6 մայիս, 2016 16:01

ՊՆ-ում քննարկվել են զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցապահովման խնդիրները

10458ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Խոհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը: Օհանյանը վստահություն է հայտնել, որ առաջիկա համատեղ անելիքները ևս միտված են լինելու զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը:

ՊՆ-ում նշում են, որ խորհրդակցությանը քննարկվել են զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները, և առաջիկայում, ըստ համապատասխան ուղղությունների, իրականացվելիք սոցիալական ապահովման միջոցառումները:

«Ընդգծվել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը և համադրել բոլոր ջանքերը՝ կարճ ժամկետներում զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման համար»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: