասխանում է Լավրովին: Հասկանալի է, որ հավանության արժանացած նախագիծը օրենք դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն այս փոխհրաձգությունը ցույց է տալիս հարաբերությունների այն ցածր մակարդակը, որ այսօր կա Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների միջև:

Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Մոսկվայի և Երևանի միջև առաջացած անջրպետը խորանում է: Պաշտոնական Երևանը չի կարողանում լեզու գտնել ռուսական իշխանությունների հետ: Գոնե այս փուլում Սերժ Սարգսյանը Հայաստանի՝ Ռուսաստանի հետ խոսելու միջոց է ընտրել շանտաժն ու սադրանքը: Թե որքանով արդյունավետ կլինի ռազմավարական դաշնակցի հետ խոսելու ու պայմանավորվելու Սարգսյանի ընտրած մարատավարությունը, կերևա առաջիկայում՝ հավանաբար հայ-ադրբեջանական առաջնագծում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: