12 մայիս, 2016 13:47

Առաջընթացը հնարավոր է միայն գործընթացին ԼՂ լիիրավ մասնակցության դեպքում. Շավարշ Քոչարյան

Sh. KocharyanՀակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում. ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի համաձայնագրի 22-ամյակը: Ի պատասխան հարցին, թե այդ կոնտեքստում ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, Քոչարյանն ասել է.

«Նախ արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքումը հնարավոր դարձավ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց ուղղակի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Սա ապացույց է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում:

Արձանագրենք նաև, որ 1994թ. զինադադարի պահպանումը հանդիսանում է կողմերի միջազգային պարտավորությունը, իսկ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը նաև այդ միջազգային պարտավորության կոպիտ ոտնահարում է և ագրեսիայի բացահայտ դրսևորում»:

Նրա խոսքով` Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորին ապացուցեց, որ անցած 22 տարիների ընթացքում «Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը` որպես քող սպառազինվելու և ռազմական ուղիով խնդիրը լուծելու համար, ինչը և հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման հիմնական պատճառն էր»:

«Միանգամայն հասկանալի են Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերն անշեղորեն պահպանել և ամրապնդել 1994թ. եռակողմ համաձայնագրով հաստատված զինադադարը՝ որպես խաղաղ բանակցային գործընթացի հիմք»,- ասել է Շավարշ Քոչարյանը: